Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմական հուշարձանը չի աղավաղվել

Հուլիս 12,2011 00:00

Վերանորոգման աշխատանքները շարունակվում են եւ չեն ենթարկվում որոշումներին

\"\"Օրերս «Facebook» սոցիալական ցանցում հայտնված լուսանկարները, որոնք պատկերում էին Գանձասարի վանական համալիրի պարսպի երեսպատումը՝ մեծ աղմուկ բարձրացրին: Շինարարական աշխատանքները որակվեցին որպես պատմամշակութային արժեքի ոչնչացում եւ 13-րդ դարի շինության եվրոպականացում: Հայտնի է, որ վերանորոգման աշխատանքներն իրականացնողը Վանք գյուղի բարերար, ռուսաստանաբնակ գործարար Լեւոն Հայրապետյանն է, իսկ շինարարական աշխատանքներին հետեւում է նրա եղբայր Վլադիմիր Հայրապետյանը:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն, պարիսպը 13-րդ դարի է, սակայն պարզվեց, որ այն մոտավորապես 1980-ականներին է կառուցվել:
Արցախի պետական մարմինները, մասնավորապես՝ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրման վարչության պետ \"\"Սլավա Սարգսյանը հայտարարել էր, որ իրենք դեմ են նախաձեռնությանը, քանի որ պարսպապատումը կվնասի վանական համալիրի արտաքին տեսքին ու նաեւ չի համապատասխանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին. վերանորոգումը կխանգարի համալիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու հարցում: Բայց, այնուամենայնիվ, շինարարական աշխատանքները չեն դադարել՝ «իմ եղբայրը եթե մի գործ է սկսում, ապա այն անպայման ավարտում է», -լրագրողների հետ զրույցում նշեց Վ. Հայրապետյանը:
«Եկեղեցու պարիսպը 13-րդ դարի չէ, այն պարբերաբար քանդվել եւ վերանորոգվել է: Տարբեր ժամանակներից բազմաթիվ նկարներ կան, որոնք ցույց են տալիս կիսաքանդ պարիսպը կամ էլ մասամբ նորոգված: Պարիսպը նորոգման կարիք ունի նաեւ այսօր, եւ երբ Լեւոն Հայրապետյանն առաջարկեց երեսպատել, մենք սիրով համաձայնեցինք: Պարսպի միջից անընդհատ խոտ է աճում, ինչը թուլացնում է այն ու ավելացնում փլման վտանգը: Մեր հոգեւորականներն էլ ստիպված են հաճախ մաքրել խոտը, սակայն այդպես երկար շարունակվել չէր կարող»,- պարզաբանեց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը:
Պարիսպների վերականգնումը պատմական հուշարձանի աղավաղում չէ. այս կարծիքին է նաեւ բարերարի եղբայրը, ըստ որի՝ վերանորոգման աշխատանքների համար ծախսվել է մոտավորապես 1,5 մլն դոլար:
Տեղեկացանք նաեւ, որ բարերարը մոտ 10 տարի առաջ էլ նորոգել էր Գանձասարի վանական համալիրը եւ այնտեղ տանող ճանապարհը, իսկ պարսպի նորոգման վերաբերյալ իր ցանկության մասին էլ ամիսներ առաջ էր դիմել Արցախի հոգեւոր թեմի առաջնորդին, վերջինս էլ նամակը փոխանցել էր զբոսաշրջության վարչությանը, որպեսզի նրանք, որպես իրավասու մարմին, որոշում կայացնեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել