Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԱՐԻ ՏՈՒՆԸ» ԳՐԱՎԵԼ Է ՕՏԱՐՆԵՐԻՆ

Հուլիս 12,2011 00:00

Հունվարին տեղեկացրել ենք, որ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրը այս տարի կիրականացվի հունիսի 19-հոկտեմբերի 9 հատվածում՝ 10 փուլով: Երկու շաբաթով հայաստանցիների ընտանիքներում կհյուրընկալվեն սփյուռքահայ աղջիկներ եւ տղաներ: Սփյուռքահայ հյուրերի կարիքների մեծ մասը հոգում է պետությունը, որոշ ծախսեր՝ սնունդ եւ այլն, հյուրընկալ ընտանիքը:
Երեկ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «բարով եք եկել հայրենիք» մաղթանքով ընդունեց «Արի տան» այս տարվա երրորդ՝ երեխաների քանակով ամենամեծ փուլի մասնակիցներին: Այս փուլում տուն է եկել 93 երեխա 16 երկրից՝ Շվեդիա, Կիպրոս, Ռուսաստան, Բելառուս, Ֆրանսիա, Իսպանիա, Վրաստան, Թուրքիա, Բելգիա եւ այլն: Շուտով նրանց կմիանա նաեւ արգենտինահայերի մոտ 30 հոգանոց մի խումբ: Ուշագրավ է, որ այս 30 հայերի հետ Հայաստան են գալու 14 արգենտինացիներ, ովքեր, սակայն, իրենք են հոգալու իրենց ծախսերը, բայց մասնակցելու են «Արի տան» երեխաների համար կազմակերպվող ծրագրերին ու միջոցառումներին:
Հրանուշ Հակոբյանն ասաց, որ ծրագրից հետո երեխաները իրենց բնակության երկրներ պետք է վերադառնան Հայաստանի ներկայացուցիչներ դարձած, գեղեցիկ հուշերով եւ Հայաստանում անցկացրած օրերի մասին տեղի համայնքներում պատմելու պատրաստակամությամբ: Հորդանանցի Ռաքել Ասատրյանը խոստացավ, որ ոչինչ չի մոռացվի:
Նախարարը նշեց, որ «Արի տուն» ծրագրի իրագործման երեք տարիների ընթացքում արդեն 4 ամուսնություն է գրանցվել, երկուսը՝ սփյուռքահայերի, երկուսը՝ հայաստանցու եւ սփյուռքահայի միջեւ: «Ինձ համար շատ կարեւոր է, որ հայկական ընտանիք է ստեղծվում, ոչ թե խառը ամուսնություն: Այս երկուսին Հայաստան ենք բերել ընդմիշտ: Այսպիսով մենք հայրենիք-սփյուռք կապերն էլ ավելի ենք ամրապնդում, նաեւ զարգացնում զբոսաշրջությունը»,- ասաց նախարարը:
«Արի տուն» ծրագիրը արդեն թոռնիկ էլ ունի՝ ընտանիք կազմած զույգերից մեկը երեխա է ունեցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել