Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԴԱՀԿ ՊԵՏՆ ԷԼ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉՏՎԵՑ

Հուլիս 12,2011 00:00

\"\"Մեկնաբանում է գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը

– Ձեր պատճառով ՀՀ արդարադատության նախարարը փոխվեց, եւ խոսակցություններ կային, որ Դուք էլ պիտի հրաժարական տայիք, ինչո՞ւ չտվեցիք, եւ ինչպե՞ս լուծվեց այդ հարցը:
 – Ասեկոսեները չեմ մեկնաբանում: Ինչ վերաբերում է ՀՀ արդարադատության նախարարի փոփոխությանը, ապա ՀՀ վարչապետի մեկնաբանությունից հետո կոռեկտ չեմ համարում հարցին անդրադառնալ:
– Ձեր ծառայությունից դժգոհողները շատ են, նրանք դիմե՞լ են դատարան: Եթե այո՝ ի՞նչ արդյունքներ են եղել:
– Հայաստանում եւ ընդհանրապես ողջ աշխարհում ցանկացած պետական մարմնի գործունեությունից լինում են ե՛ւ դժգոհ, ե՛ւ գոհ քաղաքացիներ: ԴԱՀԿ ծառայությունը կատարում է օրենքով իր վրա դրված պարտականությունները՝ կյանքի կոչելով դատական ակտերը: Այդ գործառույթների իրականացման ընթացքում հարկադիր կատարողն ընդունում է մի շարք որոշումներ, եւ, բնականաբար, այդ որոշումներից լինում են նաեւ դժգոհ կողմեր, ովքեր հնարավորություն ունեն օրենքով սահմանված կարգով պաշտպանել սեփական դիրքորոշումը ինչպես վերադասության, այնպես էլ դատական կարգով:
– Ձեր անունը տարբեր բիզնեսների հետ են կապում: Արդյոք բիզնեսմեն եւ պետական պաշտոնյա լինելը չի՞ խանգարում իրար, եւ էթիկապես ընդունելի՞ տարբերակ եք համարում:
– Ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրության, պետական պաշտոնյան իրավունք չունի զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, այնպես որ՝ իմ պարտականությունների կատարմանն այսօր ոչինչ չի խանգարում: Հարցազրույցներից մեկում արդեն ասել եմ, որ, այսպես կոչված՝ «իմ բիզնեսները» որեւէ առնչություն չունեն իմ զբաղեցրած պաշտոնի հետ, քանի որ 2008 թվականից բիզնեսով չեմ զբաղվում: Իսկ ինչ վերաբերում է անձամբ ինձ համար էթիկապես ընդունելի տարբերակ լինել-չլինելուն՝ եթե կա օրենք, որը որպես պետական պաշտոնյա տարածվում է նաեւ ինձ վրա, անձնական կարծիքը դնում եմ մի կողմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել