Հայ-վրացական հարաբերությունները սրվելո՞ւ են
Անկախությունից ի վեր Հայաստանի հարաբերությունները հարեւանների հետ կարգավորվելու փոխարեն՝ կարծես հակառակ տենդենցն ունեն: Եթե Ադրբեջանի եւ Թուրքիայի պարագայում հազար ու մի պատճառաբանություն կարելի է վկայակոչել, ապա Վրաստանի պարագայում առնվազն տարօրինակ է, որ ի հեճուկս պաշտոնական Թբիլիսիի եւ Երեւանի լավատեսության՝ հայ-վրացական իրական հարաբերությունները, մեղմ ասած, բազմաթիվ կնճիռներ են պարունակում: Առավել տարօրինակ է Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Վրաստան կատարած այցից հետո ստեղծված իրավիճակը. կարծես թե կրոնական հողի վրա հայ-վրացական հարաբերությունների լուրջ սրացում է սպառնում: Կաթողիկոսի այցի ընթացքում, դրանից հետո տեղի ունեցած հայտարարություններից եւ տեսաձայնագրությունների հրապարակումից բացի, Վրաստանում հակահայ տրամադրություններ են հասունանում Վրաստանի իշխանությունների՝ Հայ Առաքելական եկեղեցուն իրավական կարգավիճակ տալու որոշումից հետո: Թեեւ օրենքը վերաբերում է ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցուն, այլ նաեւ Վրաստանում գոյություն ունեցող այլ կոնֆեսիաների, հատկանշական է, որ վրաց եկեղեցականները կենտրոնացել են հենց Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակի վրա: Խնդիրը եկեղեցական շրջանակներից տարածվել է նաեւ հասարակական շերտեր, ու ինչքան էլ Վրաստանի հայերի միության վարչությունը հայտարարություններ է տարածում՝ հերքելով այս հողի վրա Թբիլիսիում հայերին ծեծի ենթարկելու մասին շրջանառվող լուրերը, փաստը մնում է փաստ, որ Վրաստանում հակահայկական տրամադրություններ կան:
Դրա վկայությունն է նաեւ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի արձագանքն այս ամենին: «Ասավալ-Դասավալի» պարբերականին տված հարցազրույցում նա չի բացառում, որ «Հայ առաքելական եկեղեցուն իրավաբանական անձի կարգավիճակ շնորհելուց հետո Հայաստանը հողային պահանջներ ներկայացնի Վրաստանին»։ Շեւարդնաձեի կարծիքով՝ օրենքում տեղ գտած որոշ դրույթներ հնարավորություն կտան հայերին պահանջներ ներկայացնել ոչ միայն եկեղեցիների, այլեւ Վրաստանի տարածքների նկատմամբ. «Սակայն հուսով եմ, որ դա տեղի չի ունենա. այնտեղ կան խելացի մարդիկ, որոնք գիտեն, թե քանի անգամ է Վրաստանն իրենց փրկել, եւ այն հիմա հայերին օդի պես պետք է»: Նա, ինչպես ասում են, կրակի վրա յուղ է լցրել՝ ընդգծելով, որ այդ օրենքը Վրաստանում բացասական ազդեցություն է ունենալու պետություն-եկեղեցի հարաբերությունների վրա. «Այդ որոշմամբ խորհրդարանն ու նախագահն իրենց հակադրեցին Վրաստանի պատրիարքին։ Իսկ դա բացասական ազդեցություն է ունենալու: Վրացի պատգամավորները պետք է ներողություն խնդրեն պատրիարք Իլիա 2-րդից։ Ես ինքս ցանկանում եմ այցելել պատրիարքին եւ ներողություն խնդրել խորհրդարանականների փոխարեն, որոնք չեն հասկանում, թե ինչ են անում»: Շեւարդնաձեն կոչ է արել Վրաստանի իշխանություններին չեղյալ հայտարարել ընդունված օրենքը։
Նման մտավախությունները նախորդ օրը փարատել էր Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն՝ բացառելով, որ այդ օրենքի առիթով հայ-վրացական հարաբերություններում թյուրըմբռնումներ առաջանան: Իսկ Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Միխայիլ Մաճավարիանին ասել է, թե Վրաց ուղղափառ եկեղեցին ցանկության դեպքում կարող է որպես եկեղեցի գրանցվել Հայաստանում. նման համաձայնություններ կան: Վրաց եկեղեցականները, սակայն, առայժմ անարձագանք են թողել սույն հայտարարությունը:
Երեկ «Առավոտի» հետ զրույցում զարգացնելով թեման՝ ՀՀԿ մանդատով ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը կարծիք հայտնեց, որ օրենսդրական այդ փոփոխությունն ավելի վաղ պետք է արված լիներ, քանի որ հարցը վերաբերում է խղճի ազատությանը, եւ Վրաստանի իշխանությունը, որն իր երկիրը հպարտությամբ ներկայացնում է ժողովրդավարական՝ պետք է համապատասխանի ժողովրդավարության չափանիշներին. «Վրաստանը բազմազգ երկիր է եւ պարտավոր է հարգել նաեւ իր քաղաքացիների դավանանքի ազատությունը: Այս մի հարցում Վրաստանի իշխանությունը կարողացավ քաղաքական կամք դրսեւորել, եւ դա ողջունելի է»: Իսկ եկեղեցականների եւ որոշակի հասարակական շրջանակների՝ հենց Հայ առաքելական եկեղեցու առիթով առաջ եկած հակազդեցության եւ Շեւարդնաձեի հարցազրույցի առիթով էլ մեր զրուցակիցը նկատեց, որ դա առնվազն անհասկանալի է: Ըստ նրա, եթե Վրաստանի նախկին նախագահը նկատի ունի Ջավախքը, որը պատմական հայկական բնակավայր է, ապա այսօր այնտեղ անջատողականության՝ մտավախություն առաջացնող տարրեր չկան: Կապել եկեղեցու կարգավիճակը տարածքային պահանջների հետ, մեր զրուցակիցը նույնիսկ դժվարանում է: Թորոսյանի համոզմամբ, նման տրամադրությունները եթե առաջանան, ապա կառաջանան անկախ որեւէ բանից: Հետաքրքրվեցինք՝ արդյունքում հայ-վրացական հարաբերությունները դեպի կարգավորո՞ւմ են գնում, թե՞ հակառակը: Պատգամավորի կարծիքով, այդ հարաբերությունների պաշտոնական շերտում ամեն ինչ լավ է, բարձր մակարդակի վրա է, եւ չկան խնդիրներ, որոնք բանակցային լուծում չունենան, բայց իրականում փաստացի հարաբերություններում շատ կնճիռներ կան, որոնք անգամ անզեն աչքով են տեսանելի. «Ես կարծում եմ, որ հենց այդ մասը պետք է ջրի երես հանել, որպեսզի բարիդրացիությունը իրական ասպարեզ դուրս գա: Դա էլ հիմնականում պայմանավորված է ջավախահայության խնդիրների լուծմամբ. առանց դրա չեն կարող Հայաստանն ու Վրաստանը հարաբերություններ կարգավորել: Իսկ Ջավախքում առկա են խնդիրներ, որոնք շուտափույթ չլուծման դեպքում էլ ավելի կխորանան»: