Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲԱՐՁՐ ԱՐՎԵՍՏ՝ ՎԱՆԱՀՈՎԻՏՈՒՄ

Հուլիս 12,2011 00:00

Արվեստագետների համոզմամբ՝ մշակույթը պետք է դուրս հանել Երեւանի կենտրոնից

\"\"

Երեւանից մի քանի կիլոմետր հեռու՝ Աշտարակի խճուղու Վանահովիտ թաղամասի հովիտներում այսուհետեւ կգործի «Աբրահամյան» արվեստի կենտրոն եւ ցուցասրահ:
Նախաձեռնությունը կանադահայ Զաբել եւ Նիկոլ Աբրահամյաններինն է: Հուլիսի 8-ին Աբրահամյան ամուսիններն իրենց հարկի տակ էին ընդունել հայկական արվեստի ներկայացուցիչների, արվեստի սիրահարների: Այդ օրը արվեստի կենտրոնը պաշտոնապես հանձնվեց հանրության դատին՝ 6 գեղանկարիչների՝ Ռոբերտ Էլիբեկյանի, Կարեն Պետրոսյանի, Ալբերտ Հակոբյանի, Աշոտ Ավագյանի, Լիլիթ Սողոմոնյանի եւ Գագիկ Ղազանչյանի ստեղծագործությունների ցուցահանդեսով:
Երեւանից կենտրոնից բավական հեռու արվեստի կենտրոն հիմնելու գաղափարը Վանահովիտ թաղամասի սեփականատեր, արվեստի սիրահար Նիկոլ Աբրահամյանին հուշել է գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը: «Առավոտի» հետ զրույցում Ռ. Էլիբեկյանն ասաց. «Նիկոլը երկար տարիներ արդեն աշխատում է այս թաղամասի վրա: Քանի որ գիտեմ՝ որքան է կապված արվեստին, մի օր ասացի, որ իր գեղեցիկ էակները (խոսքը տնակների մասին է- Լ.Շ.) առանց մշակույթի չեն ապրի: Իմ խորհրդով եւ իր համոզմունքով հիմնեցինք այս կենտրոնը»: Ռ. Էլիբեկյանը նշեց, որ արվեստի կենտրոնի՝ քաղաքից հեռու լինելը չի խանգարի վերջինիս ակտիվ գործունեությանը. «Այս կենտրոնը դեռ շատ անելիքներ ունի եւ կարծում եմ՝ բոլորիս սպասելիքները կարդարացնի: Այստեղ կլինեն ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, արվեստին նվիրված դասընթացներ»: Նրա խոսքով. «Ապագան Երեւանի արվարձաններում է: Հետո՝ չի կարելի կենտրոնանալ միայն Երեւանի կենտրոնի վրա: Մշակութային կյանքը պետք է գնա եւ Եղեգնաձոր, եւ Վանաձոր, եւ Ամասիա, Ջրվեժ, Վանահովիտ: Վերջիվերջո, ինչո՞ւ միայն կենտրոնում պիտի լինեն շքեղ խանութներ, ռեստորաններ: Ում պետք է, կգա՝ թե այստեղ, թե ամենուր, ուր բարձր արվեստի հետ հաղորդակցվելու հնարավորություն կլինի»:
«Աբրահամյան» նորաբաց արվեստի կենտրոնի առաջին ցուցահանդեսում կողք կողքի ներկայացված էին տարբեր սերնդի նկարիչների աշխատանքներ: Ռ. Էլիբեկյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է գնահատում երիտասարդ սերնդի մտահղացումները, հայացքներն ու թեմաները: «Կա մի ճշմարտություն՝ արվեստը տարիք եւ սերունդ չի ճանաչում: Չի բացառվում, որ երիտասարդը ավելի հետաքրքիր մտածի եւ ստեղծագործի: Եթե տեսնեմ մի գործ, որն ինձ դուր է գալիս, երբեք չեմ թաքցնի հիացմունքս: Իմ կարծիքով՝ արվեստագետին ողջ ժամանակ պետք է գնահատես՝ լինի երիտասարդ, թե ծեր: Ցավոք, մենք չենք սիրում մեր կողքինին բարձրաձայն գնահատել: Դա է պատճառը, որ արվեստագետներն իրենց փոխարինող սերնդին տեղ չեն տալիս, չեն զիջում եւ չեն ընդունում: Ինչպես բարեւն է Աստծունը, այնպես էլ գնահատելը»,- ասաց Ռ. Էլիբեկյանը:
Նկարչուհի Լիլիթ Սողոմոնյանը առաջին ցուցահանդեսին մասնակից արվեստագետների մեջ միակ «ծաղիկն» էր: Ինչպես նա նշեց, ներկայացել էր՝ «Թվացյալ արտացոլում» շարքով: Լիլիթի համոզմամբ, արվեստի կենտրոնը համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին. «Վստահ կարող եմ հայտարարել, որ դրսի արվեստագետներին այս կենտրոնը կգրավի իր կառուցվածքով: Կենտրոնը հետաքրքիր է նաեւ իր՝ Երեւանից հեռու գտնվելու փաստով: Գուցե շատերը խոչընդոտ համարեն տարածության խնդիրը, բայց իսկական արվեստագետին դա չպետք է խանգարի: Հավատում եմ, որ Վանահովիտում արվեստի կենտրոն ունենալը կնպաստի մարդկանց մտածելակերպի փոխվելուն: Հայաստանը չի սահմանափակվում միայն Երեւանով եւ միայն օպերայի շրջակայքով: Արվեստը սիրում է բաց, ազատ տարածություն՝ շնչելու համար»:
Մեկ այլ նկարիչ՝ Գագիկ Ղազանչյանը հույս հայտնեց, որ արվեստի կենտրոնը տարբեր կենտրոնների պես կարճ կյանք չի ունենա եւ արվեստի զարգացման հարցում իր լուրջ ներդրումը կունենա:
«Աբրահամյան» արվեստի կենտրոնի բացմանը ներկաներից շատերի ուշադրությունը ուղղված էր Կարեն Պետրոսյանի՝ «Ձայներ փշոտ դրախտից» ստեղծագործությանը, որը արտաքինից փշոտ գունդ էր՝ Երկիր մոլորակի տեսքով: Ստեղծագործությունը կամ ծակում էր ինչ-որ մեկի ոտքը, կամ քաշում հագուստը:
Կարեն Պետրոսյանի ձեւակերպմամբ՝ փշերն իրենց գործն անում են. «Ես համոզված եմ, որ դրախտում էլ փշեր կան: Այս կենտրոնը գուցե փոխաբերական իմաստով դրախտ է արվեստագետի համար, բայց այստեղ էլ փշեր կան, ինչպես արվեստում՝ արվեստագետի համար: Մեր կյանքը լի է ե՛ւ ուրախ, ե՛ւ տխուր իրադարձություններով, փշերն են օգնում գոյատեւելու՝ ընկալելով լավն ու վատը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել