Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիս 09,2011 00:00

\"\"Բաց նամակ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանին

Հարգելի տիկին Բախշյան, խորը հիասթափությամբ կարդացի դասագրքերի մրցույթի մասին «Առավոտի» 25.06.20011 թ. Ձեր հրապարակումը: Անկեղծ ասած, ես կարծում էի, թե մրցույթի կազմակերպիչներն իրենց կեղծարարությունները իրագործելիս օգտագործել են Ձեր դյուրահավատությունը, եւ Դուք, լինելով հանձնաժողովի անդամ, հավատացել եք նրանց եւ խորամուխ չեք եղել գործընթացի մանրամասների մեջ: Համոզված էի նաեւ, որ կարդալով մրցույթի անօրինականությունների մասին բազմաթիվ հրապարակումները, ազնիվ մարդու ու հայ մտավորականի, երկրի օրենսդրական մարմնի անդամի՝ պատգամավորի եւ իշխանություններին ընդդիմադիր կուսակցության ղեկավարներից մեկի Ձեր ձայնը կբարձրացնեք հանուն արդարության, օրինականության վերականգնման, կրթական գործընթացի կարեւորագույն օղակներից մեկի կազմալուծմանն ուղղված գործընթացի կասեցման: Սակայն Ձեր հրապարակումը բոլորովին այլ բան է ասում. այն արդարացնում է կատարված կեղծիքը, «հիմնավորում» անօրինականությունները, ճանապարհ հարթում առանձին ղեկավար այրերի համար հանրակրթության այս եւ այլ կարեւորագույն խնդիրները լուծելու իրենց հայեցողությամբ՝ օրինականության անտեսմամբ ու խախտումներով: Դուք ասում եք, որ այս կամ այն դասագրքի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու համար Ձեզ համար հիմք է հանդիսացել ուսուցչական հանձնաժողովի կարծիքը: Բայց եթե ուշադիր ընթերցեիք իմ հեղինակած դասագրքերի մասին այդ հանձնաժողովի կարծիքը, ապա «անզեն» աչքով կտեսնեիք նրանում լեզվական եւ մասնագիտական խոտանը, հեղինակների ինտելեկտուալ ցածր մակարդակը: Իսկ «Առավոտի» իմ հրապարակումը կասկած չպետք է թողներ հանձնաժողովի անդամների մասնագիտական անկարողության եւ կանխակալ մոտեցման վերաբերյալ. չէ՞ որ ես այնտեղ հիմնավորել եմ, որ հանձնաժողովի տված կարծիքի բոլոր դիտողությունները կամ սխալ են, կամ էլ անգրագետ: Այդ կարծիքը պետք է ամրապնդվեր ռուսական դասագրքերի եւ ուսուցչական ձեռնարկի մասնագիտական եւ մեթոդական սխալների վերաբերյալ իմ մյուս հրապարակումից հետո: Իմ եւ իմ գործընկերների հրապարակումներում նշվում են նաեւ մրցույթում ՀՀ կրթության մասին օրենքի, Հանրակրթության պետական կրթակարգի, մրցույթի Հայտահրավերի պայմանների բազմաթիվ խախտումներ:
Հիշում եմ, տասներկու տարի առաջ իմ հեղինակած դասագրքերի քննարկումը Երեւանի թիվ 27 դպրոցում, որ կատարվեց դպրոցի հրաշալի տնօրեն Անահիտ Բախշյանի նախաձեռնությամբ: Դպրոցում իմ անցկացրած «բաց դասերից» մեկի ժամանակ խորհրդային դասագրքերի պարտադրանքով վարժությունների լուծման մեջ հմտացած աշակերտներից եւ ոչ մեկը չկարողացավ մոտավոր պատկերացում տալ մեկ քառակուսի մետրի մասին: Եվ ֆիզիկոս տնօրենը այն ժամանակ ինձ հետ համաձայն էր, որ վարժությունների լուծմանը միտված մաթեմատիկան աշակերտին շատ բան տալ չի կարող, որ տրամաբանական, ալգորիթմական մտածողության հետ միասին՝ հանրահաշվի ուսուցումը պետք է միտված լինի նաեւ սովորողների լեզվամտածողության զարգացմանը, կիրառություններին, ազգային եւ այլ արժեքների ձեւավորմանը: Նման հանդիպումներ ես ունեցել եմ հարյուրավոր դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների հետ: Նույնը կարելի է ասել նաեւ այլ դասագրքերի հեղինակների մասին: Իսկ Դուք գտնում եք, որ ներկայացված դասագրքերը «ստեղծվում են շատ կարճ ժամանակահատվածում եւ պատշաճ փորձաքննության չեն ենթարկվում»: Ինչո՞ւ եք խեղաթյուրում իրականությունը: Իրականությանը չի համապատասխանում նաեւ Ձեր դիտարկումն այն մասին, որ նախկինում նույնպես չհաղթած դասագրքերի հեղինակների կողմից նույնաբովանդակ դժգոհություններ են եղել: Դասագրքերի մրցույթի շուրջ ծավալված այս գործընթացը չի կարելի որակել որպես դժգոհություն. այն պայքար է, պայքար՝ ուղղված անարդարության, անօրինականության ու կեղծիքի դեմ: Նախկինում նման բան չի եղել: Դուք հրապարակավ Ձեր մտահոգությունն եք հայտնում լավ դասագրքեր ունենալու վերաբերյալ, բայց արդյո՞ք Ձեր այս գործողությունները չեն նպաստում դասագրքաստեղծման կարեւորագույն գործի կազմալուծմանը: Չէ՞ որ ԿԳ նախարարության կողմից այլընտրանքային դասագրքերի անօրինական վերացումը եւ «դասագրքերի մրցույթ» անունով այս ֆարսի կազմակերպումը դասագիրք ստեղծելու ունակ մտավորականների մեջ համոզմունք են առաջացնում, որ այդ գործը գտնվում է մաֆիայի ամուր ձեռքերում եւ անիմաստ է առանց մաֆիայի աջակցության ակնկալել հաջողություն եւ այդ ուղղությամբ որեւէ աշխատանք կատարել: Մանավանդ, երբ մաֆիան ստանում է նաեւ «ընդդիմադիր» աջակից: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ընդդիմադիր չեմ, քաղաքականությամբ չեմ զբաղվում, այլ աշխատում եմ հայ մտավորականի իմ համեստ ավանդը բերել հայ երեխային հայեցի կրթություն տալու կարեւորագույն գործում: Սակայն տեսնելով իմ բնագավառի որոշ ղեկավարների ապազգային եւ իրենց անձնական շահերին միտված գործելակերպը՝ մտահոգ եմ: Մտահոգ եմ, որովհետեւ հանրակրթությունը իրենց հայեցողությամբ վերաձեւելու մեծ հավակնություններ ունեն եւ սիրում են խոսել բարձր ղեկավարության անունից: Դրանցից մեկը, օրինակ, դարեր շարունակ ու բոլոր երկրներում գործող դաս-դասարանային ուսուցման եղանակի փոխարեն տարիներ առաջ առաջարկում էր ուսուցման կոլեկտիվ եղանակը: Ստեղծեց դպրոց, որը ապացուցեց դրա անկենսունակությունը: Բայց դառնալով փոխնախարար եւ չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, մարդը ուսուցման այդ եղանակը պարտադրել է հանրապետության մի շարք դպրոցների: Ոչ մեթոդական ապահովվածություն կա, ոչ մեթոդիկա, բայց ուսուցիչները ատեստացիայի խնդիր ունեն, իսկ տնօրենները՝ նախարարության առջեւ քննություն հանձնելու, ու չեն բողոքում: Եվ հաջողությամբ առաջ է քայլում կոլեկտիվ ուսուցման այդ եղանակը «մեր հայրենիքի այս մի բեկորի վրա, որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն» (արտահայտության մեջբերումը կատարվում է ԿԳ նախարարի ելույթից – Հ. Մ.): Ու մի օր էլ մենք աչքերս կբացենք ու կտեսնենք, որ հանրապետության դպրոցների կոլեկտիվացման ստալինյան, չէ, ինչ եմ ասում, մանուկմկրտչյանական պլանը վերջնականապես հաղթանակ է տարել, ՏՍՏվփՈՑպսՖվՏ Ռ տՏսվՏրՑՖ՚՝ սովետական շրջանի կուսակցական տերմինաբանությամբ: Բայց կարծես ժամանակները փոխվե՞լ են: Ուրեմն՝ ժամանակը չէ՞ ուշքի գալու:
Անկեղծ հարգանքներով՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել