Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍՓՅՈՒՌՔԱԳԵՏՆԵՐ ԷԼ ՈՒՆԵՆՔ

Հուլիս 09,2011 00:00

Հասմիկ Եսայանը երեկ մագիստրոսի կոչում եւ սփյուռքի նախարարությունում աշխատելու առաջարկ ստացավ: «Կարող ես վաղն էլ գալ աշխատանքի»,- նրան երեկ անձամբ հրավիրեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի կազմում գործող սփյուռքագիտության ամբիոնի առաջին շրջանավարտ մագիստրոսների դիպլոմների հանձնման արարողության ժամանակ: «Մեզ նախարարը խոստացել էր, որ աշխատանքով կապահովի, բայց ինձ համար անսպասելի էր, որ այսօր ինձ պետք է նման առաջարկ աներ»,- ասում է Հասմիկը: Սփյուքագիտության ամբիոնն ստեղծելու գործընթացը նախաձեռնել է ՀՀ սփյուռքի նախարարությունը: Նախարար տիկին Հակոբյանը պատմում է՝ երբ ստեղծվեց սփյուռքի նախարարությունը, փնտրում էր սփյուռքագետներ եւ չէր կարողանում գտնել, հասկացան, որ այսօրվա կարեւորագույն խնդիրն է մասնագետներ պատրաստելը: 2008թ. հոկտեմբերի 14-ին որոշում ընդունվեց սփյուռքագիտության ամբիոն ստեղծելու մասին: Նախարարը նշում է, որ ստեղծման եւ հետագայում ուսումնառության ընթացքին օգնեց կառավարությունը՝ գումար հատկացնելով ամբիոնի առաջին ուսանողներին, նաեւ՝ շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ղեկավարությանը՝ «իմաստուն որոշման համար» եւ ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանին: «Վստահ եմ, որ այս մասնագետների շնորհիվ մենք կարող ենք զորացնել հայրենիք-սփյուռք հարաբերությունները»,- ասում է տիկին Հակոբյանը:
 Ուսանողների կրթական ընդհանուր մակարդակը սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը բավարար է գնահատում. «Վերջին տարիներին, որքան էլ մենք՝ դասախոսներս թերահավատ ենք,  լավ պատրաստված ուսանողների թիվն ավելացել է»,- ասում է նա: Ամբիոնի վարիչը նշում է, որ պետք է ծրագիր ներկայացնի ԵՊՀ-ի ռեկտորատ եւ սփյուռքի նախարարություն՝ համաձայնություն ստանալու՝ ուսուցումն անցկացնելու նաեւ բակալավրիատում:
«Մեզ թվում է՝ լավ ենք ճանաչում սփյուռքը, բայց վերջին մեկ տարվա իրադարձությունները եւ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների դիտարկումը մեզ թույլ է տալիս մտածել, որ այդպես չէ: Պետք է գիտականորեն ուսումնասիրել: Այն առավել անհրաժեշտ է մեր պետական, հասարակական հարաբերությունները ճիշտ ուղու վրա դնելու համար՝ այդպես բարելավելով տնտեսական, մշակութային հարաբերությունները»,- ասաց «Առավոտին» պարոն Ավետիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել