Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ոսկե ծիրանը»՝ կիրակի

Հուլիս 09,2011 00:00

ՀՀ մշակույթի նախարարության եւ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցությամբ հուլիսի 10-17-ը Երեւանում կկայանա «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնը: Երեկ կազմակերպիչները վերջին անգամ կինոփառատոնի մեկնարկից առաջ հանդիպեցին լրագրողներին:
«Ոսկե ծիրանի» տնօրեն Հարություն Խաչատրյանի փոխանցմամբ՝ 8-րդ կինոփառատոնը մյուս տարիներից տարբերվելու է իր անակնկալներով. «Այս տարի հնարավորինս աստեղային ենք դարձրել փառատոնը: Հյուրերի ցանկն ու ցուցադրվող ֆիլմերը կխոսեն փառատոնի միջազգային լինելու մասին»: Հ. Խաչատրյանը կինոփառատոնի գլխավոր անակնկալը համարեց աշխարհահռչակ դերասանուհի, այժմ նաեւ ռեժիսոր Ֆանի Արդանի այցը: Հ. Խաչատրյանը լրագրողներին հորդորեց դերասանուհու հետ հանդիպման ժամանակ նրա անձնական կապերից հարցեր չհնչեն: Դերասանուհու նկարահանած ֆիլմերը՝ «Մոխիր եւ արյուն», կարճամետրաժ «Բացակա երազներ», կցուցադրվեն փառատոնի երկրորդ օրը՝ հուլիսի 11-ին, «Մոսկվա» կինոթատրոնում:
Հ. Խաչատրյանը ցավով նշեց, որ ամենասպասված եւ գլխավոր հյուրը՝ Կաննի կինոփառատոնի «Լավագույն ռեժիսոր» մրցանակին արժանացած Բերտրան Տավերնյենը «Ոսկե ծիրանին» ներկա չի լինի՝ առողջական պատճառով: Ինչպես Բերտրան Տավերնյենի, այնպես էլ Բելա Տարի, Վոյչեխ Մարչեւսկու եւ Ռոման Բալայանի ֆիլմերը փառատոնի շրջանակներում հանդիսատեսին կներկայացվեն հետահայաց ցուցադրություններով:
Ինչ վերաբերում է երեւանյան պրեմիերաներին, փառատոնի տնօրենի փոխանցմամբ՝ ֆիլմացանկում լինելու են Կաննի կինոփառատոնի 3 մրցանակակիրների ֆիլմերը՝ Թերենս Մալիքի «Կենաց ծառը», Նուրի Բիլգե Ջեյլանի՝ «Մի անգամ Անատոլիայում», Լարս ֆոն Թրիերի՝ «Մելանխոլիա»: Բացի այդ, կցուցադրվեն նաեւ Բրեյդեն Քինգի՝ «Այստեղ», Պավել Կոստոմարովի «Ես քեզ սիրում եմ» եւ Սերժ Ավետիքյանի՝ «Շների պատմությունը» նկարները:
«Ոսկե ծիրանի» մրցութային 4 անվանակարգերում ներառված ֆիլմերը ընտրելու են միջազգային 6 ժյուրիները: Նշենք նաեւ, որ կինոփառատոնի շրջանակներում ընդգրկված ֆիլմերի տոմսերը թանկացել են՝ մեկ տոմսը արժե 500 դրամ՝ նախկին 300 դրամի փոխարեն: Հ. Խաչատրյանի խոսքով՝ թանկացումն արդարացված է. «Մոսկվա» կինոթատրոնը բավականին նորացրել է տեխնիկան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել