Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՍԿԱՊԵ՞Ս «ԱՐՏԱՀԵՐԹ» ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

Հուլիս 13,2011 00:00

\"\"Իշխանական կոալիցիայի ներկայացուցիչներն այդպես են պնդում, բայց  վաղուց արդեն նրանց հայտարարություններն ու կարծիքը «ասնավանի» չեն:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հերթական անգամ բավարարեց Հայ ազգային կոնգրեսի ակնկալիքները, եւ չսպասելով օգոստոսի 2-ի հանրահավաքին՝ նրա մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հայտարարեց ՀԱԿ-ի հետ բանակցությունների նպատակով պատվիրակություն ձեւավորելու մասին: Սպասվում է, որ առաջիկա տասնօրյակում Կոնգրեսի 5 եւ իշխանական կոալիցիայի 6 հոգանոց աշխատանքային խմբերն առաջին անգամ կհանդիպեն եւ կքննարկեն բանակցությունների օրակարգը: Ինչպես հայտնի է, ՀԱԿ-ի օրակարգը հայտնի է՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Կոնգրեսն, իհարկե, ավելի վաղ՝ դեռ մարտի 1-ին 15 կետանոց՝ երկրի սոցիալական, տնտեսական ոլորտներին առնչվող, նաեւ պետական մի շարք պաշտոնյաների պաշտոնանկության պահանջներ էլ էր ներկայացրել, որոնք, Լեւոն Տեր-Պետրոսյանի մատուցմամբ, բանակցությունների առարկա չեն. դրանք ուղղակի ենթակա են կատարման:
Այսուհանդերձ, իշխանական կոալիցիայի ներկայացուցիչները շարունակում են պնդել՝ արտահերթ ընտրություններ չեն լինելու, որովհետեւ դրա համար հիմքեր չկան: Երեկ այս թեզը «Առավոտի» հետ զրույցում պնդեց նաեւ կոալիցիոն պատվիրակության կազմում ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը, որը նախ հիշեցրեց, որ երկխոսության մասին, ըստ էության, առաջին անգամ՝ դեռ 2009-ի փետրվարին տեղի ունեցած ԲՀԿ համագումարում խոսել է հենց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ համարելով, որ քաղաքական դաշտում հարաբերվելու նոր, քաղաքակիրթ մշակույթի ձեւավորումն անհրաժեշտություն է, ուստի՝ ԲՀԿ-ն միայն ողջունում է իշխանությունների՝ ընդդիմության հետ երկխոսելու որոշումը: Նա հիշեցրեց Ծառուկյանի ելույթը, որտեղ ասվում էր, թե՝ պետք չէ թշնամանքով վերաբերվել միմյանց, պետք է ստեղծել հնարավորություններ, որ ժողովրդի մի հատվածը մյուսի նկատմամբ թշնամանք չցուցաբերի, որ դա անընդունելի կլինի:
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների շուրջ ՀԱԿ-ի հետ բանակցելուն, ապա Ն. Զոհրաբյանի դիտարկմամբ՝ արտահերթ ընտրությունների անցկացումը ռեալ չէ, «որովհետեւ հերթական ընտրությունները նախատեսված են 2012-ի մայիսին, եւ ընդհանրապես արտահերթ ընտրությունների համար քաղաքական որեւէ նախադրյալ չկա»:
Բայց ՀԱԿ-ը բանակցությունները բացառապես արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումների անհրաժեշտությամբ է պայմանավորում: Եթե կոալիցիան արտահերթ ընտրությունների հնարավորություն սկզբունքորեն չի տեսնում, այս դեպքում ո՞րն է կոալիցիայի համար, առավել եւս՝ պատվիրակությունների մակարդակով, բանակցելու իմաստը: «Առաջին աշխատանքային նիստում ես իրենց կներկայացնեմ մեր օրակարգը, իրենք՝ իրենցը, եւ, կարծում եմ, կձեւավորվի կոնսենսուսային օրակարգ, որովհետեւ միայն այդպիսի օրակարգի ձեւավորման պարագայում է հնարավոր առաջ շարժվել»,- ասաց ԲՀԿ ներկայացուցիչը:
Երեկվա դրությամբ, սակայն, կոալիցիոն պատվիրակությունն օրակարգ չուներ: Ն. Զոհրաբյանի ասելով, մինչեւ աշխատանքային առաջին նիստը՝ կոալիցիոն պատվիրակությունն անպայմանորեն կքննարկի իր օրակարգը, իսկ հանդիպման ժամանակ կլսի ՀԱԿ պատվիրակության անդամների տեսակետները: Այդուամենայնիվ, Ն. Զոհրաբյանը՝ որպես կոալիցիոն պատվիրակության ներկայացուցիչ, որոշակիորեն պատկերացնում է քննարկման հարցերի շրջանակը՝ դրանք երկրի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներն են լինելու, բայց ոչ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելը. «Կարծում եմ, մենք խոսելու ենք ողջախոհ խնդիրներից: Բոլորս էլ հասկանում ենք, որ արտահերթ ընտրությունների հարցը լուրջ չէ»:
Այս տարվա մարտից ի վեր հայրենի իշխանության մանր ու միջին տրամաչափի ներկայացուցիչները, ովքեր չեն ալարել, նախ՝ սարկազմով եւ ծաղրանքով էին խոսում ՀԱԿ-ի երեք պահանջները կատարելու, հետո՝ Կոնգրեսի հետ երկխոսելու, հետո՝ անձամբ Սերժ Սարգսյանի կողմից այդ երկխոսության վերաբերյալ հայտարարություն անելու, ապա նաեւ բանակցությունների նպատակով պատվիրակություն ձեւավորելու հնարավորության մասին: Բայց պարզվեց, որ մասնավորապես ՀՀԿ-ականների համար ռեալ չթվացող այդ բոլոր պահանջներն, ի վերջո, կատարվեցին. այլ հարց է, որ դրանից նաեւ իշխանություններն իրենք են մեծապես շահում: Այսօր արդեն հասարակությունն ու ընդդիմությունը, թերեւս նաեւ առանձին լրատվամիջոցներ անլուրջ են համարում հենց ՀՀԿ-ականների կամ կոալիցիայի ներկայացուցիչների հայտարարությունները: Տպավորությունն այնպիսին է, թե ՀՀ նախագահ եւ իշխանական կոալիցիայի առաջնորդ Սերժ Սարգսյանը ոչ թե ՀԱԿ-ին, այլ հենց իր գործընկերներին է ծաղրում:
Կոալիցիայի վարկանիշը դրանից չի՞ տուժում՝ հարցրինք ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ն. Զոհրաբյանին եւ ստացանք պատասխան. «Այդ հարցով դիմեք նրանց, ովքեր հայտարարել են, ասել են՝ կլինի, չի լինի եւ այլն: Եթե հիշում եք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որեւէ անդամ այդ խնդրի վերաբերյալ որեւէ մեկնաբանությամբ հանդես չի եկել: Չեք կարող մեջբերել այդ առնչությամբ որեւէ մեկնաբանություն, որն արած լինի ԲՀԿ որեւէ անդամ»:
Նախօրեին «Առավոտի» հետ զրույցում նույն հարցին անդրադարձել էր նաեւ ընտրական եւ քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը՝ ասելով. «Իշխանության այն ներկայացուցիչները, ովքեր մամուլի այս կամ այն ակումբում, իրենց ասուլիսներում ասում էին, որ երկխոսություն պատվիրակությունների մակարդակով չի լինի՝ փաստացի սխալվեցին: Բանն այն էր, որ այս կարգի որոշումները նույնիսկ կուսակցական բարձրաստիճան գործիչները չէ, որ կայացնում են: Իշխանական կոալիցիայում որոշումներ կայացնում է մեկ հոգի՝ Սերժ Սարգսյանը»: Այդ դեպքում անհասկանալի էր, թե ինչու նրանց հնարավոր չէր ժամանակին զսպել՝ ժամանակավրեպ հայտարարություններ չանելու համար, որովհետեւ տպավորություն է ստեղծվում, թե Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին միտումնավոր վարկաբեկում, նրանց խոսքն արժեզրկում է: Չէ՞ որ դա հարվածում է կուսակցությանը: «Չեմ կարծում, թե դա Սերժ Սարգսյանին հետաքրքրում է»,- եզրակացրեց Ա. Բադալյանը:
Վերադառնալով բանակցությունների օրակարգին՝ հավելենք, որ դրա մասին ընդամենը երկու-երեք օր առաջ խոսել էր նաեւ կոալիցիոն պատվիրակության ՀՀԿ-ական ներկայացուցիչ Գագիկ Մինասյանը: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, նա ասել է, թե ՀԱԿ-ի հետ իշխանությունների կողմից երկխոսություն վարող աշխատանքային խմբի լիազորությունները Սերժ Սարգսյանի ավելի վաղ արած հայտարարության մեջ հստակեցված են: Ըստ այդմ՝ Ս. Սարգսյանը երկխոսության հնարավոր թեմաները դասակարգել էր չորս խմբի, որոնց համար նաեւ պատասխանատուներ էր մատնանշել: Համապատասխանաբար ընտրություններին վերաբերող հարցերով ՀԱԿ-ը պիտի դիմեր ԱԺ նախագահին, սոցիալ-տնտեսական բնույթի հարցերով՝ վարչապետին, այն հարցերով, որոնք ենթակա են նախագահի կարգավորմանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարին: «Իսկ այն հարցերը, որոնք ընդհանուր բնույթի են՝ ներքին եւ արտաքին քաղաքականության ռազմավարական խնդիրներ են, ապա այս աշխատանքային խմբի հետ պետք է քննարկեն»,- պարզաբանել է Գ. Մինասյանը՝ եզրակացնելով, թե «բավականին սակավ խմբի հարցեր կան, որոնք, կարծում եմ, պետք է քննարկենք»: Այդուհանդերձ, նա էլ էր կարծիք հայտնել, թե ՀԱԿ պատվիրակության հետ առաջին հանդիպումը շատ բան որոշակի կդարձնի. կհնչեն հարցադրումներ, կձեւավորվի օրակարգը:
Իհարկե, ինչպես հուշում են նախադեպերն ու փորձը, եւ ինչպես ավելի վաղ հորդորում էին կոնգրեսականները՝ պետք չէ շտապել, հապճեպ եզրակացություններ անել, որովհետեւ քանի դեռ կոալիցիոն պատվիրակությունը չի ֆորմալացվել, քանի դեռ հայտնի չէ, թե ինչ է ասելու Սերժ Սարգսյանը կոալիցիայի օրակարգի մասին՝ նրա կուսակիցների ու կոալիցիոն գործընկերների հայտարարություններն առ ոչինչ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել