«Երկխոսական» Սահակյանն ընդդեմ «երկխոսադեմ» Հակոբյանի
Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանի եւ «Ժառանգության» անդամ Կարինե Հակոբյանի մամուլի ասուլիսին սրահ մտա այն պահին, երբ տիկին Հակոբյանը լրագրողներին սովորեցնում էր, թե ինչպիսի հարցեր նրանք պետք է տան, իսկ որ հարցերն են, նրա կարծիքով, «խղճուկ»: ԶԼՄ-ների հետ հարաբերությունները պարզելուց հետո հյուրերը կենտրոնացան բուն բանավեճի վրա: Իսկ թեման, իհարկե, ՀԱԿ-իշխանություն երկխոսությունն էր: Թեման, ինչպես ասում են, «առաջին թարմության» չէ, եւ հարցերն ու պատասխաններն, ըստ այդմ, կրկնվում էին: Սակայն անգամ այս իրավիճակում կրքերը շիկացան: Ակնհայտորեն, «Ժառանգության» ներկայացուցչին ամենեւին դուր չէր գալիս իշխանություն-ՀԱԿ հնարավոր երկխոսությունը, իսկ ՀՀԿ ներկայացուցիչը իր հերթին փորձում էր բացատրել, թե ոչ մի արտառոց բան չկա, ընդհակառակը՝ եթե «Ժառանգությունն» էլ ուզի, գուցեեւ կարող է միանալ այդ գործընթացին. «Եթե վաղը «Ժառանգությունը», Դաշնակցությունը կամ մեկ այլ քաղաքական ուժ ցանկություն հայտնի, ապա ես վստահաբար կարող եմ ասել, որ իշխանությունները պատրաստ են՝ եւ ուժ կա, եւ կամք կա, որպեսզի նստեն եւ քննարկեն»,- ի պատասխան հարցի ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: Տիկին Հակոբյանը հակադարձեց. «Այսինքն՝ Դուք հաստատում եք, որ պետություն, որպես հաստատություն, չկա, խաղեր են, մի անգամ՝ մի կուսակցություն, մյուս անգամ՝ մյուսը…»: Սահակյանն էլ, թե. «Քաղաքական համակարգը եւ ուժերը պետության բաղկացուցիչ տարր են, տարանջատված չեն, Մոզամբիկի քաղաքական ուժը չի գալիս պետության հետ կապված հարցեր քննարկելու…»: Այս ընթացքում լրագրողներից մեկը շարունակ դժգոհում էր. «Ախր բոլոր նախադասությունները կիսատ են մնում, ես նյութը ո՞նց եմ գրելու»:
Ստորեւ ներկայացնում ենք «Առավոտի» հարցերը Կարինե Հակոբյանին եւ վերջինիս պատասխանները.
– Ինչպիսի՞ զգացողություն ունեք ՀԱԿ-իշխանություն երկխոսությունից:
– Ցավի զգացողություն ենք ապրում՝ մեր պետության կայացած չլինելու փաստը մեկ անգամ եւս տեսնելով. 20 տարի է անցել, եւ Հայաստանի պետությունը չի կարողանում ոտքի կանգնել:
– Ինչո՞ւ, վա՞տ է, որ ընդդիմությունն ու իշխանությունը համերաշխ պատրաստ են նստել եւ միասին խոսել:
– Շատ լավ կլիներ, եթե այդպես լիներ, բայց նորից եմ կրկնում՝ դա պետք է կրի ինստիտուցիոնալ բնույթ:
– Եթե «Ժառանգությանը» եւս հրավիրեն այս երկխոսությանը, ապա դա կլինի՞ ինստիտուցիոնալ:
– Ես շատ պարզ եմ ասում. դա սկսվում է Սահմանադրությունից, դա շատ ավելի բարդ է, դա միջոցառում չի, հո պետությունը մանկապարտեզ չի՞, նստեն-խոսեն-զրուցեն-բանակցեն-երկխոսեն, դա մի ամբողջ բարդ համակարգ է, որ մեզ մոտ ձեւավորված չի, աջ ձեռքը չգիտի՝ ձախ ձեռքը ինչ է անում:
Մեր այս հարցուպատասխանին միջամտում է Հովհաննես Սահակյանը.
– Էդ մանկապարտեզ բառը անընդհատ շեշտեցիք, տիկին Հակոբյան, եթե Դուք դիմեք, մենք Ձեզ էլ կընդունենք էդ մանկապարտեզը:
– Մենք երբեք չենք դիմի, մենք լրիվ ուրիշ խնդիրներ ունենք, չեք կարողանում անգամ դա հասկանալ, յուրաքանչյուրը իրենով է դատում դիմացինին:
– Ապրեք: Եթե Ձեր քաղաքական թիմը կայացած չէ, պետք չէ դա պետության եւ պետական համակարգերի վրա տարածել:
Կարինե Հակոբյանը չթաքցրեց, որ ինքը կողմ չէ բանակցություն եւ երկխոսություն ասվածին. «Ես ընդհանրապես, բանակցություն, երկխոսություն, այդ բառերը, ներքին քաղաքական հարաբերությունների մեջ, կներեք, չեմ հասկանում»: Սրան հաջորդեց Հովհաննես Սահակյանի հարցը. «Բա ինչպե՞ս հարաբերվենք»: