Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխայի դատը ձգձգում են

Հուլիս 12,2011 00:00

Եթե այդպես շարունակվի՝ Գոռը կրկին նույն սթրեսային իրավիճակում կհայտնվի

Երեկ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կրկին հետաձգվեց Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի՝ խնամակալության եւ հոգաբարձության մարմինն ընդդեմ Աշոտ Բաղդասարյանի հայցի լսումը: Դատական նիստը, որը վարում է դատավոր Արա Կուբանյանը, հետաձգվում է արդեն երրորդ անգամ: Պատասխանող կողմն ամեն դատական նիստին մի պատճառաբանություն է բերում եւ գործի լսումը ձգձգում:
Դատական գործն առնչվում է 8-ամյա Գոռ Բաղդասարյանին, որն արդեն մի քանի ամիս անորոշ ժամանակով գտնվում է «Երեխաների աջակցման կենտրոնում»՝ ՀՕՖ-ում, մինչ նրա ծնողները՝ Ալվարդ Մանուկյանն ու Աշոտ Բաղդասարյանը դատական կարգով կլուծեն երեխայի առիթով ծագած վեճը: Մինչ այդ, ինչպես արդեն «Առավոտն» իր մի քանի հրապարակումներում (23.03.2011թ., 05.06.2011թ. եւ այլն) նշել է, ծնողների պարբերաբար վեճերի պատճառով երեխան գտնվել է սթրեսային վիճակում, ենթարկվել է ֆիզիկական ու հոգեբանական բռնությունների: Բացի այդ, երեխան 3-4 տարի շարունակ ուղղակի զրկված է եղել մայրական խնամքից եւ օրը 24 ժամ գտնվելիս է եղել հոր կողքին, որը նրան տարբեր մեթոդներով արգելել է շփվել մոր հետ: Հենց այս հանգամանքն էլ հաշվի առնելով, Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը, որը զբաղվում է երեխաների խնդիրներով, որոշել էր, որ Գոռի կյանքին եւ առողջությանը վտանգ է սպառնում եւ անհրաժեշտ է, որպեսզի անհապաղ նրա խնամքով ժամանակավորապես զբաղվի որեւէ խնամքի կենտրոն: Ոստիկանության միջամտությամբ էլ Գոռը տեղափոխվել էր ՀՕՖ: Այս ամիսների ընթացքում կենտրոնի հոգեբաններն ու մասնագետները աշխատել եւ շարունակում են աշխատել Գոռի հետ՝ փորձելով երեխային դուրս բերել կյանքի համար վտանգավոր իրավիճակից:
Գոռի մայրիկի խոսքերով, երեկ պատասխանողի ներկայացուցիչ Մկրտիչ Դավթյանը կրկին միջնորդել է, որպեսզի դատավորը գործի լսումը հետաձգի, այս անգամ էլ պատճառաբանելով, որ ցանկանում է ծանոթանալ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի ներկայացրած գրավոր ապացույցին: Բացի այդ, պատասխանողի ներկայացուցիչը նաեւ հայտնել է, որ իրենք Գոռի՝ ՀՕՖ տեղափոխվելու առնչությամբ հայցով դիմել են ՀՀ վարչական դատարան՝ եւ առայժմ պատասխան չունեն:
Նկատենք, որ այս գործով առաջին նիստը տեղի է ունեցել հունիսի 6-ին: Այդ օրը Գոռի հայրը՝ Ա. Բաղդասարյանը, պատճառաբանեց, որ փաստաբան չունի եւ դատարանից ժամանակ խնդրեց նրան գործում ներգրավելու համար: Երկրորդը հունիսի 24-ին էր, այս անգամ էլ Ա. Բաղդասարյանի ներկայացուցիչը՝ Մ. Դավթյանը միջնորդեց դատարանին, որպեսզի իրեն ժամանակ տան գործի նյութերին ծանոթանալու համար, քանի որ իրեն նիստից ընդամենը մեկ օր առաջ են ներգրավել գործում:
Մինչ պատասխանող կողմը տարբեր պատճառաբանություններով փորձում է հետաձգել գործի քննությունը, արդյունքում կրկին տուժում է անչափահաս Գոռը, որն արդեն ցանկանում է տուն վերադառնալ: Սակայն մինչ հարցը չլուծվի եւ չորոշվի ծնողներից ով ինչ կարգավիճակ եւ ինչ պատասխանատվություն պետք է կրի երեխայի համար, նրան տուն տանելը պարզապես սխալ կլինի, քանի որ Գոռի մոր՝ Ալվարդ Մանուկյանի համոզմամբ, հարցի չլուծված լինելու պարագայում երեխան նույն սթրեսային վիճակի մեջ կհայտնվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել