Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԻՆՉ ԱՐՎՈՒՄ Է՝ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՐ Է

Հուլիս 12,2011 00:00

\"\"Մալայզիայի Պենանգ քաղաքում ավարտված ծանրամարտի աշխարհի երիտասարդների (տղաների՝ 37-րդ եւ աղջիկների՝ 17րդ) առաջնությունում Հայաստանի երկու ներկայացուցիչներից +105 կգ քաշային Գոռ Մինասյանը բավարարվեց միայն պոկում վարժության (178 կգ) ոսկե մեդալով, իսկ երկամարտում ռուսաստանցի Սերգեյ Օրեշնիկովի հետ ցույց տալով 384 կգ, միայն անձնական քաշի պատճառով երկամարտի «բրոնզը» զիջեց նրան:

Մեր պատվիրակությունն արդեն վերադարձել է, եւ հանրապետության ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը հարցազրույց է տվել «Առավոտին»:
– Որքան հիշում ենք, սա 2006 թվականից ի վեր առաջին դեպքն է, որ մեր ծանրորդները միջազգային բարձրակարգ մրցումներից տուն են վերադառնում առանց երկամարտում նվաճած մեդալի:
– Այսպիսի բան եղել է նաեւ ձեր նշած 2006 թվականի այս տարիքային խմբի աշխարհի առաջնությունում, երբ Աղվան Մելիքյանն ու Արայիկ Միրզոյանը ոչ մի մեդալ չնվաճեցին: Այդ ժամանակ ես դեռ նոր էի ընտրվել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ: Այ, դրա հաջորդ տարվանից սկսած, մեր մարզիկ-մարզուհիները բոլոր տարիքային խմբերի աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, օլիմպիական խաղերում, ներառյալ Սինգապուրում անցած տարի կայացած պատանեկան անդրանիկ օլիմպիական խաղերը, երկամարտում պարտադիր մեդալներ են նվաճել:
– Պենանգում մեր ծանրորդները սպասվածից թույլ հանդես եկան: Քրիստինե Պետրոսյանը հանդես եկավ իր հնարավորություններից ցածր (90+11=201)՝ գրավելով իններորդ տեղը, իսկ Գոռ Մինասյանը, որ մոտ մեկուկես ամիս առաջ Պերուում անցկացված պատանիների աշխարհի առաջնությունում երեք ոսկի էր նվաճել, այս անգամ երկամարտում չորրորդն էր, թեեւ պոկումում հավասարը չունեցավ:
– Ձեր տված միանշանակ գնահատականին համաձայն չեմ: Քրիստինեն, այո, անցած տարի Անթալիայում ցույց տված երկամարտի արդյունքից Մալայզիայում 13 կգ պակաս բարձրացրեց: Իսկ գիտե՞ք, թե ինչու: Նա ծնկահոդերի բորբոքում ուներ, որի պատճառով երկար ժամանակ մրցման չէր ելել: Հիմա արդեն ամեն ինչ անցել է, թեեւ մի քանի պարտադիր թեթեւ պրոցեդուրա պիտի անցնի: Քրիստինեն մեր կանանց հավաքականի կազմում մասնակցելու է նոյեմբերին Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը, որտեղ էլ վերջնականապես պարզվելու է, թե Լոնդոնի օլիմպիական խաղերի կանանց պայքարում քանի՞ մասնակից ենք ունենալու: Նա հավաքականին հարկավոր է՝ օդի պես անհրաժեշտ վարկանիշային միավորներ բերելու համար: Այնպես որ, նրան Մալայզիա գործուղելը մի նպատակ ուներ՝ տեւական ընդմիջումից հետո վերզգալ միջազգային հարթակը: Կարծում եմ, որ նպատակն արդարացավ, թեեւ արդյունքն անբավարար էր: Իսկ ինչ վերաբերում է Գոռին, նույն մարզական արդյունքի տեսակետից նա գերազանցեց ինքն-իրեն՝ մոտ քառասուն օրվա ընթացքում Պերուում ցույց տված իր անձնական լավագույն ցուցանիշը բարձրացնելով հինգ կիլոգրամով. պոկումում՝ 4, ինչը ոսկով փայլեց, հրումում՝ 1: Եկեք հաշվի առնենք, որ Գոռն ընդամենը 17 տարեկան է եւ Մալայզիայում արժանի պայքար մղելով 20 տարեկանների հետ՝ երկամարտի «բրոնզի» չարժանացավ անձնական ծանր քաշի պատճառով միայն: Վստահեցնում եմ, որ այդ գյումրեցի տղան մեծ ապագա ունի եւ հաջորդ օլիմպիական խաղերի մեր չեմպիոնության գլխավոր թեկնածուներից է: Հիշո՞ւմ եք՝ ժամանակին մենք ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին խոստացել ենք, որ ոչ հեռու ապագայում աշխարհի ամենաուժեղ մարդը Հայաստանից է լինելու: Սպասեք եւ այդ օրն անպայման կգա:
– Գոռ Մինասյանն աշխարհի մեծահասակների առաջնությանը մասնակցելո՞ւ է:
– Ոչ: Շտապելու հարկ չկա: Դրա ժամանակն էլ կգա: Հիմա նա եւ ամբողջ թիմը պատրաստվելու են օգոստոսին Լեհաստանում կայանալիք Եվրոպայի պատանիների առաջնությանը, որտեղ, հույս ունենք, Պենանգում չարածի տեղը լիուլի կլրացնի:
– Լեհաստան ամբողջակա՞ն թիմեր են մեկնելու:
– Տղաները՝ այո, իսկ աղջիկներից միայն Իզաբելա Յայլյանը:
– Վերադառնանք Գոռ Մինասյանին: Նա մայիսին հանդես եկավ Պերուում, հուլիսին՝ Մալայզիայում, հիմա էլ օգոստոսին գնալու է Լեհաստան: 17-ամյա պատանու համար, այն էլ՝ գերծանր քաշային, չափից ավելի մեծ ծանրաբեռնվածություն չէ՞:
– Ոչ, որովհետեւ նա ցածր քաշայինների նման անձնական կիլոգրամներ գցելու խնդիր չունի: Գերծանր քաշային կարգի առանձնահատկությունն այն է, որ մարզիկը պետք է լավ սնվի, ռեժիմ պահպանի եւ ճիշտ մարզվի: Գոռը, որ բնականից օժտված ծանրորդ է եւ ամենօրյա մարզումների ժամանակ գործ է ունենում մրցակիցներից շատերի համար համեմատաբար բարձր կիլոգրամների հետ, մրցումների ժամանակ էլ նույն քաշերին է մոտենում: Այդպես է նաեւ Ռուբեն Ալեքսանյանի պարագայում:
– Մեր ազգային հավաքականի անդամների մասին ի՞նչ կասեք:
– Բոլորն էլ նորմալ վիճակում են: Վնասվածքներ ունեցողները, փառք Աստծո, լիովին ապաքինվել են եւ այժմ ուսումնամարզական հավաքներում են: Նախապատրաստվում են նախաօլիմպիական ամենակարեւոր մրցմանը՝ աշխարհի առաջնությանը:
– Երեք տարի արվել է ամեն ինչ: Հնարավո՞ր է, որ մնացած ժամանակահատվածում խնդիրներ առաջանան, որ խանգարեն սկսած աշխատանքը տրամաբանական հանգրվան հասցնելուն:
– Բացառվում է: Ծանրամարտի, մեր հենակետային մյուս մարզաձեւերի եւ, ընդհանրապես, օլիմպիական մարզաձեւերի համար բարեբախտություն է, որ մեր թիկունքին կանգնած է օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ես սա անկեղծ եմ ասում: Չլիներ նրա աջակցությունը, ներկայիս առաջընթացն ու մարզական արդյունքներն էլ, հաստատ, չէին լինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել