Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե այս զենքն Ալիեւի ձեռքին լիներ»

Հուլիս 09,2011 00:00

\"\"Գեղագիտության ազգային կենտրոնը, որը աշխարհում միակ մանկական պատկերասրահն է, չի ջեռուցվում: Ջեռուցման խնդիր ունի նաեւ Ժամանակակից արվեստի թանգարանը, որտեղ վիճակն ավելի վատթար է՝ խոնավության պայմաններում բացառիկ աշխատանքները փչանում են: «Մենք՝ հասարակությունը, ղեկավարությունը արժեքները գնահատելու խնդիր ունենք: Եթե մեր ոխերիմ հարեւանները նման մշակութային պաշարների, հարստության տեր լինեին, այդ զենքը փայլուն կօգտագործեին, աշխարհը հենց այս զենքով կգրավեին: Մենք այդ բոլորն ունենք, բայց նախ պասիվ ենք, հետո էլ՝ վատ ենք պահում»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունը հայտնեց Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանը: Նա ասաց, որ ջեռուցման խնդրին Երեւանի քաղաքապետարանում տեղյակ են, սպասում են արձագանքի: Չնայած դժվարություններին ու հասարակության, պատկան մարմինների վերաբերմունքին, ԳԱԿ-ում միայն չեն տրտնջում, այլ շարունակում են աշխատել: ԳԱԿ-ի Փոքր թատրոնը մայիսին հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ Բոստոն քաղաքում, ապա մեկնել Իտալիա, որտեղ ներկայացրել են հայ-իտալական համատեղ նախագիծը՝ «7-րդ զգացողություն» ներկայացումը: Վերջերս էլ Փոքր թատրոնը պրեմիերա է ունեցել՝ Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգստոն ճայը»: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանն ասաց, որ արդեն այդ ներկայացումը խաղալու համար էլ դրսից հրավերներ են ստացել: Սեպտեմբերի 5-ին էլ ԳԱԿ-ում կբացվի նկարչական աշխատանքների ցուցահանդես, որտեղ անկախությունը պատկերված կլինի հայ մանուկների աչքերով:
Կենտրոնի ստուդիա-քոլեջի տնօրեն Սամվել Բաղդասարյանը դժգոհ է մարզային իշխանություններից ու մարզերից ստացած աշխատանքների ցածր որակից: Նա փաստեց, որ ժամանակին գյումրեցիներն ու վանաձորցիները հրաշալի աշխատանքներ էին ներկայացնում, իսկ այժմ հակառակ պատկերն է:
Լ. Իգիթյանը գտնում է, որ մշակութային կյանքը ակտիվացնելու համար մարզերում մշակութային կառույցների ղեկավարները պետք է մի քիչ խենթ լինեն եւ պատահական մարդիկ չղեկավարեն նման կենտրոնները. «Այն երեխաները, որ Երեւանից հեռու են ապրում, մեղք չունեն, մեզ նման փոքր երկրում մշակութային հնարավորությունները նորմալ բաշխելը հեշտ է: Մշակութային կլիման հանրապետությունում պետք է միանման լինի: Երեւանում չապրողները հո անիծված չե՞ն… Եթե այս կենտրոնը Ալիեւի ձեռը լիներ, հիմա փարիզներում բոլորիս հերն անիծել էր: Նրանք նավթ ունեն, մենք էլ այս նավթն ունենք»: Նման հզոր զենք ունենալն ու այդ զենքը չօգտագործելը՝ Իգիթյանը մեր օրերում անթույլատրելի է համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել