Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հուլիս 09,2011 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասնիններորդ

ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԸ

Եվ Սաքոն ժպտալով Գեւորին ասաց՝ «ընենց որ՝ Գագոն քո պաշտպանության կարիքը չի զգում, Գեւոր ջան», եւ Գագոն Սաքոյին թարս նայելով ասաց՝ «Գագոն ոչ մեկի պաշտպանության կարիքը չի զգում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որ պետք ա ըլնում, Գագոն կարում ա ինքը իրան պաշտպանի», եւ Սաքոն Գագոյին ասաց՝ «ես էլ եմ էդ ասում», եւ Գագոն Սաքոյին թարս նայելով ասաց՝ «իմ ասածները թարգմանելու կարիք չկա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ես ինչ որ ասում եմ՝ շատ հասկանալի ու շատ պարզ եմ ասում», եւ ես ժպտալով ավելացրի՝ «շատ հասկանալի, շատ պարզ ու շատ խելացի», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «հասկացողի՛ համար ա խելացի», եւ Գագոն խղճահարությամբ նայեց Դերոյին, մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ էդքանը հասկացել ես, նշանակում ա՝ էսքան խոսալս իզուր չի անցել», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «էլի խոսա, Գագո ջան», եւ Գագոն արհամարհանքով նայեց Դերոյին ու ասաց՝ «արդեն ջուր ես ցանում», եւ Դերոն մեղավոր ժպտալով Գագոյին ասաց՝ «ուզում եմ ասեմ՝ խոսքդ կիսատ ա մնացել», եւ Գեւորը Դերոյին ասաց՝ «որ չխանգարեիք՝ կիսատ չէր մնա», եւ Գագոն Գեւորին թարս նայելով ասաց՝ «դու էլ ես ջուր ցանում», եւ Գեւորն ուզում էր ինչ-որ բան ասել, բայց իրեն զսպեց ու լռեց, եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինչքան էլ խանգարեք, մեկ ա՝ մտքինս ասելու եմ», եւ ես ժպտալով Գագոյին ասացի՝ «ասում-ասում ես, բայց չես ասում», եւ Սաքոն ժպտալով Գագոյին ասաց՝ «ասա, Գագո ջան. շատ ուշադիր լսում ենք», եւ Գագոն մի քիչ մտածեց ու միանգամայն լուրջ տոնով ասաց՝ «ինչքան ուշադիր լսեք, էնքան ձեր օգուտն ա» եւ մի քիչ էլ մտածեց, խորը շունչ քաշեց ու բաժակը բարձրացնելով շարունակեց՝ «ես արդեն տասնհինգ տարուց ավել ա օտարության մեջ եմ ապրում ու աշխատում, բայց տասնհինգ տարուց ավել օտարության մեջ ապրելով ու աշխատելով՝ մեր ազգի դրական կողմերն ու մանավանդ թերություններն ավելի լավ եմ ուսումնասիրել ու հասկացել», եւ մինչ Գագոն հաջորդ մտքի շուրջ կմտածեր, Սաքոն հարցրեց՝ «հետո՞», եւ Գագոն առանց Սաքոյին նայելու՝ բաժակը բարձրացրած մի քիչ էլ մտածեց, խորը շունչ քաշեց ու շարունակեց՝ «ամեն անգամ օտարության մեջ մեր հայերի հետ շփվելով, ի՞նչ մեղքս թաքցնեմ, սիրտս շատ ա ցավում», եւ Սաքոն ժպտալով հարցրեց՝ «սիրտդ խի՞ ա ցավում, Գագո ջան», եւ Գագոն բաժակը բարձրացրած մի քիչ էլ մտածեց, խորը շունչ քաշեց ու շարունակեց՝ «սիրտս շատ ա ցավում, որ մեր հայերը փոխանակ Հայաստանում իրանց բախտը ման գան, օտարության մեջ են ման գալի», եւ նստածներս զարմացած իրար նայեցինք, բայց ոչինչ չասացինք, եւ Գագոն նայեց մեզ, մի քիչ էլ մտածեց ու բաժակը բարձրացրած շարունակեց՝ «հիմի երեւի մտածում եք՝ էս Գագոն ինքը Հայաստանից գնացել ա, բայց մյուս գնացողներին մեղադրում ա», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «մեր մտքերը լավ էլ կարդում ես, Գագո ջան», եւ Գագոն առանց Սաքոյին նայելու՝ բաժակը բարձրացրած մի քիչ էլ մտածեց ու շարունակեց՝ «ես որ վախտին Ռուսաստան չգնայի, հեչ չեմ պատկերացնում՝ էսօրվա օրով Հայաստանում ինչով պիտի զբաղվեի», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «մենք էլ չենք պատկերացնում, Գագո ջան», եւ Գեւորը Սաքոյին ասաց՝ «դու քո՛ անունից խոսա», եւ Գագոն բաժակը բարձրացրած մի քիչ էլ մտածեց ու շարունակեց՝ «ես Ռուսաստան ապրելով ու աշխատելով՝ մեր ազգի համար ավելի շատ բան եմ անում, քան՝ Հայաստանում ապրողները» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Վոլգոգրադ հազար ու մի հայի օգնել եմ, որ աշխատանք ունենան ու յոլա գնան», եւ Դերոն ասաց՝ «իզուր էլ օգնել ես, Գագո ջան», եւ Գագոն զարմացած նայեց Դերոյին, եւ Դերոն շարունակեց ու ասաց՝ «որ չօգնեիր, էդ մարդիկ ստիպված հետ կգային Հայաստան», եւ Գագոն բաժակը բարձրացրած մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «հետ գային Հայաստան, որ ջեբկիրություն անեի՞ն», եւ Դերոն հարցրեց՝ «խի Ռուսաստանում ջեբկիրություն ե՞ն անում», եւ Գագոն բաժակը բարձրացրած մի քիչ մտածեց ու ասաց՝ «Ռուսաստանում որոշ չափով աշխատանք ճարում են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «համ էլ՝ Ռուսաստանում իրանց տիրություն անող կա», եւ Դերոն հարցրեց՝ «ո՞վ ա տիրություն անում», եւ Գագոն բաժակը բարձրացրած մի քիչ մտածեց ու ասաց՝ «մենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մեկը՝ ես», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «փաստորեն, Ռուսաստանում ազգային գործ ես անում, Գագո ջան», եւ Գագոն մի քիչ մտածեց, արհամարհական նայեց Սաքոյին ու ասաց՝ «դու ձեռ ես առնում, բայց ըտենց ա», եւ Սաքոն ասաց՝ «ձեռ չեմ առնում, Գագո ջան», եւ Գագոն առանց Սաքոյին նայելու՝ բաժակը բարձրացրած մի քիչ մտածեց ու շարունակեց՝ «ես էդ ամեն ինչը նրա համար չեմ անում, որ գնահատեն կամ չգնահատեն», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «պարզ ա, որ դրա համար չես անում», եւ Գագոն առանց Դերոյին նայելու՝ բաժակը բարձրացրած մի քիչ մտածեց ու շարունակեց՝ «ձեզ թվում ա՝ ում որ էդ լավություններն անում եմ, գնահատո՞ւմ են», եւ Դերոն ժպտալով Գագոյին ասաց՝ «բայց դու էդ լավությունները նրա համար չես անում, որ գնահատեն կամ չգնահատեն», եւ Գագոն առանց Դերոյին նայելու՝ բաժակը բարձրացրած մի քիչ մտածեց ու  շարունակեց՝  «ես որ տենում եմ՝ մեր հայերից մեկնումեկը Վոլգոգրադ բոմժի պես ֆռֆռում ա, ինձի շատ վատ եմ զգում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դրա համար էլ ձեռիցս էկածն անում եմ, որ էդ հայ մարդը բոմժի էդ վիճակից դուս գա», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «դրա համար էլ ասում եմ, որ ազգային գործ ես անում», եւ Գագոն առանց Սաքոյին նայելու՝ բաժակը բարձրացրած մի քիչ մտածեց ու ասաց՝ «ազգային ա՝ թե ազգային չի, ես իմ արած էդ լավություններից հաճույք եմ ստանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մենակ մի բանն ա շատ վատ», եւ ես հարցրի՝ «ի՞նչը», եւ Գագոն առանց ինձ նայելու՝ բաժակը բարձրացրած մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարոտն ա շատ ուժեղ խեղդում», եւ ես հարցրի՝ «ո՞ւմ կարոտը», եւ Գագոն բաժակը դրեց սեղանին, մի քիչ մտածեց, նայեց ինձ ու ժպտալով ասաց՝ «քո, Գեւորի, Դերոյի, Սաքոյի ու սաղի», եւ Դերոն հարցրեց՝ «ո՞նց սաղի», եւ մինչ Գագոն կմտածեր, Սաքոն ժպտալով ասաց՝ «սաղ հայ ժողովրդին կարոտում ա», եւ Գագոն արհամարհական նայեց Սաքոյին ու ասաց՝ «ձեռ ես առնում, բայց, պատկերացրու, ըտենց ա», եւ Դերոն  ժպտալով ասաց՝ «փաստորեն, Սաքուլը ճիշտ ա ասում», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչն ա ճիշտ ասում», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «որ ասում ա՝ ազգային մարդ ես» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մենակ ազգային մարդը կարա սաղ հայ ժողովրդին կարոտի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ մի  որոշ ժամանակ օտարության մեջ ապրած ըլնեիք, էս ասածներս կարող ա հասկանայիք», եւ Գեւորն ասաց՝ «ես հասկանում եմ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ դու մի քանի ամիս օտարության մեջ ապրել ես», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «համարյա մի տարի», եւ Դերոն ժպտալով Գեւորին ասաց՝ «ես քեզնից շատ եմ օտարության մեջ ապրել», եւ Գեւորը զարմացած նայեց Դերոյին ու հարցրեց՝ «դո՞ւ որտեղ ես ապրել», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «բերդն ու գաղութը ձեր ասած էդ օտարությունից հազար անգամ բեթար են», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատ հնարավոր ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բերդում ու գաղութում ոչ մի անգամ չեմ էղել», եւ Սաքոն ասաց՝ «ես էլ չեմ էղել, բայց պատկերացնում եմ», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մինչեւ չըլնես՝ չես կարա պատկերացնես», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «պարզ ա, որ բերդում կյանքն  ավելի ծանր ա, քան՝ ազատության մեջ», եւ ես ժպտալով ասացի՝ «հիմի ազատության մեջ էլ կյանքն առանձնապես թեթեւ չի» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «մարդ կա՝  ազատության մեջ ա, բայց մի կտոր հացի կարոտ ա», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մենակ հացի խնդիրը չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բերդում հազար ու մի ուրիշ դժվարություններ էլ կան», եւ ես ասացի՝ «բերդում էլ, ազատության մեջ էլ թույլերն են տուժում», եւ Դերոն բավական երկար մտածեց ու ասաց՝ «թույլերը բերդում ավելի են տուժում, քան՝ ազատության մեջ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բերդում որ թուլ էղար, մի վայրկյանում քեզ կուտեն», եւ ես ասացի՝ «թույլերին ազատության մեջ էլ պակաս չեն ուտում», եւ Դերոն մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «ազատության մեջ մի քիչ դանդաղ են ուտում, իսկ բերդում միանգամից հա՛մփ են անում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բերդում հոգեբանական ճնշումներն ավելի ուժեղ  են», եւ ես հարցրի՝ «ի՞նչ իմաստով», եւ Դերոն մի քիչ մտածեց ու հոգոց հանելով ասաց՝ «բերդում առավոտից իրիկուն ճշտից ու արդարությունից են խոսում, բայց իրականում հակառակն են անում», եւ ես ասացի՝ «ազատության մեջ էլ են մի գլուխ ճշտից ու արդարությունից խոսում ու հակառակն անում», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ազատության մեջ թերթերով ու տելեվիզորով են ճշտից խոսում, իսկ բերդում առավոտից իրիկուն էդ գործի վրա են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մի խոսքով՝ ճիշտը միշտ ուժեղն ա», եւ ես ժպտալով ասացի՝ «ճիշտը, փաստորեն, սխալն ա», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ըտենց ա ստացվում», եւ Սաքոն ասաց՝ «Սովետից էինք բողոքում, բայց հիմի վաբշե արդարություն չկա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիմի կապիտալիզմ ա», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «մեջներիս կապիտալիստը դու ես, Գագո ջան», եւ Գագոն առանց Սաքոյին նայելու ասաց՝ «Սովետն էլ իրա՛ թերություններն ուներ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Սովետն աշխատողին ու չաշխատողին հավասար աչքով էր նայում», եւ Դերոն ասաց՝ «բայց հիմի աշխատանք չկա, որ մարդիկ աշխատեն», եւ Գագոն մի  քիչ մտածեց ու ասաց՝ «աշխատողի համար միշտ էլ աշխատանք ճարվում ա», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ժպտալով Գագոյին ասաց՝ «ձենդ տաք տեղից ա գալի, Գագո ջան», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «Ռուսաստանն ա՞ տաք տեղ», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «Հայաստանն ավելի տաք տեղ ա», եւ Դերոն մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «նայած ում համար» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Հայաստանը ջերմաստիճանի իմաստով ա տաք», եւ Սաքոն ժպտալով հարցրեց՝ «բա ի՞նչ իմաստով ա ցուրտ», եւ Դերոն միանգամայն լուրջ պատասխանեց ու ասաց՝ «կյանքի ու ապրելու իմաստով» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «կյանքի ու ապրելու իմաստով Ռուսաստանը Հայաստանից տաք տեղ ա», եւ Գեւորը Դերոյին հարցրեց՝ «դո՞ւ ինչ գիտես», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «աչքովս եմ տենում» եւ Գագոյին նայելով ավելացրեց՝ «որ մեր Գագոյին նայում եմ, վրից շատ ուժեղ տաքություն ա փչում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու Դերոյին ասաց՝ «չիմանաս թե՝ էսօրվա էս վիճակիս հեշտությամբ եմ հասել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ընենց ծանր օրեր եմ անցկացրել, որ դուշմանիս չէի ցանկանա», եւ Սաքոն ասաց՝ «որ  ծանր օրերի քանակությամբ հաշվենք, Դերոն երեւի աշխարհի չեմպիոն դառնա», եւ Գեւորն ասաց՝ «մեր ախպեր Գագոն էսօր մեզ իրար գլխի ա հավաքել, որ ուրախ բաներից խոսանք», եւ Սաքոն ասաց՝ «Գագոն ի՛նքը ծանր օրերից խոսաց», եւ Գագոն մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «ես լրիվ ուրիշ բան էի ուզում ասեմ», եւ Սաքոն հարցրեց՝ «ի՞նչ ուրիշ բան», եւ Գագոն մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «արդեն մոռացա՝  ինչ էի ուզում ասեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մտքիս թելը կտրվավ», եւ Սաքոն հիշեցնելով՝ Գագոյին ասաց՝ «ծանր օրերի մասին էիր խոսում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մենակ ծանր օրերի մասին չէր», եւ Սաքոն հարցրեց՝ «բա ինչի՞ մասին էր», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամեն ինչի մասին», եւ ես Գագոյին ասացի՝ «կենացիդ կապակցությամբ շնորհակալական խոսք էիր ասում», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «շնորհակալական խոսք էր ասում, բայց  ճառ ստացվավ», եւ Գագոն թարս նայեց Սաքոյին ու ոչինչ չասաց, եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «ճիշտը որ ուզում եք իմանաք՝ մե՛նք պիտի շնորհակալական խոսք ասենք, ոչ թե՝ Գագոն», եւ ես զարմացած հարցրի՝ «մե՞նք  ինչի պիտի ասենք», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «Գագոյին պիտի շնորհակալություն ասենք, որ էսօր մեզ ըսենց սիրուն ձեւով իրար գլխի ա հավաքել», եւ ես Սաքոյին ասացի՝ «վերջում շնորհակալություն կասենք. էդ վերջին կենացն ա», եւ Գագոն նեղսրտած ասաց՝ «ձեր շնորհակալությունը ձեզ ըլնի», եւ ես ժպտալով ասացի՝ «շնորհակալական խոսքդ կարաս շարունակես, Գագո ջան», եւ Գագոն մի քիչ մտածեց ու խեղճացած ասաց՝ «ինձ ավելպակաս կներեք», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ համար», եւ Գագոն մի քիչ մտածեց ու խեղճացած ասաց՝ «երեւի մի քիչ շատ խոսացի» եւ մի քիչ էլ մտածեց ու կարմրելով ավելացրեց՝ «անկախ ինձանից ստացվավ» եւ մի քիչ էլ մտածեց ու խեղճացած ասաց՝ «Սաքուլը ճիշտ ա ասում», եւ ես հարցրի՝ «ի՞նչն ա ճիշտ ասում», եւ Գագոն մեղավոր ժպտալով ասաց՝ «շնորհակալական խոսք էի ուզում ասեմ, բայց ճառ ստացվավ», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «ելույթ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով Սաքոյին ասաց՝ «ճիշտ ես ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու կարմրելով ավելացրեց՝ «իրավունք ունես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելի կարմրելով ասաց՝ «երեւի չափս անցա», եւ ես զարմացած հարցրի՝ «ե՞րբ ես չափդ անցել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «չափից ավել անկեղծացա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «տղամարդը չափից ավել անկեղծանալու իրավունք չունի», եւ Գեւորը ժպտալով ավելացրեց՝ «մանավանդ՝ արժողչարժողի առաջ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ հեչ կապ չունի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հեչ կապ չունի՝ ում առաջ ես անկեղծանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ինչ շրջապատի մեջ էլ ըլնես՝ պիտի կարենաս քեզ զսպես», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց էլի շարունակում ես, Գագո ջան», եւ Գագոն զարմացած ինձ հարցրեց՝ «ի՞նչն եմ շարունակում», եւ ես ժպտալով ասացի՝ «շարունակում ես անկեղծանալ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու խեղճացած ասաց՝ «մի անգամ որ սխալն անում ես՝ հետո շղթայական շարունակվում ա», եւ Սաքոն Գագոյին ժպտալով հարցրեց՝ «էս բաները որ ասում ես, քեզնից ե՞ս ասում, թե՞ ուրիշներից ես լսել», եւ Գագոն հարցրեց՝ «ո՞ր բաները», եւ Սաքոն ասաց՝ «էդ որ անկեղծանալու մասին ասում ես», եւ Գագոն բավական երկար մտածեց ու ասաց՝ «էս տեսակ հոգեբանական բաները ես եմ ուրիշներին սովորացնում», եւ ես ծիծաղելով Գագոյին ասացի՝ «ուրիշներին սովորացնում ես, բայց դու չես սովորում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու խեղճացած ասաց՝ «խելքս ասա» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտած ավելացրեց՝ «մարդ պիտի լյուբոյ կռուգի մեջ կարենա իրան զսպի» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «էսքան չպիտի անկեղծանայի», եւ ես ժպտալով հարցրի՝ «բայց դու ե՞րբ ես անկեղծացել, այ Գագո», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հեն ա- հեն ա՝ սկսում էի» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «լավ ա բերնիս էկաք՝ չթողեցիք», եւ ես ծիծաղելով ասացի՝ «հիմի էլի սկսում ես անկեղծանալ», եւ Գագոն ծիծաղելով ասաց՝ «հեռի սեղանից», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ես էլ գիտեի՝ անկեղծությունը լավ բան ա», եւ Գագոն  մի քիչ մտածեց ու ասաց՝ «նայած ում համար» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «նայած ում հետ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «քեզ հավասար մարդու հետ կարաս անկեղծանաս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էն էլ՝ հազվագյուտ դեպքերում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «այսինքն, մենակ էն դեպքերում կարաս անկեղծանաս, երբ որ ինքն էլ քո հանդեպ ա անկեղծանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «այսինքն, անկեղծությունը պիտի փոխադարձ ըլնի», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «մեր հետ արխային կարաս անկեղծանաս, Գագո ջան», եւ Գագոն ժպտալով հարցրեց՝ «խի՞», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «որովհետեւ մենք էլ քո հանդեպ ենք անկեղծ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «հա՞ որ», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «կարաս չկասկածես» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «մեջներիցս մենակ Արմոն անկեղծ չի», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց անկեղծ չեմ», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «ավելի ճիշտ՝ մեր հանդեպ անկեղծ չես», եւ ես ավելի զարմացած հարցրի՝ «ի՞նչ իմաստով», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «էդ վեպիդ  մեջ սաղի մասին անկեղծ-անկեղծ գրում ես՝ բացի մեզանից», եւ Գեւորն ասաց՝ «մեր մասին  վաբշե ոչ մի բառ չի գրել», եւ ես Գեւորին հարցրի՝ «դո՞ւ ինչ գիտես», եւ Գեւորն ասաց՝ «Սաքուլն ա ասել», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «Սաքուլն ամեն շաբաթ ծերից ծեր կարդում ա», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «Արմոն մեր մասին ոչ մի բառ չի գրել», եւ Գագոն ասաց՝ «ճիշտ կանի՝ սրանից հետո էլ չգրի», եւ Սաքոն զարմացած հարցրեց՝ «ո՞նց ճիշտ կանի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ավելի լավ ա մեր մասին ոչ մի բան չգրի, քան թե՝ վատ բաներ գրի», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «ինչ էլ գրի՝ քյար ա», եւ Սաքոն Գագոյին հարցրեց՝ «մեզնից ի՞նչ վատ բան ա տեսել, որ վատ բաներ գրի», եւ Գագոն բավական երկար մտածեց ու ասաց՝ «լավ բան էլ առանձնապես չի տեսել», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «չի տեսել՝ կտենա», եւ ես ժպտալով ասացի՝ «էլ ե՞րբ պիտի տենամ. հես ա վեր ենք կենում», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «ո՞նց ենք վեր կենում. հըլը թամադայի կենացը պիտի խմենք», եւ Սաքոն ժպտալով ինձ ասաց՝ «դու էլ պիտի շնորհակալական խոսք ասես», եւ Գեւորը ժպտալով ասաց՝ «հըլը լիքը կենացներ ունենք», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ձեր հարմարությանը նայեք» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ես նախօրոք սաղ գործերս հետաձգել եմ, որ էսօրվա օրը իրար հետ անցկացնենք», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որովհետեւ իսկական ընկեր ես, Գագո ջան», եւ Գագոն մի քիչ  մտածեց, նայեց Գեւորին ու ժպտալով հարցրեց՝ «դու քո ասածին հավատո՞ւմ ես», եւ Գեւորը հարցրեց՝ «ո՞ր ասածիս», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «էդ որ ասում ես՝ իսկական ընկեր եմ», եւ Գեւորը հարցրեց՝ «սխալ ե՞մ ասում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ես ո՞նց կարամ ձեր համար իսկական ընկեր ըլնեմ», եւ Գեւորը զարմացած հարցրեց՝ «խի՞ չես կարա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեր ընկերությունը նոր-նոր պիտի սկսվի», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «կամ կսկսվի, կամ էլ՝ չէ», եւ Գեւորը Դերոյին ասաց՝ «բերանդ խերով բաց», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Դերոն ճիշտ ա ասում», եւ Գեւորը հարցրեց՝ «ի՞նչն ա ճիշտ ասում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատ հնարավոր ա, որ մեր ընկերությունը հեչ չսկսվի էլ», եւ ես ծիծաղելով Գագոյին ասացի՝ «համ ասում ես՝ անկեղծանալը լավ բան չի, համ էլ շարունակում ես անկեղծանալ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ ընկերության մասին ճիշտ բաներ ես ասում, էդ հըլը չի նշանակում թե՝ անկեղծանում ես», եւ ես զարմացած հարցրի՝ «բա անկեղծանալը ո՞րն ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «անկեղծանալն էն ա, որ անձամբ ինքդ քո մասին ես ճիշտ բաներ ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «գրող մարդ ես. դու էս նրբություններն ինձնից լավ պիտի հասկանայիր», եւ ես ժպտալով ասացի՝ «դո՛ւ պիտի գրող ըլնեիր, Գագո ջան», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «շա՜տ շնորհակալ եմ», եւ Սաքոն ժպտալով ինձ ասաց՝ «Գագոն որ գրող ըլներ, քեզնից հազար անգամ լավ կգրեր», եւ ես ժպտալով ասացի՝ «չեմ էլ կասկածում», եւ  Գեւորը ծիծաղելով ասաց՝ «կասկածող ենք ման գալի», եւ Դերոն ծիծաղելով  ասաց՝ «Գագոն էդ բոյովի հետ գրել չի սովորել, բայց որ գրի, կարող ա Արմոյից էլ ուժեղ գրի», եւ Գագոն թարս նայեց Դերոյին ու ոչինչ չասաց, եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «որ Գագոն էդքան շատ գրեր, հաստատ մի էրկու բառ էլ մեր ընկերության մասին կգրեր», եւ ես ժպտալով Սաքոյին ասացի՝ «Գագոն էդքան բացատրեց, բայց էլի չհասկացար», եւ Սաքոն հարցրեց՝ «ի՞նչ բացատրեց», եւ ես ասացի՝ «բացատրեց, որ մեր ընկերությունը գոյություն  չունի» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «բացատրեց, որ մեր ընկերությունը նոր-նոր պիտի սկսվի», եւ Գագոն տհաճությամբ նայեց մեզ ու նեղսրտած ասաց՝ «որ ըսենց ջրիկանաք, դժվար էլ սկսվի» եւ մի քիչ մտածեց ու նեղսրտած ավելացրեց՝ «ես լուրջ բաներից եմ ուզում հետներդ խոսամ, բայց դուք սաղ խոսակցությունն անլրջացնում եք», եւ ես ժպտալով ասացի՝ «որովհետեւ լուրջ մարդիկ չեն, Գագո ջան», եւ Սաքոն քմծիծաղով ինձ հարցրեց՝ «դու ե՞ս լուրջ», եւ ես արդարանալով ասացի՝ «ես գոնե  Գագոյի խոսալուն չեմ խանգարում» եւ ժպտալով Գագոյին ասացի՝ «շարունակի, Գագո ջան», եւ Գագոն զարմացած նայեց ինձ ու հարցրեց՝ «ի՞նչը շարունակեմ», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «պատասխան խոսքդ», եւ Սաքոն ժպտալով Գագոյին ասաց՝ «ելույթդ», եւ Գագոն թարս նայեց Սաքոյին ու ինձ ասաց՝ «երբ որ մարդուն չեն լսում, ու էդ մարդը շարունակում ա խոսալ, շատ ծիծաղելի վիճակի մեջ ա հայտնվում», եւ ես Գագոյին հարցրի՝ «ո՞վ չի լսում», եւ Գագոն մի քիչ մտածեց  ու ասաց՝ «չլսողները» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «գրող մարդ ես. էս ասածներս ինձնից լավ պիտի հասկանաս» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «էդ նույնն ա, որ դու գիրք գրես, բայց ոչ մեկը չկարդա» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «որ գրածներդ ոչ մեկը չկարդա, էլ չես գրի, չէ՞», եւ ես չգիտեի ինչ ասեմ ու ոչինչ չասացի, եւ Դերոն ծիծաղելով ինձ ասաց՝ «էդ իմաստով կարաս լրիվ արխային ըլնես. էդ գրածներդ ով կարդա-չկարդա՝ Սաքուլը նաղդ կարդացող ա», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ սրանից հետո էլ մեր մասին չգրի, էլ չեմ կարդալու», եւ ես ժպտալով ասացի՝ «վարիանտ չկա», եւ Սաքոն զարմացած հարցրեց՝ «այսինքն», եւ ես ժպտալով ասացի՝ «վարիանտ չկա, որ ձեր մասին չգրեմ», եւ Գագոն վախեցած հարցրեց՝ «մեր մասին ի՞նչ պիտի գրես», եւ ես ժպտալով ասացի՝ «կգրեմ, որ քեզ խանգարեցինք. չթողեցինք՝ պատասխան խոսքդ ասես»։
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել