Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասկացրե՛ք Ադրբեջանին»

Հուլիս 12,2011 00:00

\"\"ԵՄ գործընկերներին խորհուրդ է տալիս ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Կազանյան հանդիպումից հետո թվում էր՝ սկսվելու է ղարաբաղյան հարցի սառեցման փուլ, մինչդեռ, դատելով վերջին շրջանի ակտիվությունից, այցերից եւ հայտարարություններից, նման սառեցում կարծես չի սպառնում, ընդհակառակը՝ անգամ նկատելի է որոշ ակտիվացում: Մասնավորապես, Երեւան էր այցելել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ով Էդուարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր հանդիպմանը ինքը ՌԴ նախագահի հանձնարարությամբ եւ Դմիտրի Մեդվեդեւի անունից փոխանցել է այն առաջարկները, որոնք նա ձեւակերպել է Կազանում կայացած քննարկումների արդյունքում: Ի հերթին, վերջին օրերին սկսեց ակտիվություն ցուցաբերել Եվրամիությունը՝ Հայաստանին ու Ադրբեջանին կոչ անելով բազմապատկել ջանքերը ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ եւ գտնել լուծումը մինչեւ տարեվերջ: Դրան գումարած՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջեւ, ըստ պաշտոնական տեղեկատվության՝ քննարկվել են ղարաբաղյան հարցին, ինչպես նաեւ հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող հարցեր:
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Առավոտի» հետ զրույցում հարկ համարեց հիշեցնել, որ եվրոպական կամ միջազգային կառույցները որոշ հայտարարություններ անելուց առաջ ճիշտ կանեն՝ շատ ավելի կոշտ շեշտադրմամբ խոսեն Ադրբեջանի հետ, քանի որ հենց ադրբեջանական կողմն է շարունակ խախտում պայմանավորվածությունները եւ չի դադարում խոսել ռազմական հռետորաբանությամբ: Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ արդյոք մեծանո՞ւմ է ԵՄ դերը ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում, պարոն Շարմազանովն ասաց. «ԵՄ-ն վերջին շրջանում մշտապես խոսել է խաղաղ կարգավորման անհրաժեշտության եւ երեք հիմնարար սկզբունքների պահպանման մասին: Մեզ համար դրական է, որ նաեւ ԵՄ պաշտոնյան է ցանկանում խնդրի լուծում եւ խոսում հարցի՝ բացառապես խաղաղ լուծման օգտին, բայց այստեղ կա մի շատ հստակ «բայց»: Նախ՝ Ադրբեջանի իշխանությունը եւ Կազանից առաջ, եւ Կազանի հանդիպման ժամանակ, եւ Կազանի հանդիպումից հետո հստակ ապակառուցողական, բանակցությունների ոգուն խորթ դիրքորոշում է դրսեւորում: Նույն այդ երկրի ղեկավարը «Եվրանյուզին» հարցազրույց է տալիս եւ ամբողջ Եվրոպայի աչքի առաջ ասում է, որ Ադրբեջանը զիջելու բան չունի: Հիմա ես էլ խորհուրդ եմ տալիս մեր ԵՄ հարգելի գործընկերներին՝ եթե ուզում եք, որ առաջընթաց լինի, պետք է մի հատ Ադրբեջանի քթին խփեք, հասկացնեք, որ չի կարելի անտեսել բանակցությունների սեղանին դրված առաջարկները, երեք հիմնական սկզբունքները, ասեք, որ չի կարելի խաղալ այդ կանոններով: Եվ եթե ուզում են առաջընթաց, ես ձեւը ցույց եմ տալիս՝ Ադրբեջանն է ապակառուցողական, ուրեմն թող Ադրբեջանին նստեցնեն իր տեղը»: Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ եւ ԼՂՀ նախագահը, եւ ՀՀ նախագահը բազմիցս են խոսել այն մասին, որ Հայաստանի եւ ԼՂ համար ընդունելի է փոխզիջումների ճանապարհով խնդրի լուծումը: Մինչդեռ Ադրբեջանը խոսում եւ ակնկալում է միակողմանի զիջումներ. «Լսելով Ադրբեջանի հայտարարությունները՝ իմ մեջ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի բանակը գրավել է ամբողջ Ղարաբաղը եւ հասել է Երեւան, այն դեպքում, երբ մեզ պարտադրված պատերազմը մենք հաղթել ենք, երբ հայկական ուժերն են 1994-ին ազատագրել յոթ շրջանները, ազատագրել են Ղարաբաղը, եւ եթե ադրբեջանցիները չաղերսեին զինադադար, վստահաբար, հայկական կողմը եւս մի քանի շրջան կհասցներ ազատագրել: Այնպես որ, ԵՄ-ն եւ մյուս կառույցները պետք է պարոն Ալիեւին օդից ներքեւ իջեցնեն եւ ասեն, որ պետք է ավելի կառուցողական դառնան»: Բեկումնային առաջընթացի համար կա շատ հստակ պայման՝ ԼՂՀ-ն պետք է դառնա բանակցությունների լիիրավ անդամ, մասնակից, քանի որ որեւէ մեկը չի կարող առանց ԼՂՀ իշխանությունների եւ ժողովրդի կամքի լուծել այդ ժողովրդի ճակատագրի հարցը. «Կոնֆlիկտի կողմը Հայաստանը եւ Ադրբեջանը չեն, սա տարածքային վեճ չէ, սա ազգային ինքնորոշման իրավունքի իրացման խնդիր է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել