Դա տեղի ունեցավ իշխանության ներկայացուցիչների երկար սեթեւեթանքներից հետո
Անցած շաբաթավերջին հայտնի դարձավ, որ հայրենի իշխանությունները երկար «չեմուչումներից» հետո, այնուամենայնիվ, պաշտոնապես համաձայնեցին Հայ ազգային կոնգրեսի եւս մի առաջարկ-պահանջին եւ վերջինի հետ բանակցող պատվիրակություն ձեւավորելու հայտարարություն արեցին՝ այս անգամ ոչ թե ՀՀԿ մամուլի խոսնակի, այլ ՀՀ նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանի մակարդակով: Արդեն հայտնի են իշխանական պատվիրակության անդամների անունները. դրանք իշխանական կոալիցիան ներկայացնող կուսակցությունների երկուական անդամներն են՝ ՀՀԿ-ից՝ Դավիթ Հարությունյան եւ Գագիկ Մինասյան, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյան եւ Վարդան Բոստանջյան, ու ՕԵԿ-ից՝ կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյան եւ ԱԺ պատգամավոր Խաչիկ Հարությունյան: ՀԱԿ-ն, իհարկե, չի շտապում մեկնաբանել այս փաստը՝ սպասելով, որ պատվիրակության կազմի նշանակման որոշում, հրաման կամ կարգադրություն լինի:
Իսկ մինչ սպասում ենք իշխանությունների՝ «չեմուչումով» հերթական պատասխանին, «Առավոտը» զրուցեց ընտրական եւ քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանի հետ: Նա նախ նկատեց, թե սխալ էին իշխանությունները, երբ տարբերակում էին ՀԱԿ-ի հետ երկխոսելն ու բանակցելը, որովհետեւ, նրա ասելով, երկխոսությունը երեւույթ է, որն արտահայտվում է տարբեր ձեւաչափերով, այդ թվում՝ քննարկումների, բանավեճերի, ասուլիսների ու նաեւ բանակցությունների: ՀԱԿ-ի հետ բանակցելու համար պատվիրակություն ձեւավորելու իշխանությունների որոշումը, Բադալյանի մատուցմամբ, անակնկալ համարել չի կարելի, «որովհետեւ Սերժ Սարգսյանն իր ելույթում արդեն իսկ կոնկրետ անուններ էր մատնանշել՝ Հովիկ Աբրահամյան, Տիգրան Սարգսյան եւ Կարեն Կարապետյան, նաեւ ասել էր, թե կոալիցիոն ուժերն էլ պետք եղած դեպքում կարող են հանդիպել եւ լսել ՀԱԿ ներկայացուցիչներին»: Բայց նա էլ անհրաժեշտ համարեց, որ իշխանությունները հստակություն մտցնեն եւ ֆորմալացնեն իրենց այդ պատվիրակությունը ու սահմանեն իրենց օրակարգը. «Դրա համար պետք է որ կոալիցիան հանդես գա համապատասխան հայտարարությամբ՝ լիազորելով իր այդ ներկայացուցիչներին ՀԱԿ-ի հետ բանակցություններ վարել, նաեւ օրակարգ ձեւավորել: Սա, իհարկե, ֆորմալ է հնչում, բայց դա պետք է արվի»:
Հիշեցնենք՝ կոալիցիայի ներկայացուցիչներն ասում են, թե իրենք օրակարգ չունեն, պատրաստ են լսել ընդդիմությանը, եւ միայն առաջին հանդիպումից հետո հնարավոր է օրակարգ ձեւավորեն: «Եթե իշխանական պատվիրակությունը բանակցությունների օրակարգ չունի, ուրեմն՝ պատվիրակություն չի ստեղծում: Իշխանություններն ամեն ինչ անում են, բայց դա մի քիչ «չեմուչումով» է ստացվում: Եթե երկու ուժեր բանակցությունների սեղանի շուրջ են նստում, ուրեմն՝ նրանք հավասարազոր ուժեր են: Հավանաբար, իշխանությունների համար դժվար է ընդունել հենց այդ հավասարազոր ուժեր լինելու հանգամանքը: Գուցե իշխանությունները թե
րարժեքության բարդույթ ունեն, ու գուցե դա է խանգարում նրանց: Եթե իշխանությունները պատրաստ են պատվիրակությունների մակարդակով բանակցությունների, ուրեմն նրանք պիտի իրենց սեփական օրակարգն ունենան»,- ասաց Բադալյանը:
Իշխանական պատվիրակության ձեւավորումից հետո առաջին արձագանքներում կային նաեւ այսպիսի դիտարկումներ, թե Ս. Սարգսյանը ստիպված է եղել գնալ իր համար, գուցե, անցանկալի այդ քայլին, որովհետեւ ներքին եւ արտաքին լրջագույն խնդիրների առաջ է կանգնել: Ա. Բադալյանը հակված էր համաձայնել այս տեսակետին, ու այդ համատեքստում երեք գործոն մատնանշեց՝ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական՝ սոցիալական եւ տնտեսական համատեքստում հասարակական դժգոհություն, Արեւմուտքի եւ Ռուսաստանի դիրքորոշումները, որոնց շահերը ՀՀ ներքաղաքական զարգացումների շուրջ կարող են ինչ-որ փուլում համընկնել ե՛ւ իշխանությունների, ե՛ւ ընդդիմության դիրքորոշման հետ, նաեւ Ղարաբաղի հարցը. «Ահա այս երեք խնդիրների հանրագումարը կարող է տապալել իշխանություններին, ու հենց սրանք են այն պատճառները, որոնք իշխանություններին ստիպել են ՀԱԿ-ին ընդառաջ՝ մտածել բանակցելու մասին՝ ինչ-որ գործընթացներ կանխելու համար»: Ընտրական եւ քաղաքական տեխնոլոգիաների մասնագետը նաեւ նկատեց, թե բանակցային պրոցեսի արդյունքում թե՛ իշխանությունը, թե՛ ՀԱԿ-ը կարող են դիվիդենդներ շահել կամ վարկանիշ կորցնել՝ ե՛ւ օգուտներ քաղել ու ամրապնդել իրենց դիրքերը, ե՛ւ ունեցածը տանուլ տալ, բայց դա կախված կլինի հասարակության, ընտրազանգվածի հետ իրենց աշխատանքից:
Նա չհամաձայնեց այն կարծիքի հետ, որ եթե իշխանությունը որոշեց պատվիրակություն ձեւավորել, ապա դա վկայում է արտահերթ ընտրություններ անցկացնելու առնվազն չբացառման մասին. «Այն, որ Ս. Սարգսյանը՝ որպես կոալիցիայի առաջնորդ, համաձայնել է բանակցությունների՝ բնականաբար, չի ենթադրում, որ նա համաձայն է արտահերթ ընտրությունների անցկացմանը: Կարող է ե՛ւ համաձայնել, ե՛ւ մերժել»: Ավելին, նրա դիտարկմամբ, արտահերթ ընտրությունների անցկացումը պայմանավորված է նաեւ արտաքին ուժերի դիրքորոշմամբ ու շահերով, առավել եւս ԼՂ հիմնախնդրի համատեքստում: Բադալյանի ասելով, հայտնի չէ՝ քանի դեռ ԼՂ հիմնախնդրի շուրջ փաստաթուղթ չի ստորագրվել, արտաքին ուժերին արդյոք ձեռնտու կլինի՞ ՀՀ-ում արտահերթ ընտրությունների անցկացումը, ինչը եւս մի քանի տարով կհետաձգի հակամարտության կարգավորումը: