Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԳԱՌ ՏԵՂԱԴՐԵՔ, ՈՐ ՉՏՈՒԳԱՆԵՔ

Հուլիս 12,2011 00:00

«Վարպետ ջան, ստեղ մի տեղ պահի». օգոստոսի 1-ից երթուղայինների վարորդները ուղեւորների այս եւ նմանատիպ պահանջներին չեն ենթարկվելու եւ որտեղից պատահի՝ ուղեւոր չեն վերցնելու՝ անկախ այն բանից, թե այդ պոտենցիալ 100 դրամանոցը որքան անհրաժեշտ կլինի:
Այս օրերին երթուղայինների վրա նոր մակնշումներ են արվում: Մեքենայի դիմացի հատվածում ավելի խոշոր չափերով գրում են գծի համարը: Դա արվում է ոչ թե վատ տեսնող տատիկ-պապիկների համար, ինչպես ենթադրում են բնակիչները, այլ՝ տեսախցիկների համար տեսանելի լինելու, վարորդներին ավելի շուտ բռնացնելու եւ տուգանելու համար: Մայրաքաղաքի տարբեր փողոցներում արդեն տեղադրվել են տեսախցիկներ, ուստի կանգառից դուրս կանգառ անելու սովորություն ունեցող վարորդները պետք է արդեն զգուշանան ու հետ վարժվեն իրենց արատավոր սովորույթներից, հակառակ դեպքում՝ կտուգանվեն 10 հազար դրամ: Արդեն պետավտոտեսուչներից փախեփախ անելու հմտություններն էլ չեն փրկի:
Հաշվի առնելով, որ Մամուլի շենքի մոտակայքում կանգառ չկա եւ մենք՝ լրագրողներս էլ հաճախ ենք ստիպված լինում խնդրել վարորդին խախտում անել ու կանգնել՝ քաղաքապետարանին դիմեցինք խորհրդակցությունների ժամանակ քննարկել նաեւ այդ հատվածում նոր կանգառ ստեղծելու հարցը: Ճիշտ է, կրկեսի մոտ կանգառ կա, բայց այն նախատեսված է միայն Գրիգոր Լուսավորիչ փողոց գնացող եւ այնտեղից եկող երթուղայինների համար, իսկ Արշակունյաց պողոտայից Ագաթանգեղոսի փողոց, Խանջյան գնացող կամ այնտեղից եկող երթուղայինները կամ պետք է կանգնեն «Սուրմալու» տոնավաճառի մոտ, կամ «Այրարատ» կ/թ-ի հետնամասում գտնվող կանգառում, որը բավականին հեռու է Մամուլի շենքից: Բացի այդ, նոր կանգառի անհրաժեշտությունն ունեն նաեւ Կադաստրի պետական կոմիտեի, ԴՕՍԱՖ-ի շենքի այցելուները, որտեղ նոր ուսումնական կենտրոն են հիմնել ու բազմաթիվ ուսանողներ են ելումուտ անում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել