Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՇՆՉԱՌՈՒԹՅՈ՞ՒՆ ԵՆ ՏԱԼԻՍ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հուլիս 13,2011 00:00

\"\"Թուրքերի հետ համատեղ անցկացվող հավաքների հայ կազմակերպիչները զգում են այդ վտանգը, որ իրենց նախաձեռնությունները փորձ կարվի մատուցել այլ կերպ:

«Մենք առաջ չէինք կարող Ցեղասպանություն բառն օգտագործել, իսկ հիմա ազատորեն խոսում ենք այդ մասին, դա այլեւս տաբու չէ»,- ասաց հուլիսի 11-ից Ստամբուլին մերձակա Հեյբելիադա կղզում անցկացվող «Հայաստան-Թուրքիա՝ քաղաքականություն եւ մեդիա քննարկումներ» համաժողովի թուրք մասնակիցներից մեկը: Նրա անունը չենք նշում, քանի որ համաժողովն անցկացվում է «Chatham House»-ի կանոնով, այսինքն՝ մասնակիցներն ազատ են օգտագործելու ստացած տեղեկատվությունը՝ առանց նշելու հռետորներին: Սակայն մենք ընտրեցինք լուսաբանման այլ տարբերակ՝ համաժողովի ընթացքում հնչած ուշագրավ դիտարկումների վերաբերյալ հարցազրույցի հրավիրելով դրանց հեղինակներին:
Եվ որպես սկիզբ՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանին խնդրեցինք մանրամասնել համաժողովի ընթացքում արտահայտած իր մտավախությունը, թե նման քննարկումներով փորձում են ձեւ անել, թե շարունակվում է «ֆուտբոլային դիվանագիտության» գործընթացը: «Եթե մեկ տարի առաջ նման ձեւաչափերով հավաքներում շատ ավելի քիչ կային մարդիկ, որոնք խոսում էին արձանագրությունների մեռած լինելու մասին՝ հիմա շատ ավելի բարձրաձայն ու առանց քաշվելու են արձանագրում այդ փաստը,- նախ ասաց Գեղամ Մանուկյանը:- Բայց կա անհանգստություն, որ շատ հաճախ լինում են հասարակական նախաձեռնություններ, տարբեր ձեւաչափերով հավաքներ, որոնց իրական նպատակը թվում է արձանագրություններին արհեստական շնչառություն տալը կամ ֆոն ստեղծելը, որ ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ երկու երկրների հասարակությունները չանդրադառնան, թե ի վերջո՝ պետք է թաղել այդ արձանագրությունները: Եվ նման նախաձեռնությունների հետեւանքով տեղի չի ունենում երկու ժողովուրդների միջեւ իրական հասարակական երկխոսություն ու խնդիրների վերհանում ու լուծում»:
Նշենք, որ այս համաժողովն ունի 4 կազմակերպիչ՝ ամերիկյան USAID-ն, թուրքական «Global political Trends Center»-ը եւ հայաստանյան «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամն ու Երեւանի մամուլի ակումբը: Վերջին 2-ն այն 4 կազմակերպություններից են, որոնք արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցնելուց հետո հայտարարեցին, թե իրենք հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նպատակով միասնական նախաձեռնություններով են հանդես գալու, ինչը եւ շարունակում են մինչ այժմ:
ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը մեր խնդրանքով արձագանքելով այն մտահոգություններին, թե նման քննարկումներով փորձում են ֆոն ստեղծել, թե «ֆուտբոլային դիվանագիտությունը» դեռ կենդանի է՝ ասաց. «Մտավախությունն իրոք հիմքեր ունի: Եվ այս ծրագիրը սկսելիս՝ մենք միշտ դեմ էինք հանդես գալիս, որ մշակութային եւ այլ կազմակերպությունների միջեւ կապեր հաստատվեն ու զարգանան՝ պետությունների միջեւ հարաբերությունների փոխարեն: Դրանք երբեք չեն կարող լինել մեկը մյուսի փոխարեն: Բայց գտնում եմ, որ եւ մեկը պետք է լինի, եւ մյուսը, ուղղակի պետք է հստակ տարբերակել, թե մենք որտեղ եւ ինչի մասին ենք խոսում: Եվ հիմա, երբ շատ քիչ հույսեր կան, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր սկիզբ կամ զարգացում կունենա մոտակա ժամանակներս՝ կարծում եմ, որ քաղաքացիական հասարակությունների միջեւ երկխոսությունը պետք է զարգանա: Ուղղակի միշտ պետք է շեշտել, որ դա քաղաքացիական հասարակությունների միջեւ երկխոսություն է եւ ոչ թե մի գործընթաց, որը նշանակում է պետությունների միջեւ հարաբերությունների նորմալացում»:
Համանման էր նաեւ «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանի արձագանքը նույն հարցին. «Մենք լավատեղյակ ենք այդ վտանգին, քանի որ տարիներ շարունակ աշխատել ենք նման կոնֆլիկտային հարաբերությունների ասպարեզում: Եվ ամեն ինչ անում ենք, որ այդ վտանգը քչանա. օրինակ՝ մեր թուրք գործընկերներից խնդրում ենք երաշխիքներ, որ նրանք տեղիք չեն տա մեկնաբանությունների, թե սա պետական երկխոսության փոխարինողն է: Մյուս կողմից՝ սկզբունքորեն սխալ է արգելել նման հանդիպումներ ունենալ քաղաքացիական հասարակությանը, քանի որ այն առավել ազատ է եւ ավելի առջեւում է գտնվում, քան պետությունը: Մենք այս քննարկումների ընթացքում այնքան նյութերի ենք տեղեկանում եւ դրանք տրամադրում մեր պետությունների ներկայացուցիչներին, բացատրում, թե ինչ է կատարվում, որ օգուտից բացի՝ ոչինչ չի լինի: Իհարկե, ամեն ինչ կարելի է շահարկել ու սխալ մեկնաբանություն տալ: Եթե նման բաներ լինեն՝ մենք պատրաստ ենք միջամտել ու ճշգրտել, հուսով եմ՝ դա կարող են անել նաեւ մեր թուրք գործընկերները: Բայց գլխավորն այն է, որ մեր մասնակիցները, որոնք երիտասարդ ու ավագ կարկառուն գործիչներ են՝ միասին քննարկում են կարեւոր հարցեր ու նախապատրաստում տարածաշրջանի խաղաղության հաջորդ փուլի գաղափարների քարտեզը: Թե հետո ինչ կընտրի պետությունը եւ ինչպես կանի՝ այլ հարց է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել