«Հերիք էլավ, բոլ եղավ»՝ ասում է գյուղատնտեսության փոխնախարարը
Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչ Ներսես Արզումանյանն արդեն երեք տարի է՝ իրեն չի կարողանում ներել Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանին լսելու համար: Նրա պատմելով, երեք տարի առաջ, երբ լուր տարածվեց, թե ֆիլոքսեռա հիվանդությունը հասել է իրենց գյուղ, գյուղատնտեսության փոխնախարարը՝ Սամվել Գալստյանը, կառավարության որոշման թուղթը ձեռքին շտապել է մարզ ու բնակիչներից պահանջել քանդել ֆիլոքսեռայով հիվանդ հողերը ու վստահեցրել՝ դրա համար կառավարությունը կփոխհատուցի: Գյուղի շատ բնակիչներ դիմադրեցին ու չքանդեցին այգիները, բայց Ն. Արզումանյանը հնազանդվեց:
«Փոխնախարարը ձեռքը խփեց սեղանին ու ասաց՝ ներում-բեկում չկա, պետք է քանդեք: Վստահեցնում էր, որ լիարժեք փոխհատուցելու են: Ճարս ինչ՝ քանդեցի: Վայ էդ օրվան, որ նրան լսեցի ու այդ քայլին գնացի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ն. Արզումանյանը: Բազմանդամ ընտանիքի հայրը, ով նաեւ հիվանդ թոռնիկին է խնամում, պատմում է, որ իրենց միակ եկամուտն այդ այգուց էր: Նա հիմա զրկվել է 7500մ խաղողի այգուց: «Փոխհատուցման մասին լուրը փուչիկ էր: Տվեցին 650 000 դրամ, բայց միայն այգին քանդելու համար ծախսել եմ 750.000 դրամ: Բա ո՞վ պետք է հատուցի միակ եկամուտիցս զրկվելու համար»,- հարցնում է պարոն Արզումանյանը: Նրա խոսքով, ամեն տարի բերքահավաքին մի քանի հարյուր տոննա խաղող էր Երեւանի կոնյակի գործարանին հանձնում. «Ամբողջ տարին սպասում էինք բերքահավաքին: Չեմ հասկանում՝ էդ կառավարության որոշումը մենակ ի՞նձ էր վերաբերում: Խաբեությամբ քանդել տվեցին ու քաշվեցին մի կողմ: Ո՞ւր է էդ փոխնախարարը, թող գա, հարցնի, տեսնի՝ էդ քանդելուց հետո ոնց ենք ապրում: Հետո էլ մենակ ե՞ս էի: Կառավարությունը անհատների համա՞ր է որոշումներ ընդունում»: Ն. Արզումանյանը համոզված է՝ գյուղացին գյուղնախարարությունում աշխատող անտեղյակ մասնագետներից լավ է հասկանում. «Մեր գյուղում ոչ մի ֆիլոքսեռա էլ չկա: Նրանք, ովքեր դիմադրեցին ու չքանդեցին իրենց այգիները, տեսնեք՝ ինչ առողջ ու առատ բերք են հավաքում: Ֆիլոքսեռան արագ տարածվող հիվանդություն է, հնարավոր չէր, որ այս տարիների ընթացքում չզարգանար»:
«Առավոտը» զրուցեց նաեւ փոխնախարար Սամվել Գալստյանի հետ: Մեր հարցերից զայրացած՝ փոխնախարարը գոռալով պատասխանեց. «Ֆիլոքսեռա կա, հայտնաբերվել ա, պիտի պատասխան տան, պիտի քանդեն, էդ ա որոշումը: Հերիք էլավ, բոլ եղավ: Կառավարության որոշումն ա բաժանված, բաշխված ձեւով»: Նա չմեկնաբանեց գյուղացիների այն տեղեկատվությունը, որ Գայ գյուղում առանց ուսումնասիրելու ֆիլոքսեռա են հայտնաբերել: Ըստ պարոն Գալստյանի. «Գյուղացիների ասելով չի, ոչ էլ իմ ու ձեր: Դրա համար կա համապատասխան կարանտինի, ֆիլոքսեռայի մասնագետ: Ամբողջ աշխարհն ա դրա մասին խոսում, սարսափում: Ասվել ա ու կասվի՝ Հայաստանում էդ հիվանդությունը կա ու պետք է քանդվի, ավարտվի՝ վերջացավ»: Թե ինչու է կառավարության որոշումը Գայ գյուղում միայն մեկ գյուղացու վրա տարածվել, փոխնախարարը չբացատրեց, միայն խորհուրդ տվեց. «Ներողություն եմ խնդրում, բայց պետք ա ասեմ՝ կան համապատասխան մարմիններ, պաշտոնական դիմեք, պաշտոնական էլ ստացեք»: ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանն էլ, ով ամիսներ առաջ գյուղացիների խնդրանքով գյուղ էր այցելել՝ խնդրին ծանոթանալու համար, դեռ զարմացած է. «Փորձագետները ֆիլոքսեռան հայտնաբերել են, բայց զարմանալի է, որ հիվանդությունը չի տարածվում այդ տարածքում, չնայած որ արագ զարգացող է: Հիմա կդժվարանամ ասել՝ հիվանդությունը կա՞, թե՞ ոչ, բայց մի բան հստակ է՝ փոխհատուցումը շատ չնչին է այգու արժեքի դիմաց»: