ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյիդ Ալի Սաղաիանի հետ: Նախարարը նշել է, որ կյանքի է կոչվում նախորդ տարի ՀՀ վարչապետի Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում ստորագրված «ԻԻՀ կառավարության եւ ՀՀ կառավարության միջեւ կրթության, գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին 2010-2013 տարիների գործնական ծրագիրը», մասնավորապես ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն արդեն կազմակերպել է 2011-2012 ուսումնական տարվա համար միջպետական ուսանողական կրթաթոշակային մրցույթը: Նախարարն անդրադարձել է Թեհրանի պետական համալսարանում հայագիտության ամբիոնի ստեղծմանը՝ հույս հայտնելով, որ ԵՊՀ ռեկտորի առաջիկա այցելությունն Իրան կնպաստի այդ խնդրում գործնական արդյունքների արձանագրմանը: Սեյիդ Ալի Սաղաիանն էլ շնորհավորել է նախարարին՝ Բոլոնիայի գործընթացի համանախագահությունը ստանձնելու կապակցությամբ եւ պատրաստակամություն արտահայտել հետամուտ լինել ԵՊՀ ռեկտորի այցի ընթացքում Թեհրանում հայագիտական կենտրոնի ստեղծման աշխատանքներին: Դեսպանն անդրադարձել է նաեւ հայ եւ իրանցի դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են դիպլոմների փոխճանաչման, ուսանողների կրթության ընթացքում ծագած խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու համար եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր: