Այսօր երեկոյան Երեւանի «Փյունիկը» հերթական անգամ մեկնարկում է «Չեմպիոնների լիգայի» խաղարկությունում: Հանրապետական մարզադաշտում մեր չեմպիոնի մրցակիցը Պլզեն քաղաքի (Չեխիա) «Վիկտորիա» թիմն է:
Վարդան Մինասյանի սաներն այս հանդիպման նախորդող հավաքն անցկացրել են ֆուտբոլի ակադեմիայում՝ հուլիսի 10-ից: Ցավոք, այս անգամ էլ մեր թիմն առանց կորուստների չի հասել կարեւոր ստուգատեսին: Ինչպես երեկ կայացած մամուլի ասուլիսին նշեց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, Էդգար Մանուչարյանը դեռեւս ամբողջովին չի ապաքինվել ու 90 տոկոսով չի մասնակցի հանդիպմանը: Մանուչարյանի փոխարեն, ըստ ամենայնի, կխաղա Ղուկաս Պողոսյանը: Վնասվածք ունի նաեւ Դավիթ Մանոյանը: «Մանոյանը մոտ 20 րոպե կկարողանա խաղալ առաջիկա խաղում: Նրա ֆունկցիոնալ վիճակը լավ չէ, ցավերը շարունակվում են: Ամսի 15-ից հետո նորից պետք է մեկնի Մյունխեն՝ մեկ այլ բժշկի մոտ հետազոտվելու: Նա հատկապես ծնկի վնասվածքների շատ լավ մասնագետ է: Ես չեմ ուզում մտածել, որ վատ են վիրահատել Երեւանում: Դա ֆուտբոլի համար ոչ տիպիկ վնասվածք էր»,-ասաց մարզիչը:
Այլ էական խնդիրներ Մինասյանը հանդիպումից առաջ չնշեց՝ ասելով, որ թիմում տրամադրությունը բարձր է, իսկ խաղին ճիշտ տրամադրվելու համար էլ պարզապես պետք է մոռանալ Հայաստանի առաջնությունը, գործել արագ, խաղալ 1-2 հպումով: Համեմատական վերլուծություն անելով նախկին մրցակիցների հետ՝ մարզիչը փաստեց, որ «Վիկտորիան» շատ կազմակերպված ու կարգապահ թիմ է. «Եթե համեմատենք Զագրեբի «Դինամոյի» ու «Պարտիզանի» հետ, որոնց հանդիպել ենք նախորդ տարիներին, դրանցում իմպրովիզացիան ավելի շատ էր, իսկ սա կարգապահ ու ատլետիկ, ֆիզիկապես ուժեղ թիմ է: Թիմի ավագն էլ փորձառու ֆուտբոլիստ է, ստանդարտներ իրացնելիս՝ շատ վտանգավոր»: Այսուհանդերձ, Վարդան Մինասյանը լավատեսորեն է տրամադրված առաջիկա հանդիպմանը: «Չեմպիոնների լիգայի հարցում ես լավատես եմ: Եթե մենք կարողանանք մեր առավելագույն հնարավորությունները ցույց տալ, ապա արդյունքը դրական կլինի»,- վստահ է մեր թիմի գլխավոր մարզիչը:
Ի դեպ, Մինասյանը չմեկնաբանեց եվրագավաթային ասպարեզն արդեն լքած «Բանանցի» եւ «Ուլիսի» խաղերը, այլ՝ միայն որպես ազգային հավաքականի մարզիչ անդրադարձավ հավաքականի թեկնածուներին: «Թիմերի խաղը չեմ ուզում մեկնաբանել, սակայն հավաքականի թեկնածուների մասին կարող եմ խոսել: Արտակ Դաշյանն ու Հովհաննես Համբարձումյանը իրենց պոտենցիալից ցածր հանդես եկան: Արթուր Եդիգարյանն էլ իր լավագույն վիճակում չէ հիմա: Հավանաբար, Իրանի առաջնությունում դադարն է պատճառը: Արտակ Գրիգորյանը, մի մակարդակ կա, որի վրա խաղում է ու չի իջնում դրանից, ինչը լավ է: Չեմ ասի, որ նա առաջընթաց ունի, բայց լավ է, որ նա ստաբիլ է խաղում»,- եզրափակեց Մինասյանը: