Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Գոլոս Արմենիի» թերթին, որտեղ խոսել է տնտեսական հիմնախնդիրներից: Խոսելով մեր երկրի արտաքին պարտքից՝ Սերժ Սարգսյանը նկատել է, որ դրանք վտանգավոր չեն, եւ դրա մեծ մասն էլ մարվելու է ոչ պետության կողմից. «Հայաստանը Ճապոնիայից վարկ էր վերցրել՝ Երեւանում ՋԷԿ կառուցելու համար, որը կտա էժան էլեկտրաէներգիա: Սակագնի մեջ ներառված է նաեւ վարկի տոկոսը: Որպես արդյունք՝ մենք ունենում ենք էժան էլեկտրաէներգիա եւ մարվող վարկ»: Երկրի ղեկավարը նաեւ ընդգծել է այն բարձր գնահատականը, որ Հայաստանին տվել են Եվրամիությունը, Համաշխարհային բանկն ու ԱՄՀ-ն՝ հակաճգնաժամային միջոցառումներ իրականացնելու համար. «Թերեւս հնարավոր էր ավելի լավ աշխատել, սակայն ես չգիտեմ որեւիցե այլ երկիր, որը, ունենալով նմանատիպ անկում եւ այդքան խնդիրներ, չի կրճատել եւ ոչ մի սոցիալական ծրագիր»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Ինչպես նշել է նա, 2010-2011թ.-ի գնաճը կարելի էր կանխատեսել, քանի որ երկրի տնտեսությունը չէր աճում, իսկ թոշակներն ու սոցիալական վճարներն աճում են: Նախագահի այս հարցազրույցից կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը գոհ է Տիգրան Սարգսյանի կառավարությունից՝ չնայած գործադիրի ղեկավարի դեմ վերջին շրջանում մամուլում սկսված արշավին եւ նրան պաշտոնանկ անելու մասին համառորեն շարունակվող խոսակցություններին: