Բացման նույն սցենարը, պլյուս Ֆանի Արդան
Կիրակի օրը «Մոսկվա» կինոթատրոնում 8-րդ անգամ բացվեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Նախ կարմիր գորգի վրայով անցան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Ֆանի Արդանը, ապա մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ եւս մի քանի հոգու հետ, «մի քանի ոտք» հետո էլ մենակ՝ մեծանուն կինոռեժիսոր Աբաս Քիառոսթամին, ում «Վավերացված պատճենն» էլ փառատոնի բացման ֆիլմ էր ընտրված: Արդեն դահլիճում վարչապետն ասաց, որ «Ոսկե ծիրանը» համ եւ բուրմունք է հաղորդում մեր շոգ քաղաքին: Փառատոնի հիմնադիր-նախագահ Հարություն Խաչատրյանը բեմից նկատեց, որ վարչապետը ժպիտով է հետեւում իր խոսքերին ու անմիջապես բարձրաձայնեց. «Պարոն վարչապետը ժպտում է, կարծում եմ՝ նրա ժպիտի տակ շատ ծրագրեր կան թաքնված»: Դրանցից մեկն էլ այն է, որ «Ոսկե ծիրանին» անհրաժեշտ է փառատոնային դահլիճ, որը կունենա 1500 աթոռ: Աշխարհահռչակ դերասանուհի Ֆանի Արդանը այդ օրը համաշխարհային կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար արժանացավ Փարաջանովյան թալերի: Ֆրանսիական կոկետությամբ նա բեմից մի քանի քաղցր-մեղցր հաճոյախոսություն հնչեցրեց կազմակերպիչների հասցեին, ասաց, որ Հայաստանն իր համար առասպելական երկիր է, մրցանակն էլ կարող է հետք թողնել ու լինել այնքան պարտավորեցնող. ինչպես, օրինակ, պաղպաղակը՝ երեխայի դեպքում: Բեմից նրան օգնեց իջնել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչ վերաբերում է կառավարության ղեկավարի կողքին դահլիճում նստած մշակույթի նախարարին, վերջինս, ի տարբերություն նախորդի, այս տարի երեկոյան զգեստի հետ բոկոտիկներ (ոՏրՈվՏՋՍՌ) չէր հագել: Ու քանի որ «կտկտան» կոշիկներով էր, ոտքով թխկթխկացնում էր հատակին, երբ Արմեն Հյուսնունցը իր ջազ խմբով ելույթ էր ունենում: Նույնիսկ փառատոնը վարող ֆրանսահայ դերասան Սերժ Ավեդիքյանը դա ֆիքսեց, ասելով, «Մեր նախարարը ջազ շա՜տ է սիրում»: Փաստորեն, տիկին Պողոսյանի ու ՀՀ երկրորդ նախագահի երաժշտական նախասիրությունները համընկնում են: Հավելենք, որ այս անգամ էլ փառատոնի կողքին է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը: «Որքան գորշ, ձանձրալի եւ անիմաստ կլիներ կյանքը, եթե մարդու ասելիքը սահմանափակվեր միայն պարզունակ խոսքերով, իսկ զգացմունքներն ու հույզերը չարտահայտվեին նաեւ արվեստի լեզվով… Հրաշալի է, երբ մարդու երեւակայության թռիչքը դրսեւորվում է կինոարվեստի լեզվով: Այն իր մեջ արտացոլում է գեղարվեստական խոսքի հզորությունը, երաժշտության ներդաշնակությունը, կինոարվեստի գունեղությունը եւ ամենատարբեր կերպարների միջոցով՝ ճշմարիտ կյանքի վերարտադրությունը»,- ասաց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ում «Ոսկե ծիրան» փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը պարգեւատրեց նախորդ դարասկզբի հայ ականավոր մեկենաս Մանթաշյանցի անունը կրող ադամանդակուռ մեդալով՝ հայկական կինոյին հետեւողականորեն եւ համակողմանիորեն աջակցելու համար:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Կինո, առեւտուր եւ պրես կոկտեյլ
Երեկ «Գոլդեն Թյուլիփ Երեւան» հյուրանոցի Ձմեռային այգում լրագրողների համար պրես կոկտեյլ էր կազմակերպված:
Հնարավորություն էր ընձեռվել հանդիպել «Ոսկե ծիրանի» հյուրերին:
Ռուսական «Ռոսիա» հեռուստաալիքի թղթակից Զինաիդա Ուրբատովան «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ փառատոների ամենահաճելի մասը լրագրողների եւ «աստղերի» հետ շփումն է հավասար պայմաններում. «Բազմաթիվ կինոփառատոների եմ մասնակցել, լուսաբանել կամ միայն հյուր եղել, բայց այսպիսի հավասարություն չեմ տեսել: Դրսում ցանկացած փառատոնի ժամանակ լրագրողներն ու հյուրերը՝ աստղերը, ասես մասնատված են. լրագրողներն իրենց համար, հյուրերը՝ իրենց, եւ նույն պլատֆորմի վրա չեն: Վերջին փառատոնը, որին մասնակցել եմ, Սոչիի «Կինոտավրն» էր: «Ոսկե ծիրանում» առաջին անգամ եմ»: Ֆրանսահայ ռեժիսոր եւ դերասան Սերժ Ավեդիքյանը կարեւորեց փառատոնի նպատակային լինելը. «Այսօր այստեղ կան հայտնի կինոաստղեր, ռեժիսորներ, որոնց հանրությունը, այսինքն՝ սովորական կինոդիտողը չի ճանաչում: Ամեն տարի նույն մակարդակի ռեժիսորներն են ընտրվում, որոնք իսկապես արվեստի մարդիկ են, ինչպես Բելա Տարը: Նրանց միայն կինոսիրողը կճանաչի»: Ս. Ավեդիքյանը նշեց, որ երիտասարդության մեջ կինոյի հանդեպ աշխուժություն չի նկատում. «Դանդաղ են գնում կինոթատրոններ եւ ոչ միայն դեպի կինոն: Միջին խավը նույնպես ակտիվ չէ»: Նաեւ հավելեց. «Փոխում է Երեւանը այս փառատոնը: Յուրաքանչյուր փառատոն գույն է տալիս քաղաքին, երբ ճիշտ է վարվում տվյալ քաղաքի մշակույթի հետ: Ասում եմ՝ կինոն արվեստ է, բայց իրականում կինոն առեւտուր է, տուր է, տուր եւ առ է, տուրուդմբոց…»: Թուրք ռեժիսոր Օզքան Ալփերը, ում ֆիլմն անցյալ տարվա «Ոսկե ծիրանի» հաղթողներից էր, այս տարի փառատոնում ժյուրիի անդամ է: Նա խոստովանեց, որ սիրում է «Ոսկե ծիրանը» թե քաղաքական եւ թե մշակութային առումով. «Զգացմունքային առումով անցյալ տարվա մրցանակս շատ կարեւորվեց ինձ համար: Այս տարի վերադարձա ինքս գնահատելու ֆիլմերը: Քաղաքական կոնտեքստով էլ նշանակալից եմ համարում «Ոսկե ծիրանը», քանի որ տարածաշրջանային խնդիրների առումով մշակութային փոխհարաբերությունների լավ միջոցի օրինակ է»: Հնդիկ կինոքննադատ, «Ոսկե ծիրանի» ժյուրիի անդամ Նիրմալ Դհալն էլ ասում է. «Ես դիտել եմ եւ հայկական, եւ վրացական, եւ ադրբեջանական ֆիլմեր: Վստահ եմ, որ յուրաքանչյուր ֆիլմ կարող է իր խոսքն ասել ինչ-որ խնդրի մասին, իսկ փառատոնը միջոց է այդ ֆիլմերին ճանապարհ բացելու: Առաջին անգամ եմ Հայաստանում եւ այս փառատոնին: Հայկական ֆիլերի մասին գիտելիքս սահմանափակվում է միայն Փարաջանովի ֆիլմերով»: Պրես կոկտեյլի ժամանակ իր կոկետությամբ բոլորին շուրջն էր համախմբել պատկառելի տարիքով, բայց անչափ հմայիչ Ֆանի Արդանը:
ԼՈՒՍԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆ