Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՆԵ ԱՅԴ ՄԵԿՈՒՄ ԱՆՊԱՅՄԱՆ ՊԻՏԻ ՀԱՂԹԵԼ

Հուլիս 09,2011 00:00

\"\"Հայաստանի սեղանի թենիսի պատանեկան (կադետներ) եւ երիտասարդական (մինչեւ 18 տարեկաններ) հավաքականները հուլիսի 15-24-ը Կազանում մասնակցելու են այս տարիքային խմբերի Եվրոպայի առաջնությանը:
Մեր մարզիկները հանդես են գալիս «B» դիվիզիոնում, որի վիճակահանությունն արդեն որոշել է մրցակիցներին: «I» խմբում ընդգրկված մինչեւ 15 տարեկան տղաները (կադետներ) ուժերը չափելու են Ադրբեջանի,  Ուկրաինայի եւ Լյուքսեմբուրգի, աղջիկները՝ Հոլանդիայի, Էստոնիայի, Բուլղարիայի եւ Լյուքսեմբուրգի իրենց հասակակիցների հետ: Իսկ երիտասարդական (մինչեւ 18 տարեկան) հավաքականները՝ 4 տղա եւ 3 աղջիկ, որ «E» խմբում են, խաղալու են. տղաներ՝ Ավստրիայի, Պորտուգալիայի, Սլովենիայի, աղջիկներ՝ Խորվաթիայի, Անգլիայի եւ Լիտվայի հետ:
Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Գրիգորյանն առաջնությանը նախապատրաստվելու եւ մասնակցության մասին երեկ «Առավոտին» ասաց. «Եվրոպայի առաջնությունում ավելի բարձր դիվիզիոն տեղափոխվելը հեշտ խնդիր չէ: Սակայն մեր թենիսիստները Կազան մեկնում են պայքարելու համար: Կազանում հնարավորին չափ հաջող հանդես գալու նպատակով ներկայումս հավաքականների համար ֆեդերացիան ուսումնամարզական հավաքներ է կազմակերպել եւ դրանք դեռ շարունակվում են: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ կայանալիք սկզբունքային դիմակայությանը,  այդ մեկում անպայման հաղթելու վճռականություն ունենք: Եվ դա միանգամայն իրագործելի նպատակ է»:
Մենք էլ ավելացնենք, որ,  մեր իմացածով, չնայած հարեւան հանրապետության սեղանի թենիսի ֆեդերացիայի տարեկան բյուջեն առնվազն հինգ անգամ ավելի է, քան Հայաստանի ֆեդերացիայինը, այդուհանդերձ, բոլոր տարիքային խմբերում մեր թենիսիստների վարպետության մակարդակը հակառակ համեմատական է նրանց նյութական միջոցներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել