Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՐԲԵՔ ՄԻ ԱՍԱ՝ «ԵՐԲԵՔ»

Հուլիս 12,2011 00:00

Ցուցակները կան, երկխոսությունը դեռ չի սկսվել

«Եթե հիշում եք, իր՝ հունիսի 17-ի անդրադարձում հանրապետության նախագահը հստակ նշել էր, որ եթե մեկ կոնկրետ հարցի շուրջ բանակցությունների փոխարեն Հայ ազգային կոնգրեսն իրապես պատրաստ է շարունակել երկխոսությունը մեր երկրի զարգացման ուղեգծին, արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող կարեւորագույն հարցերի լայն շրջանակում եւ ցանկություն ունի դա իրականացնել միայն հատուկ նշանակված մարդկանց միջոցով, ապա կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները կարող են նստել քննարկումների սեղանի շուրջ: Հունիսի 30-ի իր ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը, ըստ էության, դրական պատասխանեց այս առաջարկին՝ նշելով. «Երկխոսություն՝ այո, բայց ոչ թե երկրորդական, այլ առաջին հերթին հիմնական հարցերի շուրջ»: Ողջունելով նման արձագանքը՝ կոալիցիոն կուսակցությունները ձեւավորել են համապատասխան աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են երկուական ներկայացուցիչ՝ յուրաքանչյուր կուսակցությունից: Առաջիկա օրերին կհրապարակվի խմբի անդամների ցանկը, եւ առաջին աշխատանքային քննարկումը հնարավոր կլինի կազմակերպել արդեն գալիք տասնօրյակում»,- ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը շաբաթ օրը հանդես եկավ այս հայտարարությամբ, եւ ըստ էության քաղաքական դաշտը կրկին ընկավ մտորումների գիրկը։ Փաստորեն, մնում է լուծել հերթական գլուխկոտրուկը՝ ո՞րը կարող է «հիմնական հարց» դիտվել իշխող կոալիցիայի համար, եւ ո՞րն է «հիմնական հարց»՝ ՀԱԿ-ի համար:
Անցած շաբաթ օրվա կեսերին ավելորդ անգամ պարզ դարձավ, որ քաղաքական ուժի ներկայացուցիչ լինելը՝ դրանից բխող բոլոր տհաճ անակնկալներով, բավականին բարդ գործ է, հատկապես այն իրավիճակում, երբ բոլոր հարցերի պատասխանները, հավանական լուծումներն ու ելքերը գիտի մեկ անձ, եւ նա այդ մասին հրապարակավ հայտարարում է միայն իր ուզած պահին եւ իր ուզած ձեւերով: Փաստորեն, իշխող կոալիցիայի անդամ քաղաքական գործիչներն իրար հետեւից խիստ դժվարին վիճակում են հայտնվում վերջին երկու-երեք ամիսների ընթացքում, քանի որ կոալիցիայի լիդերը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, շարունակ կատարում է հատուկ մտածված քայլեր, որոնց մասին կանխավ ոչ ոք գլխի չի ընկնում։ ՀԱԿ-ի առաջարկը՝ ցուցակ կազմել եւ երկխոսել ցուցակային մակարդակում, կոալիցիայի անդամները միաձայն եւ կտրականապես մերժեցին: Սակայն բավական է՝ նախագահը ասի, թե ցուցակ պետք է լինի, ցուցակն անմիջապես կազմվեց եւ դրվեց հանրային քննարկման: Ի դեպ, մի կողմ թողնելով ավելորդ համեստությունը՝ ուզում եմ կրկին հիշեցնել, որ դեռ մեկուկես ամիս առաջ, երբ ՀԱԿ-ը ներկայացրեց իր հնգյակը, իսկ կոալիցիան վճռական հայտարարեց, թե ոչ մի ցուցակ էլ չի լինելու, մենք մեր կողմից գրեցինք մեր պատկերացրած իշխանական ցուցակի մասին («Առավոտ», 04.06.2011): Մեր թերթի խմբագրի կողմից որպես ցուցակի անդամ ներկայացվեց Դավիթ Հարությունյանը, իսկ իմ կողմից՝ Մհեր Շահգելդյանը եւ Գագիկ Մինասյանը: Ինչպես տեսնում եք, շատ չենք սխալվել:
Այնպես որ, իրոք, երբեք չի կարելի ասել՝ «երբեք», երբ դու առաջին դեմքը չես: Այսպիսով, շաբաթ օրը, երբ «Առավոտը» հանգստանում էր, իշխող կոալիցիան պաշտոնապես հայտարարեց, թե կլինի ցուցակ՝ վեց մարդուց բաղկացած, եւ կլինի երկխոսություն: Իհարկե, այս ցուցակում եւս, ինչպես քաղաքականության մեջ ընդհանրապես, ոտնահարված են կանանց իրավունքները, եւ տասը տղամարդու կողքին միայն մեկ կին է ներկայացվել:
Կոալիցիայի ցուցակն արդեն հայտնի է՝ Դավիթ Հարությունյան, Գագիկ Մինասյան (ՀՀԿ), Վարդան Բոստանջյան, Նաիրա Զոհրաբյան (ԲՀԿ), Մհեր Շահգելդյան եւ Խաչիկ Հարությունյան (ՕԵԿ): Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի կողմից ցուցակը կազմվել է ոչ կոալիցիոն սկզբունքով, թեպետ ՀԱԿ-ում ավելի մեծ թվով կուսակցություններ են ներկայացված, սակայն ցուցակում կան անկուսակցականներ, ՀՀՇ-ական են եւ ՀԺԿ-ական: ՀԱԿ-ը դեռ չի շտապում արձագանքել կոալիցիայի ցուցակին: ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը արդեն կիրակի օրը տարածեց մի հայտարարություն, ըստ որի՝ «Մենք դեռ չունենք որեւէ պաշտոնական որոշում, հրամանագիր կամ կարգադրություն երկխոսության համար իշխանությունների կողմից ձեւավորված պատվիրակության մասին, ուստի առայժմ ձեռնպահ ենք մնում որեւէ մեկնաբանությունից»:
Կոալիցիայի ներկայացուցիչները արդեն երեկվանից սկսեցին ասուլիսների եւ հարցազրույցների շարքը եւ հայտարարություններ են անում առ այն, որ իրենք երկխոսելու մեջ վատ բան չեն տեսնում, ընդհակառակը՝ միշտ էլ կողմ են եղել երկխոսության, բայց արտահերթ ընտրությունների թեման այդ երկխոսության հետ կապ չունի եւ չի կարող ունենալ: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին երեկ մամուլի ասուլիսում «Առավոտը» հարցրեց՝ անակնկա՞լ էր արդյոք իրենց համար կոալիցիոն ցուցակը, կոնկրետ ե՞րբ իմացան, որ այն կլինի: Ի պատասխան՝ տիկին Բիշարյանն ասաց. «Բավարար ժամանակ է՝ խոսվում է երկխոսության մասին, եւ գրեթե մեկ ամսից ավելի է, որ երկրի նախագահը անդրադարձել է նաեւ այդ ֆորմատին, որ հնարավոր է, եթե ՀԱԿ-ը ցանկանում է, կոալիցիան կոալիցիոն քաղաքական ուժերի ներկայացուցիչների դեմքերով հանդես կգա երկխոսությամբ: Եվ դրանից ՕԵԿ-ի համար հայտնի էր, որ կարող է առաջանալ հենց այդ տարբերակը: Եվ այստեղ որեւէ անակնկալ բան չեմ տեսնում, մենք դա քննարկել ենք կուսակցությունում եւ վերջին անգամ քննարկել ենք երեկ, որպեսզի վճռական ներկայացնենք մեր թեկնածուներին»:
Նաեւ հարցրինք՝ մտավախություն չունե՞ն, որ ՀԱԿ-ի հանրահավաքին կոալիցիայի ներկայացրած ցուցակը սուլոցների կարժանանա, եւ ժողովուրդը նոր ցուցակ կպահանջի: Ի պատասխան՝ Հեղինե Բիշարյանն ասաց. «Ես կարծում եմ՝ ցուցակի ներկայացուցիչները քաղաքական գործիչներ են, բոլորին ճանաչում եք, բոլոր քաղաքական ուժերը ներկայացրել են իրենց քաղաքական թեւի ներկայացուցիչներին, եւ եթե կան որեւէ անձի հետ անձնական խնդիրներ, նրանք այդ մասին կխոսեն, կարծում եմ, կոալիցիան, քաղաքական ուժերը գուցեեւ հետեւություն անեն: Չգիտեմ, ճիշտն ասած՝ ինձ համար մի քիչ անհասկանալի է այդ հարցը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել