Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

5 ընկեր, 1 հղի եւ 80 տոկոս կտրվածներ

Հուլիս 12,2011 00:00

Միասնական քննությունները եւ դրանց արդյունքների բողոքարկումը շարունակվում են

Երեկ կայացավ միասնական քննությունների երկրորդ փուլի օտար լեզուների քննությունը՝ անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն առարկաներից: Անգլերեն քննություն հանձնելու համար ԳԹԿ դիմում-հայտ է ներկայացրել 513 դիմորդ, գերմաներենից՝ 50, ֆրանսերենից՝ 23, իսպաներենից՝ 4, իտալերենից՝ 1:
Երեկվա քննությունն էլ առանց միջադեպերի չանցավ:
Քննության մեկնարկից 7 րոպե անց քննակենտրոն ներկայացավ թալինցի մի դիմորդ: Չնայած նա ուշացել էր քննությունից եւ ըստ քննական կարգի՝ ԳԹԿ ներկայացուցիչներն ու քննակենտրոնի ղեկավարը իրավունք ունեին նրան քննության չթողնել, այնուամենայնիվ, միասնական քննությունների լրացուցիչ փուլի առանձնահատկություններին բնորոշ, ուշացած թալինցի դիմորդը մասնակցեց քննությանը:
Օտար լեզվից քննություն հանձնելը որոշ դիմորդների համար հայրենիքը լքելու եւ այլ երկրում կրթությունը շարունակելու միջոց է. ԳԹԿ-ն տրամադրում է համապատասխան վկայական՝ քննություններին մասնակցած լինելու մասին: Օրինակ, գերմաներենից քննություն հանձնող 18-ամյա Նունե Հովհաննիսյանը միասնական քննություններին մասնակցում էր Գերմանիա մեկնելու նպատակով: Ասում է՝ «Իրավաբանական կրթություն եմ ուզում ստանամ ու գիտեմ, որ այնտեղ իրավաբանությունն ավելի զարգացած է: Ես դեռ վաղուց պետք է Գերմանիայում լինեի, հայրս արդեն քաղաքացիություն ունի: Հայաստանում ընդունվեմ բուհ, որպեսզի հետո հնարավորություն ունենամ այնտեղ շարունակելու»:
Իտալերեն քննություն հանձնող միակ դիմորդ Լուսինե Հարությունյանը իտալերեն հանձնում է Իտալիայի Պերուջայի համալսարան մուտք ունենալու համար. «Դիմում եմ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան: Իտալերենը սիրում եմ: Առաջին մասնագիտությամբ երաժիշտ եմ եւ երաժշտության միջոցով շատ եմ շփվել այդ լեզվի հետ: Դիմել եմ Իտալիայի Պերուջայի համալսարան: Այստեղ ուսումս ավարտելուց հետո կշարունակեմ այնտեղ»:
Երեկ կրկին հանդիպեցինք Հայաստանը լքել պատրաստվող Գայանե Հակոբյանի ընտանիքին: Հիշեցնենք, որ նրա աղջկա քննության արդյունքներից էր կախված ընտանիքի՝ Հայաստանից հեռանալ-չհեռանալու ապագան: Ինչպես հայտնեց տիկին Գայանեն, նրանք մնում են Հայաստանում, քանի որ նախորդ քննությունները աղջիկը հաջող է հանձնել: Մնում է անգլերենից դրական միավոր գրանցվի:
ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանի փոխանցմամբ, անգլերենից քննություն հանձնող երկու աղջիկ հարցերին պատասխանելու փոխարեն նկարել էին: Նրանցից մեկը պատասխանի ձեւաթղթի վրա խաչերով եղեւնի էր նկարել, մյուսը բոլոր դատարկ վանդակները պատել էր խաչերով:
Իսպաներենից քննություն էր հանձնում 4 դիմորդ, որոնցից մեկը 30-ն անց տղամարդ էր: Երբ նրանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է ընտրել իսպաներենը, կարճ-կոնկրետ ասաց. «Էտի գիտեմ…»:
Իսպաներեն քննություն հանձնողներից մեկն էլ ժամանել էր Ռումինիայից: Դիմորդը մեզ հետ զրույցում պատմեց, որ Ռումինիայում դպրոցական կրթությունը իսպաներեն է եղել: Հայաստանում քննություն է հանձնում Ռումինիայի որեւէ բուհ ընդունվելու համար. պետք է այնտեղ ներկայացնի ԳԹԿ տրամադրած վկայականը:
Անգլերենից քննություն հանձնողների շարքում կար մի հղի կին: Նունեն «Առավոտին» պատմեց, որ երկու ամիս է մնացել իր առաջնեկի ծնվելուն. «Սա իմ երկրորդ կրթությունը կլինի, եթե ընդունվեմ: Շուտով կծնվի բալիկս, բայց նա ինձ չի խանգարի ուսում ստանալու համար, քանի որ սկեսուրս, սկեսրայրս եւ ամուսինս կօգնեն»:
Կիրակի օրը՝ հուլիսի 10-ին կայացել էր նաեւ ֆիզիկա առարկայի քննությունը: Երբ ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանից հարցրինք քննության արդյունքների մասին, նրա դեմքն այլայլվեց. «Չգիտեմ մեկ բառով ինչպես նկարագրեմ՝ ուղղակի ողբալի է. դիմորդների 80 տոկոսը չի հաղթահարել դրականի շեմը»: Ֆիզիկայի միջին միավորը 5-ն է, այն դեպքում, երբ անցողիկ բալն իջեցվել -դարձել էր 7,5՝ հաշվի առնելով այս տարվա դիմորդների մակարդակը:
Ֆիզիկա քննության քննակենտրոնի ղեկավար Արմեն Փաշայանն էլ ասաց, որ ֆիզիկայի քննության ընթացքում գրանցվել են արտագրության դեպքեր:
Ֆիզիկայի քննության ժամանակ առավոտյան ժամը 9-ին քննության են ներկայացել 5 ընկերներ, որոնք՝ 5-ն էլ, քննության մեկնարկից մի քանի րոպե առաջ դուրս են եկել քննասենյակից, պատճառաբանելով՝ «մեկ է՝ մաթեմատիկան կտրվել ենք, ինչների՞ս է պետք…»:
Ինչ վերաբերում է հուլիսի 8-ին կայացած հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննության արդյունքներին, ըստ Գ. Խաչատրյանի, 790 դիմորդից 127-ը անբավարար է ստացել, միջին միավորը 10,5-ն է:
Շաբաթ օրը կայացել էր նաեւ մաթեմատիկա առարկայի քննության արդյունքների բողոքարկումը: Ըստ ԳԹԿ աշխատակից, բողոքարկման դիմումներ ընդունող Վահան Գառգալոյանի, մինչ օրս 6 դիմորդ է ներկայացել բողոքարկման, այն էլ՝ ոչ թե բողոքարկելու, այլ 0,5-2 բալ նվիրելու խնդրանքով:
Հաջորդ քննությունը տեղի կունենա այսօր՝ կենսաբանություն, աշխարհագրություն եւ ընդհանուր պատմություն առարկաներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել