Լրահոս
Օրվա լրահոսը

Անվան գաղտնիքը

Հուլիս 12,2011 00:00

\"\"Հոգեբան գիտնականները պնդում են, որ մենք՝ մոտ 100 տարի առաջ ցեղասպանված ու ցեղասպանությունից մազապուրծ եղածների ժառանգները մեր մեջ կրում ենք այդ ողբեգրության ազդեցությունը: Մարդկային որակներն ու բնույթը ուսումնասիրող գիտնականներ էլ կան, որ պնդում են, թե մարդու անունը վճռորոշ ազդեցություն ունի նրա կյանքում: Օրինակ, իզուր չէ, որ կռիվներ սիրող ռուսների մեջ շատ են Վլադիմիր (իշխիր աշխարհը, նվաճիր աշխարհը), Յարոսլավ (համառություն եւ փառք) եւ նման այլ անուններ:
Այս ողջ պատմությունը հիշեցի, երբ մի ծանոթ ճարտարապետի հետ քննարկում էինք Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հերթական նախաձեռնությունը՝ ՀՀ կառավարության նստավայրի գլխին թմբուկ կառուցել: Հանրությունը կամ գոնե նրա մի մասը ընդվզում է եւ հանրային քննարկում պահանջում: Նարեկ Սարգսյանը դեմ է նման քննարկմանը եւ թերթերից մեկին ասել է, թե օպերան կամ կառավարության նստավայրը տասնյակ տարիներ առաջ կառուցվել են առանց հանրային քննարկման: Խորհրդային պետության այն տարիներին, երբ կառուցվել են այս շենքերը, իշխանությունը չէր պատկանում ժողովրդին, հանրությունը բնավ էլ դեր չուներ: Հիմա էլ է այդպես՝ մեկ տարբերությամբ. այն ժամանակ այլախոհներին ուղարկում էին մի տեղ, ուր դռները ամուր փակ են, իսկ հիմա այլախոհների ասածները պարզապես բանի տեղ չեն դնում:
 Դառնանք անուններին: Երբ նույն ծանոթիս հետ քննարկում էինք, թե ինչու են Հայաստանի բոլոր ճարտարապետները բոլոր հարցերում սխալ, եւ միան պարոն Սարգսյանն է բոլոր հարցերում ճիշտ, նա հանկարծ խոսքի մեջ ասաց, որ 1958 թվականի հունվարի 14-ին ծնված եւ այսօր 53 տարեկան Նարեկ Սարգսյանը կյանքի առաջին 20-25 տարիներին եղել է Նապոլեոն Սարգսյան: Ու սա բացատրում է ամեն ինչ: Թղթի վրա Նապոլեոնը դարձել է Նարեկ, բայց նապոլեոնական հակումներն ու դրսեւորումները նրա մեջ չեն մահացել կամ բթացել: Դե, եթե 100 տարում ցեղասպանության հետքը չի անցել, 25 տարին ինչ է, որ նապոլեոնիզմը վերանա առաձին վերցրած մեկ մարդու մեջ: Այդպիսի անուն ունեցող մարդը կարող է ունենալ միայն կայսերական հավակնություններ, գումարած՝ անսխալականության բարդույթ:
Այսօր Երեւանի գլխավոր ճարտարապետը մինչ այս հասցրել է լինել Երեւանի գլխավոր ճարտարապետ, քաղաքապետի տեղակալ, «Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոցի ղեկավար, Երեւանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման նախագծի գլխավոր ճարտարապետ, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան, ՀՀ վարչապետի խորհրդական՝ քաղաքաշինության հարցերով, Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ամբիոնի դասախոս, դոցենտ, Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի ԱՔՇ ճարտարապետության ամբիոնի դասախոս, Հայաստանի գլխավոր ճարտարապետ՝ քաղաքաշինության փոխնախարար:
Ինչպես հայտնի է, այն մարդու մասին, որը միաժամանակ մի քանի գործ է անում, սովորաբար ասում են՝ «Դու հո Նապոլեո՞նը չես»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել