Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հորթուկանվիրատվությունները սկսվում են

Հուլիս 12,2011 00:00

Դեռեւս 2009 թվականի սեպտեմբերի 19-ին՝ «Օգնենք, որ օգնեք» հրապարակմամբ տեղեկացրել ենք արդեն 10 տարի Հայաստանում աշխատող «Հեյֆեր Հայաստան» կազմակերպության յուրօրինակ ծրագրի մասին. կազմակերպությունը գյուղացուն հղի կով է նվիրում, պայմանով, որ նա կաթից բաժին կհանի նաեւ հարեւանին, իսկ երեք տարի անց մեկ այլ կով կնվիրի նույն համայնքի այլ բնակչի: Այս շաբաթ նվիրատվություններ են լինելու:
Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում «Հեյֆեր-Հայաստանի» հիմնադրած «Այո» գյուղատնտեսության պատանեկան խմբակի անդամ 32 դպրոցականներից առավել լավ սովորած 9 հոգի են առաջինը հորթուկներ ստացել՝ խնամելու, աճեցնելու, կովացու դարձնելու եւ հասակակիցներին փոխանցելու պայմանով, շաբաթ օրը իրենց հերթին հորթուկ նվիրեցին գյուղի այլ երեխայի:
Մինչ երեխային կենդանի վստահելը, նախ նրանց տեսական գիտելիքներով «զինելու» հարցն է լուծվել. մասնագետների օգնությամբ երեխաները տեղեկացել են կենդանիների կառուցվածքի, խնամքի, բազմացման եւ այլ հարցերին:
8-11-րդ դասարանների պատանիները գյուղմասնագետներին ու հասակակիցներին էին ներկայացնում իրենց խնամած երնջացուների տվյալները՝ քաշը, կազմվածքը, խնամքն ու սնվածությունը:
Հայաստանի ագրարային համալսարանի գյուղացիական կենդանիների ամբիոնի վարիչ Վոլոդյա Աբրահամյանին զարմացրել էր պատանի անասնաբույծների տեսական եւ գործնական գիտելիքների պաշարը՝ կենդանիների աճի ու խնամքի մասին: Մասնագետը չբացառեց, որ սիրելով ու կապվելով կենդանուն, երեխան հետագայում կկողմնորոշվի նաեւ մասնագիտության ընտրության հարցում: Նախադեպ էլ կա. տարիներ առաջ «Հեյֆերի» այս ծրագրի մասնակից դպրոցական աղջնակն այնքան էր տարվել իր խնամած հորթուկով, որ ծնողներին հորդորել էր կաթնարտադրության փոխարեն զբաղվել կովարտադրությամբ: «Աղջկա խորհրդով հայրը 15 էգ հորթ ներկրեց եւ փոքրիկ ֆերմա հիմնեց»,- հիշում է Վոլոդյա Աբրահամյանը:
Նալբանդյանցի սկսնակ անասնաբույծի աճեցրած մեկ տարեկան հորթուկը երեք տարի առաջ մասնագետները 800 դոլար են գնահատել, սակայն, ի տարբերություն այլ երկրներում գործող նմանատիպ ծրագրերի, որտեղ երեխաների աճեցրած հորթուկները ոչ միայն ցուցադրվում ու գնահատվում են, այլեւ՝ աճուրդով վաճառվում, մեզ մոտ բիզնես բաղադրիչը բացակայում է: Ոչ ոք չի ժխտում, որ հորթուկները աճուրդի հանելու, դրա դիմաց գումար ստանալու, ծրագրի շրջանակում փոքրիկ բիզնես ունենալու հնարավորությունը կդառնար անասնաբուծության զարգացման խթանիչ ուժ: «Նման ծրագրերը մեր երկրում մի շարք իրավական եւ այլ խնդիրների հետ են կապված: Բայց այնպես էլ չէ, որ այդ ուղղությամբ ոչինչ չենք անում»,-ասաց «Հեյֆեր-Հայաստան» գրասենյակի տնօրեն Անահիտ Ղազանչյանը:
Նալբանդյանցի երեխաները տեղը-տեղին խնամել ու գիրացրել էին բոլոր հորթուկներին, բայց հաղթող ճանաչվեց 10-րդ դասարանցի Էսթեր Հակոբյանը: Նրա հորթուկը ամենապարարտն էր՝ 50 կգ: Թե Էսթերի, թե մյուս խնամակալների համար բավականին դժվար էր կենդանիների փոխանցման պահը: 11-րդ դասարանցի Արտակ Մինասյանը, օրինակ, ասաց, որ մեծ սիրով կշարունակեր իրեն վստահված հորթուկի խնամքը: «Երեք տարի՝ այս հորթուկի մորը, 2,5 ամիս էլ իրեն եմ պահել-կերակրել: Հեշտ չէ բաժանվելը: Չնայած ում որ փոխանցում եմ՝ բարեխիղճ եւ պատասխանատու տղա է, բայցեւայնպես՝ հորթուկիս կկարոտեմ»,- ասաց զինվորական դառնալ ցանկացող պատանին՝ ափսոսանքով ու ցավով նկատելով, որ գյուղը օրեցօր դատարկվում է: Ինքն անձամբ չի պատրաստվում լքել գյուղը, վստահ է՝ զինվորական բարձրագույն կրթություն ստանալը չի խանգարի գյուղատնտեսական աշխատանքներին: «Եթե բարձրագույն կրթություն ստացած յուրաքանչյուր գյուղացի գնա իր տուն ու տեղից, էլ ո՞ւմ վրա է քաղաքացին հույսը դնելու: Այսպիսի ծրագրերը կարեւոր են հենց մեր՝ գյուղաբնակներիս համար, որ հավատանք դիմացինին ու մեզ, որ չհիասթափվենք էն գործից, որը ստանձնել ու դժվարությունների առաջ ենք կանգնել: Եթե մի փոքր էլ պետության աջակցությունը զգանք մեր թիկունքում, արտագաղթողներն այսքան շատ չեն լինի»,- վստահ է նալբանդյանցի Արտակ Մինասյանը:

Հ. Գ. Առաջիկա օրերին հորթուկանվիրատվություններ են լինելու հանրապետության բոլոր այն համայնքներում, որ գործում է ծրագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել