Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՆՄԽԻԹԱՐ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԼԻՃԸ

Հուլիս 09,2011 00:00

Այն ճահճի եւ մալարիայի տարածման օջախի է վերածվում

Անհոգ մանկության հուշերիս մի զգալի մասը կապված է ներկայիս լճի տարածքով հոսող, երբեմնի ջրառատ Հրազդան (Զանգու) գետի հետ, ուր ես լողալ էի սովորում ու ձուկ էի որսում:
Այն ժամանակ, ԱՄՆ-ի այժմյան դեսպանատանը հարող լճափի տեղում փոքրիկ Կողբ գյուղն էր՝ իր ծիրանի այգով: Ահա հենց այստեղ էլ լճափը սկսել է ճահճակալվել: Գարշահոտ արձակող կանաչա-դեղնավուն ջրում եղեգներ են աճել, եւ օրեցօր ընդարձակվում են:
Զարմանալի է, որ դեռ սովետական ժամանակներում կառուցված այս արհեստական լիճը ինչպես այն, այնպես էլ անկախության անցած քսան տարիների ընթացքում բոլորի կողմից լքվել եւ անուշադրության է մատնվել: Այժմ էլ այն Արարատյան դաշտի որոշ հողակտորներ ոռոգող մի խղճուկ ջրամբարի դեր է կատարում: Ոռոգման սեզոնը սկսվելուն պես լճի ջուրը հաճախ դատարկվում է եւ մինչեւ նոր ջրով լցվելը, երեւան է հանում տղմոտ հատակը, որը մի անհրապույր տեսարան է ներկայացնում: Մինչդեռ, լճից տիղմը հեռացնելու, հատակը մի փոքր խորացնելու եւ լճափերը բարեկարգելու դեպքում, հնարավոր է այն մայրաքաղաքի բնակչության հանգստի ու ժամանցի հրաշալի վայրերից մեկը դարձնել:
Ակամա ենթադրում եմ, որ մեր քաղաքապետարանը երեւի թե բավական ֆինանսական միջոցներ եւ ժամանակ չունի դրանով զբաղվելու համար, այլապես այսքան երկար ժամանակ այն աչքաթող չէր արվի:
Դեռ սովետական տարիներին անվանի հայ ջրասուզակ Շավարշ Կարապետյանը փորձեց լիճը ջրային որոշ մարզաձեւերի զարգացման նպատակին ծառայեցնել: Սակայն դրան խանգարեց մի դժբախտ պատահար, որի ժամանակ մարդկանցով լեցուն տրոլեյբուսը, մայրուղուց դուրս գալով, անսպասելիորեն հայտնվեց լճի ամենախոր մասում: Դա մարդկային բավականին մեծ կորուստների պատճառ դարձավ: Բարեբախտաբար, այդ օրը Շավարշ Կարապետյանն իր մի քանի ընկերներով, պատահական հայտնվելով դեպքի վայրում, անձնական մեծ խիզախություն եւ հայրենասիրություն ցուցաբերելով, կարողացավ 13 մարդու կյանք փրկել:
Երեւի թե հենց այդ օրվանից էլ լիճը բոլորովին անտերության մատնվեց ու նրա հետագա ճակատագրով այլեւս ոչ ոք չհետաքրքրվեց:
Ինչպես երեւում է, մեր քաղաքապետարանը հույսը ԱՄՆ-ի դեսպանատան վրա է դրել, քանի որ լիճը ճահճի ու մալարիայի տարածման օջախի վերածվելով, առաջին հերթին սպառնում է դեսպանատան աշխատողների առողջությանը: Իսկ ինչ վերաբերում է երեւանցիներին, ապա նրանք անհարմարություններին վաղուց են սովոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել