Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՔՎՈՒՄ ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ

Հուլիս 13,2011 00:00

«Ինչպես եւ կարելի էր ենթադրել, Ադրբեջանի ղեկավարությունը վրդովմունքով է արձագանքել ՀՀ ԶՈԻ երիտասարդ սպաների համաբանակային առաջին համաժողովում նախագահ Սերժ Սարգսյանի արտասանած ելույթին, որի ընթացքում գերագույն գլխավոր հրամանատարը ասել է, թե հայ-ադրբեջանական պատերազմում հայերը հաղթել են, որովհետեւ դա ազատասերի պայքար էր՝ զավթիչի եւ արդարի պայքար՝ անարդարի դեմ»,- փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն: Սերժ Սարգսյանը նաեւ նախազգուշացրել էր, որ եթե զավթիչների եւ անարդարների մտքով նոր արկածախնդիր մտադրություն անցնի՝ հայկական կողմը նորից կլինի ուժեղը, որովհետեւ «հայրական տունն ու հայրենիքը պաշտպանողը անպարտ է եւ անկասելի»։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը երեկ հայտարարել է, թե ՀՀ նախագահի ելույթը ներքին սպառման համար էր։ Նրա պնդմամբ, այն կոչված է «շեղել հանրության ուշադրությունը հիմնարար այնպիսի հարցերից, ինչպիսիք են գործազրկությունը, քաղաքական, տնտեսական եւ բարոյական անելանելի իրավիճակը, հասարակական կարծիքի հանդեպ իշխանությունների անտարբերությունը»։ Մամեդովը նաեւ կրկնել է Բաքվի հին երգն առ այն, թե՝ «Հայաստանը լուրջ զիջում է Ադրբեջանին դիվանագիտության առումով, վերջին շրջանում Ադրբեջանը տնտեսական կարողության եւ դեմոկրատական զարգացման տեսակետից ամրացրել է իր դիրքը միջազգային ասպարեզում, իսկ Հայաստանը սեփական քաղաքականության զոհն է դարձել, քանի որ այն նախ եւ առաջ հիմնված է հարեւանների նկատմամբ տարածքային ոտնձգությունների վրա», եւ հավելել, թե այսօր ժամանակն աշխատում է Ադրբեջանի օգտին:
Trend-ի փորձագետ Ֆիքրեթ Սադիխովն էլ հայտարարել է, թե ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առաջարկություններում անպայման պետք է տեղ գտնեն ինչ-որ նոր նրբություններ, այլապես ոչ մի առաջխաղացում չի գրանցվի. «Չի կարելի Ադրբեջանին թելադրել նախապես անհնարին պայմաններ: Եթե նորից կրկնվելու է այն ամենը, ինչ եղել է նախորդ հանդիպումներում, ապա ոչ մի արդյունք չի լինի»:
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Ռասիմ Մուսաբեկովի դիտարկմամբ, կողմերի միջեւ առանցքային տարաձայնությունը Ղարաբաղի կարգավիճակի հանրաքվեի հարցն է. «Հայերը պնդում են, որ հանրաքվեն չպետք է բացառի անջատումը, ադրբեջանցիները պնդում են, որ ինքնորոշումը լինի տարածքային ամբողջականության շրջանակներում»։ Նրա ասելով, ճնշումը Բաքվի վրա անհնարին է, քանի որ Ադրբեջանի դիրքորոշումը պաշտպանված է ՄԱԿ-ի ԱԽ եւ միջազգային այլ կազմակերպությունների բանաձեւերով։
Իսկ ահա ռուսաստանցի վերլուծաբան, Ազգային ռազմավարության ինստիտուտի տնօրեն Միխայիլ Ռոմիզովը day.az-ին ասել է, թե չարժե գերագնահատել Ռուսաստանի հնարավորությունները բանակցային գործընթացում. «Բանն այն է, որ փոխզիջումային տարբերակի գոնե մոտավոր նախագիծ գոյություն չունի, քանի որ կողմերի դիրքորոշումներն իրարամերժ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել