Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՁԱՅՆ ԵՆ 55000 ԴՐԱՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՍՏԱՆԱԼ ԵՎ ԱՆԱՍՈՒՆ ՊԱՀԵԼ

Հուլիս 12,2011 00:00

Միայն թե ամեն գնով Հայաստանից գնան

Վերջերս վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ արտագաղթի վերաբերյալ արված «կատակը», թե արտագաղթը չեն կանխում՝ դժգոհ ու կրիտիկական զանգված չունենալու նպատակով, բուռն քննարկումների եւ մեկնաբանությունների տեղիք տվեց: Եվ որքան էլ Տ. Սարգսյանը վստահեցրեց, որ ինքն ընդամենը կատակել է եւ իրականում ՀՀ իշխանությունները խիստ մտահոգ են արտագաղթով, մի շարք քաղաքական եւ հասարակական գործիչներ այդ առնչությամբ մտահոգություն հայտնեցին՝ դատապարտելով բոլոր այն ծրագրերը, որոնք ըստ էության նպաստում են միգրացիային: Դատելով մեր երկրի համար պատասխանատուների՝ արտագաղթին նպաստող ծրագրերի վերաբերյալ հանդուրժող մոտեցումներից, պարզ է դառնում, որ վարչապետը լավ էլ լուրջ է խոսել:
 Մեր երկրում Ռուսաստանի կառավարության աջակցությամբ արդեն 4 տարի է իրագործվում է «Համերկրացիների վերաբնակեցման ծրագիրը», որով ոչ միայն մեր, այլեւ այլ երկրների աշխատունակ քաղաքացիները կարող են ընտանիքներով տեղափոխվել Ռուսաստանի որոշ մարզեր՝ այդ տարածաշրջանները շենացնելու: Նրանց առաջարկվում է աշխատանք, մատչելի բնակարան եւ շատ կարճ ժամանակ հետո դառնալ ՌԴ քաղաքացի: Ու քանի որ մեր երկրից արտագաղթողների մեծ մասը՝ շուրջ 40%-ը, Հայաստանը ժամանակավոր կամ ընդմիշտ լքելով ընտրում է հենց Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես հարեւան ու ապահով երկիր, ուստի մեծ մտավախություն կա, որ հիմա մեր երկրի խոպանչիները, որոնց ընտանիքները Հայաստանում են եւ իրենք էլ գոնե տարին մեկ անգամ գալիս են Հայաստան, կորոշեն ընդմիշտ լքել հայրենիքը եւ արդեն ընտանիքներով մշտական բնակություն հաստատել ՌԴ-ում, այդպիսով էլ ավելի փոքրացնելով մեր երկրի բնակչության թիվը:
Երեկ «Առավոտը» դիմեց այդ ծրագրի պատասխանատուներին՝ պարզելու, թե կոնկրետ «Համերկրացիների վերաբնակեցման ծրագրով» մեր երկրից որքա՞ն մարդ է արտագաղթել եւ հիմնականում ՌԴ-ի ո՞ր բնակավայրերում են բնակություն հաստատել: «Առավոտի» հետ զրույցում Ռուսաստանի միգրացիոն ծառայության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Սվետլանա Ստեպանովան հայտնեց, որ մինչ օրս Ռուսաստանում բնակվելու արտոնագիր է ստացել 955 քաղաքացի: Նրա տվյալներով, ամսական այս կառույցին է դիմում Հայաստանի 1500 քաղաքացի՝ ամենատարբեր պատճառներով. «Հիմնականում դիմում են Ռուսաստանում աշխատանքի տեղավորման համար, այն էլ ժամանակավոր, դրա համար էլ դիմածների մոտ 50%-ը մերժվում է»: Մեր այն հարցին, թե ո՞ր մարզեր են նախընտրում մեկնել մեր քաղաքացիները, Ս. Ստեպանովան պատասխանեց. «Հիմնականում մարդիկ նախընտրում են գնալ կենտրոնական մասեր՝ Կալինինգրադ, Կալուգա եւ այլն»: Վերջերս էլ Հայաստանի տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը ասուլիսում հայտարարել էր, որ 2007-ից մինչեւ 2010 թվականի հոկտեմբերը այս ծրագրի վերաբերյալ տեղեկություններ ստանալու հարցով դիմել է 26 հազար քաղաքացի եւ նրանցից միայն 2919 մարդ է ցանկություն հայտնել մասնակցել ծրագրին եւ համապատասխան փաստաթղթեր լրացրել, որից էլ 822-ն է ստացել վերաբնակչի կարգավիճակ:
Նշենք, որ այս ծրագրով այնքան էլ գրավիչ պայմաններ չեն առաջարկվում, օրինակ՝ շատ վայրերում աշխատավարձը բավականին ցածր է, բժիշկներ են պահանջում՝ առաջարկելով 55 հազար դրամին համարժեք աշխատավարձ: Ծրագիրն առաջարկում է անասնապահությամբ զբաղվել, սակայն պարտադիր պայման է համարում այդ ոլորտում հմուտ ու փորձառու լինելը: Բացի այդ, Ռուսաստանում բնակվելու արտոնագիրը հեշտությամբ կարող է հետ վերցվել ծրագրի պահանջները չբավարարելու դեպքում, օրինակ՝ այդ երկրի օրենքները խախտելու հետեւանքով: Գումարային տուգանքներ էլ են գործում ծրագրի շրջանակներում. եթե 2 տարվա ընթացքում մեր երկրից գնացած միգրանտները լքեն ՌԴ-ն, ստիպված կլինեն վճարել պետության կողմից նրանց համար կատարված բոլոր ծախսերը:
Սակայն, այդուհանդերձ, ցանկություն հայտնողների եւ արտագաղթողների թիվը չի նվազում, ավելին՝ միգրացիան մեր երկրում ծաղկում է: Մարդիկ իրենց հեռանալը պայմանավորում են երկրի սոցիալ-տնտեսական վատ վիճակով եւ օրենքի անկատար լինելով: Որ ՀՀ բնակչությունը գնալով պակասում է՝ վկայում են նաեւ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կատարած հետազոտության արդյունքները: Երեկ այդ գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը ասուլիսում հայտարարել է, որ 2050 թվականին հայաստանաբնակների թիվը, այսօրվա համեմատությամբ, առավել փոքր կլինի՝ 2.3-2.5 միլիոն մարդ, քանի որ ծնելիության մակարդակը շատ ցածր է, հասարակությունն էլ ծերանում է, երիտասարդներն էլ արտագաղթում են: Սրան հակադարձելով, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանն ասել է, թե անհիմն են այն խոսակցությունները, թե Հայաստանում արտագաղթն աղետալի չափերի է հասնում:
Երեկ «Առավոտը» զրուցեց ամենամեծ արտագաղթ ունեցող Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի փոխգյուղապետ Մելս Մանուկյանի հետ նույնպես: Պարոն Մանուկյանի խոսքերով, ճիշտ է «Համերկրացիների վերաբնակեցման ծրագրով» Լուսաղբյուրից չեն արտագաղթել, բայց իրենց գյուղից շատերն են արտագաղթել սեփական միջոցներով. «Մեր գյուղում 688 բնակիչ կա, որից մոտ 90-ը մեկնում է արտագնա աշխատանքի: Վերջերս մի 20 հոգի հետ է եկել, քանի որ աշխատանքային պայմանները շատ վատն են եղել, աշխատավարձը շատ քիչ է եղել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել