Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քննություն հանձնեցին ոստիկանն ու դերասանը

Հուլիս 09,2011 00:00

Իսկ 40-ամյա տիկինը թեստը հեշտ հաղթահարելի համարեց

Երեկ անցկացվեց դիմորդների քանակով ամենածավալուն միասնական քննությունը՝ հայոց լեզու եւ գրականություն առարկայից:
Մասնակցելու համար՝ ԳԹԿ դիմում-հայտ է ներկայացրել 840 դիմորդ, Երեւանում ձեւավորվել էր երկու քննակենտրոն՝ ԵՊՀ-ում եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ): ԵՊՀ-ում քննությանը ներկայացել էր 571 դիմորդ, ԵՊՃՀ-ում՝ 219: Երկու քննակենտրոններում կար 52 բացակա: Լեռնային Ղարաբաղում քննություն է հանձնել 10 դիմորդ:
Մյուս քննությունների համեմատությամբ, հայոց լեզու եւ գրականության քննությունն իրապես լարված էր: Դա երեւում էր դիմորդների անհանգիստ անցուդարձից:
Քննության մեկնարկից մի քանի րոպե անց Արսեն անունով մի դիմորդ հուզված եւ շնչակտուր դուրս եկավ քննասենյակից: Նրան թույլ տվեցին մի քանի րոպե հանգստանալ քննակենտրոնի առաջին հարկում: Բժշկի ուղեկցությամբ դիմորդին տարան բաց տարածություն, որտեղ մի քանի րոպե մաքուր օդ շնչելուց հետո՝ դիմորդի վիճակն ավելի վատացավ: «Առավոտի» հետ զրույցում դիմորդը ասաց, որ վաղ առավոտ է արթնացել եւ ոչինչ չի կերել: Հայոց լեզուն եւ գրականությունը 17-ամյա Արսենի երկրորդ քննությունն էր: Առաջինը՝ մաթեմատիկան, արդեն հաղթահարել էր՝ 15.5 միավոր է ստացել: Հայոց լեզու եւ գրականություն քննությունից էլ չդժգոհեց. «Մնացել է 5 հարց լուծեմ, բոլորը գրել եմ: Պարապել եմ, լավ եմ յուրացրել, միայն թե, որ չէի նախաճաշել՝ տապից ու հուզմունքից վատ զգացի»:
Մեկ այլ դիմորդի համար էլ բուժօգնության կարիք զգացվեց: 20-ամյա Գեւորգը ոչ թե սովածությունից էր վատ զգացել, այլ, իր բնութագրմամբ՝ սթրեսից: Նա դիմում էր Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան: Միայն թե ոչ թե ընդունվելու, այլ վճարովի համակարգից անվճարը անցնելու համար. «Բանակ գնալուց առաջ դիմեցի, ընդունվեցի եւ առաջին կուրսն ավարտեցի: Բայց քանի որ վճարի հետ կապված խնդիրներ կային, որոշել եմ կրկին փորձել անվճար տեղի համար»:
ԵՊՀ-ում տեղակայված քննակենտրոնի ղեկավար Էդուարդ Սանթրոսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ չնայած հանգիստ մթնոլորտում է ընթանում քննությունը, բայց դիմորդների անցուդարձը մտահոգիչ է:
Ինչպես մյուս, այնպես էլ այս քննությանը մասնակցում էին տարբեր տարիքային խմբի ներկայացուցիչներ՝ ընտանիքի մայրեր, կայուն մասնագիտության տեր երիտասարդներ: Նրանցից քչերի հետ էր հաջողվում զրուցել: Օրինակ, երեկ քննությունից դուրս եկավ 40 անց մի կին, ով մեզ հետ զրույցում ասաց, որ քննության թեստերը իր համար հեշտ էին, ուղղակի ինքը ստուգում է իր գիտելիքները:
Դիմորդներից Աշոտ Վարդանյանը ռազմական ոստիկանության աշխատակից էր: Նրա խոսքով, եկել է քննության՝ աստղերը շատացնելու, պաշտոնն էլ բարձրացնելու համար: 35-ամյա Թեմուր Աճինյանը ներկայումս աշխատում է Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: «Երիտասարդ տարիներին դիմեցի Թատերական եւ ընդունվեցի, սակայն կուրսը լավը չէր՝ դուրս եկա: Այժմ դիմում եմ նույն բուհի ռեժիսուրայի բաժին, քանի որ ուզում եմ մասնագիտանալ ռեժիսուրայի գծով: Արդեն ունեմ մի շարք բեմադրություններ՝ «Լեդի Մակբեթ» (Շեքսպիր), «Զոքանչս ամուսնանում է» (Ժիրայր Անանյան): Ամուսնացած եմ, ունեմ տղա երեխա, բայց կրթությունը, վստահ եմ, որ ոչ ընտանեկան, ոչ ստեղծագործական կյանքիս չի խանգարի»,- նշեց նա: Հաջորդ քննությունը կկայանա հուլիսի 10-ին՝ ֆիզիկա առարկայից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել