Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ շարունակվեց «Հայինկասացիա» ընկերության նախկին գլխավոր հաշվապահ Անահիտ Գրիգորյանի, նրա տեղակալ Սաթենիկ Սարգսյանի, եւս 4-ի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Նախորդ դատական նիստի ժամանակ դատարանը վկաներից 3-ին բերման ենթարկելու մասին որոշում էր կայացրել: Երեկ դատարան պիտի բերվեին «Հայինկասացիայի» նախկին տնօրեն Վիկտոր Գրիշյանը, նրա տեղակալը՝ Ռուբեն Սիմոնյանը եւ աշխատակիցներից Լիլիթ Հակոբյանը:
Ըստ դատարան ներկայացրած տեղեկանքի, Գրիշյանը անկողնային վիճակում է, քաղցկեղ ախտորոշմամբ, հոգեմետ դեղամիջոցներ են նրան ներարկում: Ոստիկանությունը փնտրել է Նոր Նորք համայնքի Նանսենի փողոցում բնակվող Լիլիթ Հակոբյանին, սակայն այդ հասցեում բնակվող ոմն Սահրադյան պատասխանել է, որ Լ.Հակոբյանը չի բնակվում այնտեղ:
Ինչ վերաբերում էր մյուս վկային, նրա մասին դատարանը տեղեկություններ չէր ստացել:
1,3 տարի ազատությունից զրկված տարեց կանայք՝ Ա. Գրիգորյանն ու Ս. Սարգսյանն ասացին, որ «Հայինկասացիայի» տնօրինությունը պետք է պարտադիր ներկայանա դատարան, նրանք դատարանի ուշադրությունը հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ նախաքննության ժամանակ էլ Գրիշյանը տառապել է նույն հիվանդությամբ, բայց ներկայացել է:
Մեղադրող Հարութ Հարությունյանն առաջարկեց ապացույցների հետազոտման կարգը փոխել, հարցաքննել տուժողի՝ «Հայինկասացիայի» ներկայացուցչին, ամբաստանյալներին, ապա՝ վկաներին: Դատարանը բավարարեց այս միջնորդությունը մասամբ. այն է՝ լսել տուժողի ներկայացուցիչ Լիաննա Մխիթարյանին: Վերջինս «Հայինկասացիա» ընկերության իրավախորհրդատուն էր: Նա պահանջեց վնասը՝ 937 միլիոն 579 600 ՀՀ դրամ գումար, իսկ երբ ամբաստանյալ Անահիտ Գրիգորյանը փորձեց ճշտել, թե այդ գումարը փաստաթղթային հիմնավորումներ ունի՞, իրավախորհրդատուն ասաց՝ քննիչի հաշվարկն է: Հետագայում պարզվեց, որ այս իրավախորհրդատուն ստորագրել է քննիչի գրածի տակ, նա չկարողացավ բացել փակագծերը, այն է. նախաքննության ժամանակ գրել էր, թե ամբաստանյալները օժանդակել են Անահիտ Գրիգորյանին յուրացնել մոտ 1 մլրդ գումար: Իսկ երբ պաշտպանական կողմը հարցնում էր, թե որտեղից այդ տեղեկությունը, որը գրել է նախաքննության ժամանակ, նա ասում էր՝ քննիչն է ասել: Այս իրավաբանը հայտնեց, որ ընկերության պայմանագրերը ինքն է կազմել, միշտ չէ, որ իրեն ցույց են տվել այդ պայմանագրերը, նա չկարողացավ պատասխանել, թե ինկասացիան երբ է գումարներ փոխանցել զրահապատ մեքենաներ եւ …ուղղաթիռ ձեռք բերելու համար: Այդ ուղղաթիռը (ասում են՝ մինչեւ 500 մլն դրամ արժողության) ձեռք են բերել Կենտրոնական բանկի համար, այն ժամանակ, երբ ԿԲ նախագահը ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանն էր: Այլ հարց է, թե ուղղաթիռն ինչի համար է եղել:
Ի դեպ, իրավախորհրդատուն ասաց, որ թե հարկային մարմինների, թե ԿԲ-ի, թե վերահսկիչ խմբերի կողմից պարբերաբար ստուգումներ են անցկացվել եւ խախտումներ չեն արձանագրվել: Իսկ ահա 2009թ. ապրիլին
ԿԲ կողմից անցկացված խախտումներից հետո պարզվել է, որ սկսած 2003-ից՝ յուրացումներ են եղել…
Անահիտ Գրիգորյանի անունից հայտարարությունը հրապարակեց նրա փաստաբանը՝ Վարդուհի Էլբակյանը (պաշտպանյալի տեսողությունը վտանգված է): Ըստ այդ հայտարարության. «Սույն քրեական գործը հարուցվել է հետեւյալ հիմնավորմամբ. Կենտրոնական բանկում կարծիք է ձեւավորվել, որ «Հայինկասացիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահի կողմից յուրացվել է ավելի քան 1 միլիարդ դրամ»: Իսկ նախաքննության նյութերում բացակայում են որեւէ ստուգող կազմակերպության՝ հարկային տեսչության, կենսաթոշակային հիմնադրամի, պետռեգիստրի, աշխատանքի տեսչության 1 միլիարդի յուրացման փաստը հիմնավորող ապացույցները, գրավոր եզրակացությունները, Կենտրոնական բանկի որեւէ աշխատանքային խմբի ստուգումների վկայակոչված արդյունքները՝ իրենց մասնագիտական հիմնավորումներով: Հուսով եմ, որ մինչ ցուցմունք տալս, ինձ կներկայացվի 1 մլդ դրամի յուրացման փաստը հիմնավորող գրավոր փաստաթուղթ»:
Մեղադրող Հ. Հարությունյանը հանդես եկավ այս անգամ ապացույցների հետազոտման կարգը փոխելու հետեւյալ միջնորդությամբ. լսել Անահիտ Գրիգորյանին: Սակայն սա մերժվեց պաշտպանների կողմից, քանի որ ակնհայտ էր մեկ նիստում մի քանի անգամ ապացույցների հետազոտման կարգ սահմանելու դատախազի ուղղորդվածությունն ու ինչ-որ առումով սպառնալիքի տակ դատարանում Ա. Գրիգորյանից ցուցմունք ստանալու միտումը:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 2-ին: