Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԵՍ ՃԻՇՏ ՏՈՊՐԱԿ ԵՄ»

Հուլիս 12,2011 00:00

\"\"Հայաստանի մանուկների հիմնադրամի (COAF) եւ HSBC-Հայաստան բանկի եռամյա ծրագիրը ավարտվեց շաբաթ օրը՝ մանուկների հեղինակած լուսանկարների ցուցահանդեսով:

2009 թվականից Հայաստանի մանուկների հիմնադրամը եւ HSBC-Հայաստան բանկը սկսեցին «Շրջակա միջավայրի պահպանություն եւ կանանց ձեռներեցության զարգացում գյուղական վայրերում» ծրագիրը, որի նպատակը պոլիէթիլենային՝ պլաստիկ տոպրակների օգտագործումը նվազեցնելուն նպաստելն էր: Հայտնի է, որ ի տարբերություն թղթե կամ կտորե տոպրակների, պլաստիկ տոպրակը դեն նետելուց հետո չի քայքայվում եւ մեծ վնաս է հասցնում շրջակա միջավայրին:
Եռամյա ծրագրի իրականացման համար ծախսվել է 36 հազար ԱՄՆ դոլար: Ծրագրի շրջանակներում նախաձեռնողները տեղեկատվական-իրազեկման աշխատանք են իրականացրել, միայն HSBC բանկի Երեւանի 7 մասնաճյուղերում 50 հազար քաղաքացի է տեղեկացվել պլաստիկի վնասների մասին եւ դարձել «Հակապլաստիկ շաբաթ» ակցիայի մասնակից: Արմավիրի մարզի Մյասնիկյան, Քարակերտ, Դալարիկ, Լեռնագոգ գյուղերի բնակիչ 10 կին միասին կարել են երկու հազար հատ «ճիշտ»՝ կտորե տոպրակ՝ «Ես ճիշտ տոպրակ եմ» մակագրությամբ, որոնք բաժանվել են եւ կբաժանվեն մեր համաքաղաքացիներին: Եվ ի ամփոփումն, այս չորս գյուղի հինգ դպրոցի 8-15 տարեկան 16 աշակերտի 60 լուսանկարների ցուցահանդես՝ նույն թեմայով՝ պլաստիկ տոպրակների բերած վնասները:
Թե Հայաստանի մանուկների հիմնադրամի (COAF) գործադիր տնօրեն Սերոբ Խաչատրյանը, թե HSBC-Հայաստան բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը կարեւորեցին շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված նախաձեռնությունը, որը միաժամանակ նպաստել է գյուղում որոշակի տնտեսական շարժի:
Իսկ ցուցահանդեսի մասնակից, Մյասնիկյան գյուղի 10-ամյա բնակիչ Ֆլորա Նիկոլյանը, որ արձանագրել էր գյուղի փողոցներից մեկում պլաստիկ աղբի անցանկալի առատություն, հույս ունի, որ իր լուսանկարը տեսած պաշտոնյաները կմաքրեն գյուղը աղբից:
Գայանե Դավթյանն էլ կարողացել էր բռնացնել պահը, երբ երեխան խաղում էր աղբի կույտի մոտ: Բակում խաղալու տեղ կա, բայց կա նաեւ աղբ, որը հաստատ մաքրել է պետք:
Մյասնիկյանցի 15-ամյա Մարիետա Ավետիսյանը լուսանկարել էր, թե ինչպես են իր դասընկերները Օշականում հանգստանալիս պլաստիկ տոպրակները թողնում ծառերի տակ, աղբյուրների մոտ: «Ընկերս ասաց՝ ինչու ես ինձ նկարում, ասում էր՝ ջնջի, բայց չեմ ջնջել եւ ներկայացրել եմ ցուցահանդեսին, որովհետեւ եթե այսպես շարունակվի, երկրագունդը կծածկվի աղբով»,- ասաց Մարիետա Ավետիսյանը:
Հենց Մարիետա Ավետիսյանն էլ շահեց Հայաստանի մանուկների հիմնադրամի (COAF) եւ HSBC-Հայաստան բանկի սահմանած առաջին մրցանակը՝ ստանալով թվային ֆոտոխցիկ եւ Հայաստանում հրատարակվող ամսագրերից մեկում լուսանկարները տպագրելու հնարավորություն: Քարակերտցի Սոնա Մարտիրոսյանը, դալարիկցի Գեւորգ Կարապետյանն ու մյասնիկյանցի Գայանե Դավթյանը նույնպես մրցանակ ստացան՝ թվային ֆոտոխցիկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել