Գործը համատիրությանն է, բայց անում է զորամասը, երկուսով խոստանում են ավելի հետեւողական լինել
Տղամարդու ներքնաշոր, գուլպա, դատարկ եւ չգիտես ինչ պարունակությամբ շշեր, պլաստիկ տոպրակներ ու էլի այլազան ու այլատեսակ աղբ: Չէ, սա Սովետաշենի «զիբիլանոցի» նկարագրությունը չէ՝ Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանի դպրոցի ճանապարհն է այդպիսին: Առաջին տարին չէ, որ այս վիճակից բողոքում են տեղի բնակիչները:
13-ամյա Նարեկը, ինձ ուղեկցելով «դեպքի վայր», պատմում է. «Ինչ ինձ հիշում եմ, էդ ճանապարհը չի մաքրվում: Մենք ամեն օր էլ էստեղով դպրոց էինք գնում, զիբիլն էլ ամեն օր ավելանում էր: Զինվորներն են կեղտոտում»:
Բանավանի դպրոց տանող մի ճանապարհը այստեղ տեղակայված զորամասի պարսպի երկայնքով է: Բնակիչներն էլ նկատել են՝ զինվորները ներսի աղբը պատից այս կողմ են նետում: Ականատեսները տարակուսում են՝ կեղտոտում են, բայց մաքրող չկա: Դպրոցի ծնողկոմիտեի նախագահ Իդան բազմիցս ծնողներից եւ ուսուցիչներից է լսել բողոքներ. «Նրանք բոլորն էլ ինձ են դիմում: Ծնողներն անընդունելի են համարում երեխաներին այդ ճանապարհով դպրոց ուղարկելը: «Ի՜նչ ասես, որ չեն տեսնում», ասում են նրանք եւ ինձ հորդորում այդ հարցով զբաղվել»,- ասում է Իդան: Դպրոցի ուսուցչուհիներից մեկը նրան պատմել է, թե դպրոցից տուն գնալիս քիչ էր մնացել տղամարդու մի ներքնաշոր գլխին հայտնվեր. «Այս ճանապարհով անցնում են երեխաներ՝ սկսած 6 տարեկանից: Նրանց հետ քայլելիս անհնար է խուսափել «մամա էս ի՞նչ ա» հարցից»:
Իդան խնդրի մասին տեղյակ է պահել բանավանի համատիրությանը, այնտեղից ասել են՝ այդ տարածքի մաքրմամբ զբաղվում է զորամասը: Իդան հիշում է, որ իր բողոքներից հետո մի քանի անգամ մաքրվել է տարածքը, բայց հետո նորից անուշադրության մատնվել. «Ամառային արձակուրդներին մի պահ մոռացել էի, բայց մի քանի օր առաջ «վերքերս» թարմացան: Քաղաքապետի ընտրության էինք, ընտրատեղամասն էլ նույն դպրոցի ճանապարհն էր, նույն տեսքով»:
Բանավանի բնակչուհի Լուսինեն էլ էր գնացել ընտրության եւ փոշմանել էր, բայց ոչ թե իր ընտրությունից, այլ անցած ճանապարհից: «Անհարգալից վերաբերմունք է սեփական քաղաքացիների նկատմամբ: Գոնե այդ օրով տարածքը մաքրեին, ես պարտավոր չէի տղամարդու ներքնաշորերի եւ գուլպաների միջով անցնել»,- ասում է նա: Տիկին Անահիտն էլ, որ երկար ժամանակ այդ ճանապարհով չէր անցել, զարմացել էր տեսածից եւ հենց ընտրության օրը վճռել. «Եթե այս տարածքը միշտ այդպես լինի, ես իմ թոռանն այս դպրոց չեմ ուղարկի»:
Չնայած բնակիչները հավաստիացնում էին, որ տարածքը մաքուր պահելը զորամասի պարտականությունն է եւ ոչ՝ բանավանի համատիրության, առաջինը թակեցինք վերջինի դուռը: Համատիրության ղեկավար Խաչիկ Մնացականյանը զարմացավ բնակիչների բողոքներից, ասելով. «Այդ տարածքը եթե ոչ մեկ, ապա գոնե երկու շաբաթը մեկ մաքրվում է: Եթե այդպես չլիներ, պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան աղբ կհավաքվեր»:
Խաչիկ Մնացականյանն ասաց, որ դպրոց տանող այդ ճանապարհի մաքրությունը իրենց գործն է, բայց համաձայնության են եկել զորամասի հետ, որ նրանք մաքրեն, եւ շնորհակալ է նրանցից, որ այդ հարցով օգնում են: Նա զանգեց զորամաս եւ հարցազրույցի հրավիրեց նրանց ներկայացուցչին: Փոխգնդապետ, գնդի շտաբի պետ Սերգեյ Գեւորգյանն էլ, ով ստանձնել էր դպրոցի ճանապարհի մաքրման գործը, իր կողմից ասաց, որ իրենք համատիրության ղեկավարի հետ բանավոր համաձայնության են եկել մաքրել տարածքը եւ պարբերաբար դա անում են. «Հիմա նոր ուսումնական շրջանն է սկսվել, դրա համար անձնակազմ մի քիչ դժվար է հավաքել»,- ասաց նա: Ըստ նրա՝ այդ էր պատճառը, որ ընտրության օրը տարածքը մաքուր չէր: Իսկ այն հարցին, թե հնարավոր չէ՞ այնպես վերահսկել զինվորներին, որ չկեղտոտեն միջավայրը, նա պատասխանեց. «Այնտեղ տարբեր դաստիարակության մարդիկ կան, ոչ բոլորն են հասկանում, որ չի կարելի միջավայրը կեղտոտել: Ինչքան էլ փորձես հասկացնել, մեկ է՝ չեն հասկանա»:
Վերջում թե Խաչիկ Մնացականյանը, թե Սերգեյ Գեւորգյանը խոստացան ավելի հետեւողական լինել այդ տարածքները մաքրելու հարցում: