Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՍ ՆՈՂԿԱՆՔՆ Է»

Հուլիս 12,2011 00:00

\"\"Ասաց ԿԳ նախարարը բոլոր այն տնօրենների մասին, ովքեր կոծկել են Սերոբ Տեր-Պողոսյանի ոտնձգությունները իրենց աշակերտների հանդեպ:

Գերմանիայի Պլեմեն քաղաքի գաղթօջախը հայկական դպրոց չունի, այնտեղ հայերեն չի ուսուցվում: Գոհար Սաֆարյանն է այդ մասին պատմում: Նա տասնհինգ տարի Հայաստանում դասվար է եղել, հիմա էլ կարեւորում է հայ գաղթօջախում հայկական դպրոցի առկայությունը: «Լսել էի, որ ՀՀ ԿԳ նախարարությունը կազմակերպում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստում: Այս տարի ցանկացա գալ, մասնակցել, փորձ եւ գիտելիքներ ձեռք բերել, գնալ Գերմանիա եւ այնտեղ գոնե կիրակնօրյա դպրոց բացել»,- ասում է նա: Հալեպի Կիլիկյան հայկական դպրոցի հայոց լեզու առարկայի երիտասարդ ուսուցչուհի Սեւան Քելեշյանը պատմում է՝ իրենց մոտ բոլորն էլ հայերեն են խոսում, հաճախում են հայկական դպրոց: Կարծում է՝ սփյուռքից շատ ուսուցիչներ պետք է գան եւ մասնակցեն այս ծրագրին. «Սա կարեւոր քայլ է հայապահպանության, երեխաներին հայեցի դաստիարակելու եւ, իհարկե, մանկավարժական նոր մեթոդներին ծանոթանալու համար»,- ասում է նա: «Երբ ինչ-որ բանից կարոտ ես մնում, ձգտում ես պահպանել այն: Մենք էլ այս չեղած պայմաններում հայոց լեզվի պահպանությամբ ենք զբաղված»,- ասում է Աբխազիայի գյուղերից մեկի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Աննա Հակոբյանը: Դպրոցը, որտեղ նա դասավանդում է, հայկական է: Նշում է՝ գյուղի հայերին հարմար է այդ դպրոց հաճախելը: Նա առաջին անգամ է մասնակցելու սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստմանը, ակնկալում է, որ նոր գիտելիքներ ձեռք կբերի եւ կտանի գաղթօջախ՝ հարստացնելու այն: «Մեզ մոտ շատ խնդիրներ կան, ամենակարեւորը դասագրքերի եւ մեթոդական գրականության պակասն է»,- ասում է նա՝ հույս հայտնելով, այս ամսվա մեջ այս խնդիրներին լուծում կտրվի:
Սփյուռքահայ ուսուցիչների հետ «Առավոտը» խոսեց երեկ՝ Կրթության ազգային ինստիտուտում: Նրանց վերապատրաստման դասընթացի այս տարվա բացման արարողությունն էր: Ծրագրին մասնակցում է 84 ուսուցիչ՝ 18 երկրից:
Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը Հայաստանում կազմակերպվում է 2000թ.-ից: 2002թ.-ից այն կատարվում է պետական հովանավորչությամբ եւ ֆինանսավորմամբ:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կարեւորեց սփյուռքահայ ուսուցիչների դերը հայապահպանության, ազգային մշակույթի, պատմության, աշխարհագրության ուսումնասիրման, երիտասարդ սերնդի մեջ իրենց հայրենիքին առնչվելու կայծը բորբոքելու խնդիրներում: Նա ներկայացրեց նաեւ նախարարության քայլերը այս ուղղությամբ. էլեկտրոնային գրականության մեծ պաշարը, որը ավելի մատչելի կդարձնի գրականության ուսումնասիրումը հայկական գաղթօջախների կողմից: «Ինտերնետը պետք է ձեզ հետ միասին փորձենք օգտագործել՝ որպես հայկական կրթական բովանդակության տարածման, սփռման լավագույն գործիք: Էլեկտրոնային դասագրքերը, շտեմարանները եւ այլ օժանդակ նյութեր, որ մենք այսօր ունենք, շարունակաբար հարստացվելու են»,- ասաց պարոն Աշոտյանը սփյուռքահայ ուսուցիչներին: Նա ներկայացրեց նաեւ սփյուռքում կադրերով ապահովելու իր նոր ծրագիրը: «Հայաստանը տարեկան 70 սփյուռքահայ ուսանողի անվճար սովորելու հնարավորություն է տալիս, որոնք ապագայում պետք է համալրեն համայնքային մտավորական ներուժը: Բայց նրանց զգալի մասը գերադասում է չվերադառնալ այն պետություններ, որտեղից եկել է: Դա նշանակում է՝ մեր պետության գումարները աննպատակային են ծախսվում: Այս տարվանից մենք դիմորդների հետ կնքվելիք պայմանագրերում նշելու ենք՝ եթե այս կամ այն շրջանավարտը հրաժարվի վերադառնալ եւ աշխատել իր գաղթօջախում, ստիպված կլինի մուծել տուգանք»,- ասում է նախարարը եւ նշում գումարը՝ ավարտական կուրսի վճարովի ուսուցման շուկայական արժեքի 8-ապատիկը: «Սա դաս կլինի մնացածներին, որ հասկանան՝ հայրենիքի եւ սփյուռքի համատեղ ծրագրերը անձնական շահեր հետապնդելու համար չեն»,- նշում է ԿԳ նախարարը:
«Առավոտը» նախարար Աշոտյանի հետ խոսեց վերջին ժամանակների աղմկալի դեպքերի մասին: «Հետքի» կայքէջում խմբագիր Էդիկ Բաղդասարյանը հուլիսի 7-ի «Սերոբ Տեր-Պողոսյանի հետ պետք է պատժվեն նաեւ նրա հովանավորները» նյութում պահանջում է աշխատանքից ազատել այն դպրոցների տնօրեններին, ովքեր տեղյակ էին Սերոբ Տեր-Պողոսյանի արարքներից, բայց լռում էին, քանի որ նա նվերներ էր տվել տնօրեններին: Փորձեցինք պարզել պարոն Աշոտյանի դիրքորոշումն այս հարցի շուրջ: «Մարդկային վերաբերմունքս նողկանքն է, բայց քանի որ խնդիրը իրավական դաշտում է դիտարկվում, հենց այնպես նախարարությունը ոչինչ չի ձեռնարկի: Եթե դատաքննության ընթացքում տնօրենների մեղավորության դեպքերն ապացուցվեն, ապա կձեռնարկվեն այնպիսի կտրուկ քայլեր, ինչպիսիք ձեռնարկվեցին Նուբարաշենի թիվ 11 դպրոցի դեպքում. աշխատանքից հեռացվեց դպրոցի տնօրենը»,- ասում է նախարարը: Նրա ձեւակերպմամբ, Սերոբ Տեր-Պողոսյանի գործով «բռնկված խարույկի» մեջ բոլորը փորձում եմ փայտ նետել, որ ավելի բոցավառվի, ինչը սխալ է համարում: Նախարարը «Առավոտին» ներկայացրեց նաեւ իր դիտարկումները այս տարվա դասագրքերի մրցույթի շուրջ եղած աժիոտաժի վերաբերյալ՝ այն այնքան էլ «աղմկահարույց» չհամարելով: «Այն, ինչ մենք ենք արել, փորձ է փոխել այն, ինչից տարիներ շարունակ դժգոհում են մասնագետները: Չես փոխում՝ դժգոհում են, փոխում ես՝ նորից դժգոհում են: Բայց այս անգամ դժգոհում են այն հեղինակները, ովքեր դասագրքերի մրցույթում չեն շահել»,- ասում է նախարարը՝ հավելելով, որ մրցույթի արդյունքները բողոքարկելու իրավունք ունեն միայն հրատարակիչները, որոնք չեն դժգոհում: «Մենք դասագրքերից ընտրել ենք լավագույնները»,- հավաստում է ԿԳ նախարարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել