Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ԴԻՄՈՒՄ ԷԼ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ԳՐԵՑ

Հուլիս 12,2011 00:00

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի համար հետաքրքրական եւ զարմանալի է, որ շատ մեծ կարեւորություն է տրվում բաների, որոնք իրականում «ոչ մի կարեւորություն» չեն ներկայացնում: Երեկ «Առավոտի» հետ զրույցում նա նման կարծիք հայտնեց՝ անդրադառնալով իշխանություն-ՀԱԿ երկխոսությանը. «Կա իշխանություն՝ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, եւ կա ընդդիմության թեւ, որը համեմատաբար գործնական է իրեն դրսեւորել եւ ուզում է ինչ-որ բանի մասին խոսել. ուղղակի հինգ րոպեանոց հարց է, բայց նրանք երկու ամիս ժողովրդի գլուխը տարան՝ թե ով պիտի գնա բանակցությունների: Սա ավելի քան ծիծաղելի է՝ մանավանդ փորձառու գործչի համար»: Հայրիկյանի կարծիքով, եթե իշխանական թեւը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ինչ-որ բան կամենում էր, պարզապես հայտարարում էր իր օրակարգը, ՀԱԿ-ն էլ հրապարակում էր իր օրակարգը, ու թե պատվիրակություն կոչվածի կազմում ով կլիներ՝ կարեւոր չէր: Հետեւաբար, մեր զրուցակիցը երկխոսություն կոչված այս ողջ գործընթացը այսպես է բնութագրում. «Ունայնությունից է գալիս շատախոսությունը: Կա՞ն նպատակներ, ցանկություններ, դրանք լսելու պատրաստակամություն՝ մնում էր ասել՝ ե՞րբ ենք հանդիպում եւ քանի՞ հոգով: Ովքե՞ր կգնան՝ արդեն տարրական քաղաքակրթության եւ բարեկրթության հարց է: Այդքան մեծ ուշադրություն նվիրել՝ թե մեր կողմից ով պիտի գնա, ձեր կողմից՝ ով…  էդ ո՞ւր եք գնում, որ ով էլ գնա…  գնում եք Բեռլինի վեհաժողովի՞ն: Իշխանություն է, էլի, մյուսն էլ ընդդիմություն է, էլ ի՞նչ եք իրար անցել»: Ստեղծված ներքաղաքական իրավիճակը Հայրիկյանը ձեռնպահ է մնում անգամ շոու կամ ներկայացում անվանել. «Այս ամենն ինձ համար ներկայացման ֆարս է իրականում: Ես, օրինակ, ընդդիմության թեւ եմ, բան ունես Սերժ Սարգսյանին ասելու, գրել եմ իրեն: Կպատասխանի՝ կցուցաբերի իր օրինապահությունը, չեմ ասում՝ բարեկրթությունը, չի պատասխանի՝ ես արդեն գիտեմ իմ հաջորդ քայլը»:
Հետաքրքրվեցինք, թե Հայրիկյանն ի՞նչ պահանջ ունի Սերժ Սարգսյանից եւ ի՞նչ առիթով է դիմել նրան: Քանի որ խոստացել է նախնական փուլում դրանք չհրապարակել, որպեսզի նախագահն իր գործողություններում եւ որոշումներում ավելի ազատ եւ անկաշկանդ զգա իրեն, միայն ասաց, որ ազգային մտածելակերպի եւ ազգային գաղափարախոսության եւ կարեւորագույն նախաձեռնությունների տեսակետից, իր կարծիքով, բավականին լուրջ հարցերի վրա է ուշադրություն հրավիրել: Խոսքն այն մասին է, որ ՀՀ անկախությունը, որի 20-ամյակը նշվելու է սեպտեմբերին, ունի նախաձեռնողներ, նաեւ օտարազգի մասնակիցներ: Ու հիմա անհամբեր սպասում է նախագահի արձագանքին կամ չարձագանքին. «Կարձագանքի՝ լավ, չարձագանքի՝ կհայտնվի ծիծաղելի վիճակում: Հիմա ի՞նչ է, ես դրանից պատմությո՞ւն սարքեի՝ թե իմ որ օգնականը տարավ, աշխատակազմից ում հանձնեց, զանգեցին՝ ինչ ասեցին»: Ըստ մեր զրուցակցի, Սերժ Սարգսյանի պատասխանը իրեն ցույց կտա՝ իրենք միեւնո՞ւյն արժեքային համակարգում են, թե՞ տարբեր՝ աթոռիկների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել