Հուլիսի 9-ին՝ շաբաթ օրը, Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Խաչիկ Հովհաննիսյանի նախագահությամբ, շարունակվեց Արման Հակոբյանի եւ Կարեն Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրանք մեղադրվում են անցյալ տարվա դեկտեմբերի 19-ին Արա Վարդանյանին ծեծի ենթարկելու, նրան ծանր գանգուղեղային վնասվածք հասցնելու համար:
25-ամյա Արա Վարդանյանը 3 օր մնալով կոմայի մեջ, գիտակցության չգալով մահացել է: Արա Վարդանյանի հայրը՝ Գեղամ Վարդանյանը, այս գործով դատական փուլում ներգրավել էր իր ներկայացուցչին՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սեդա Սաֆարյանին: Վերջինիս միջոցով դատարանից պահանջվեցին գործի նյութերը, որը տուժողի իրավահաջորդը չէր ստացել:
Միակ որդուն կորցրած Գեղամ Վարդանյանը նախաքննության ընթացքից էլ տեղյակ չի եղել: Մասնավորապես, որ դեկտեմբերի 20-ին՝ ծեծից 1 օր հետո ոստիկանության Արարատի բաժնում գտնվող կասկածյալներ Ա. Հակոբյանի եւ Կ. Կարապետյանի նկատմամբ ըստ էության ոստիկանության տեսուչը խափանման միջոց է փոխել, արձանագրելով. «Ստորագրությամբ բաց են թողնվել»: Մի բան, որը մինչ օրս վերապահված է դատարանին:
Եթե նախաքննության նյութերին Գ. Վարդանյանը ծանոթանար, անշուշտ, պիտի զարմանար, որ կոմայի մեջ գտնվող իր որդուն՝ «Ա.Վարդանյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր»;
Այսպիսի բացթողումները շատ են, սկսած «ալկոհոլային թունավորմամբ» ախտորոշմամբ Արային հիվանդանոց տանելուց՝ մինչ իր վնասվածքի իրական պատկերը:
Փաստաբան Ս. Սաֆարյանը դատավորի հարցին, թե ծանոթացե՞լ է գործի նյութերին, տվեց դրական պատասխան:
Դատարանը 3 վկաների համար բերման որոշում էր կայացրել: Նշվեց, որ «ոստիկանների ֆաքսը ճանապարհի վրա է», որ Գոռավանի գյուղապետն անձամբ ասել է, թե նրանք Ռուսաստանում են: Դա նշանակում էր, թե պետք է հրապարակվեին վկաների նախաքննական ցուցմունքները:
Փաստաբան Ս. Սաֆարյանը նկատեց. «Չէի ասի, թե նրանք վկա են», ապա հայտնեց իր տարակուսանքը. «Արտագնա աշխատանքը պատրվակ է նրանց համար»: Նա ասաց, որ գյուղապետը կամ ոստիկանությունը հստակ պիտի պատասխանեն, թե վկաները որտեղ են գտնվում, երբ են մեկնել, ինչ ուղղությամբ: Կարճ դադարից հետո մեղադրող Արսեն Արսենյանը հայտնեց, որ ոստիկանության գրությունից չի երեւում, թե նրանք երբ են հանրապետությունից դուրս եկել, ինչ ճանապարհով:
Դատարանը կդիմի պատկան մարմիններին՝ այս հարցի կապակցությամբ: Դատական նիստը կվերսկսվի պատասխանը ստանալուն պես: