Մեր հույսն էլի մեզ վրա պիտի դնենք, թե չէ՝ ԿԸ՜Հ… դիտո՜րդ…
Երեկ հայտնի դարձան ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր յոթ անդամների թեկնածուները: Այսպիսով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արդեն արտամրցութային կարգով առաջարկած երեք թեկնածուներն են Արտակ Մելիքսեթյանը, Արմեն Սմբատյանն ու Տաթեւիկ Օհանյանը, Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը ԿԸՀ-ի անդամի պաշտոնում առաջադրել է փաստաբան Գեորգի Մարտիրոսյանի եւ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանի թեկնածությունները, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ներկայացրել է Լաուրա Գալստյանի եւ ԿԸՀ գործող նախագահ Գարեգին Ազարյանի թեկնածությունները: Հիշեցնենք, որ ԿԸՀ անդամի թեկնածության առաջադրման հարցում ՄԻ պաշտպանը դժվարին կացության մեջ էր հայտնվել: Մրցութային կարգով նրա առաջարկած երկու թեկնածուները՝ Աիդա Մուրադյանն ու Ռոզա Ստեփանյանը, ինքնաբացարկ էին հայտնել առաջադրման համար օրենքով սահմանված վերջնաժամկետից ընդամենը ժամեր առաջ եւ դա հիմնավորել էին ՄԻ պաշտպանի «Դիֆենս» իրավաբանական ընկերությունում աշխատելու հանգամանքը ԶԼՄ-ների կողմից շահարկելու հետ: Այս առիթը ԿԸՀ գործող եւ, հավանաբար, նաեւ ապագա նախագահ Գարեգին Ազարյանը երեկ բաց չէր թողել ոչ թե ինքնաբացարկ հայտնած երիտասարդ կանանց, այլ, ըստ էության, ՄԻ պաշտպանին հեգնելու համար՝ հայտարարելով, թե պետք չէր հաղթել ԿԸՀ անդամ դառնալու մրցույթում եւ հետո վախենալ ԿԸՀ անդամ դառնալուց: Օրենքով նախատեսված կարգով, գործող ԿԸՀ-ի լիազորությունները կավարտվեն հուլիսի 14-ին, ուստի՝ մինչ այդ Հայաստանի նախագահը պետք է նշանակի ԿԸՀ նոր անդամների կազմը:
Ինչ վերաբերում է ԿԸՀ կազմին, ապա այն ստացվեց այնպիսին, ինչպիսին ակնկալում էին իշխանությունները, այսինքն՝ ԿԸՀ 7 անդամներից առնվազն 4-ը անցած ընտրություններում կեղծելու կամ կեղծիքները պարտակելու հարուստ փորձ ունեն: Այսպես, Փաստաբանների պալատի թեկնածու Սիլվա Մարկոսյանը արդեն երկար տարիներ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն է: Իր կարիերան ընտրական հանձնաժողովում նա սկսել է դեռ այն ժամանակներից, երբ ԿԸՀ-ում ներկայացված էր ԱԻՄ-ը: Սա ասում ենք՝ պատկերացնելու համար նրա աշխատանքային հարուստ փորձը: Հետո նա համալրել է մարզային, մայրաքաղաքային ընտրական հանձնաժողովները, 2007-ին պատեհ ժամանակ է ունեցել կազմակերպելու ԱԺ, 2008-ին՝ նախագահական եւ ապա ՏԻՄ, նաեւ 2009-ին Երեւանի ավագանու, իսկ վերջին անգամ՝ 2010-ին նաեւ թիվ 10 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրությունները, որի ժամանակ իր թեկնածությունն էր առաջադրել «ՀԺ» խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Թե ինչ արդյունք են ունեցել այս բոլոր ընտրությունները կոնկրետ թիվ 10-ում՝ մանրամասնելու կարիք էլ չկա։
ԿԸՀ-ում հստակորեն իշխանական մյուս թեկնածուն, որն առաջադրվել է ՄԻՊ-ի կողմից, Արմեն Սմբատյանն է, որը 2007թ. օգոստոսի 15-ին նշանակվել է նույն թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ, ընտրվել է հանձնաժողովի նախագահի, այսինքն՝ Ս. Մարկոսյանի տեղակալ, ինչը եւս խոսուն փաստ է՝ նախորդ նկարագրությունները նկատի ունենալով:
ՄԻՊ-ի առաջարկած եւս մեկ թեկնածու՝ Տաթեւ Օհանյանն էլ 2007-ից ԿԸՀ-ում է՝ ԿԸՀ գործող նախագահի գործող մամուլի քարտուղարն է: Նա, իհարկե, ընտրակեղծիքներին գործնական մասնակցություն չի ունեցել, բայց եթե անմեղության կանխավարկածը մի պահ մի կողմ դնենք, ենթադրելի է, որ ԿԸՀ-ում նա ընդամենը քվեարկող է լինելու՝ «ինչպես շեֆն ասաց» սկզբունքով: Դե, իսկ իշխանական 4 թեկնածուների այս աստղաբույլը կարելի է ամփոփել մեր հանրությանը քաջ ծանոթ, 2003-ից ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի անունը ցիտելով: Թե քանի՞ կեղծված ու նկարված արդյունքներով ընտրություններ է նա կազմակերպել՝ հաշվելը դժվար չէ: Ասել է թե՝ ԿԸՀ-ի ու ըստ այդմ՝ նաեւ իշխանությունների ռազմավարությունն ու ընտրությունների վերաբերյալ փիլիսոփայությունը չփոխվեցին, ու մաքսիմում 2012-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում արդարություն, թափանցիկություն եւ ժողովրդավարական պահանջներին համապատասխանություն ակնկալելը եթե ոչ միամտություն, ապա գոնե շատ բարդ է: