Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հուղարկավորման ժամանակ հավասար էին

Հուլիս 09,2011 00:00

\"\"Սոցիալական իրավունքի առումով՝ անհավասար վիճակ

ՀՀ Ազգային ժողովը 2003թ. դեկտեմբերի 29-ին ընդունեց ՀՕ-60-ն օրենքը, որով փոփոխություն կատարվեց 02.12.98թ. «ՀՄՊ վետերանների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում. մի շարք արտոնություններ փոխարինվեց դրամական օգնությունով, «փոխհատուցում» համապատասխան իրավական տերմինը միտումնավոր փոխարինվեց դրամական օգնությունով, որպեսզի հետագայում մատուցվող ծառայությունների սակագների փոփոխման դեպքում տրվող գումարներն ինդեքսավորման ենթակա չլինեն:
Ղեկավարվելով նշված օրենքով, ՀՀ կառավարությունը 02.03.2004թ. ընդունեց թիվ 207-ն որոշումը: Այդ փաստաթղթում բացակայում էր «հավասարեցված անձինք» բառակապակցությունը, այն չգիտես ում կողմից եւ ինչպես հորինվեց:
ՀՀ կառավարությունը 2011թ. մայիսի 5-ին ընդունեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության կողմից մշակված եւ ներկայացված «Զինծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության չափերը»՝ ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց խմբերի: Դրամական օգնություն նշանակելու կարգը սահմանելու մասին նախագծի հիման վրա կառավարությունն ընդունեց թիվ 668 որոշումը, որին եթե ցանկանա ծանոթանալ կատարվածից անտեղյակ անձը, ապա տպավորություն կստացվի, որ ՀՀ կառավարությունը ընդունել է նշված անձանց սոցիալական հարցերը բարելավող որոշում: Սակայն դա այդպես չէ, քանի որ նշված թոշակներից դուրս է գալիս օրենքով նախատեսված հավելավճարները եւ ստացվում է, ինչպես ժողովուրդն է ասում՝ դրսից դրսինի աչքն է ծակում, ներսից՝ ներսինի: Չգիտես ինչու, որոշման 2-րդ գլխի 3-րդ կետի ա ենթակետում անձինք բաժանված են ըստ հաշմանդամության կարգի: Անհասկանալի է, եթե նշված անձինք հավասարաչափ օգտվել են նույն արտոնություններից, որոնք փոխարինվել են դրամական օգնությունով, ապա ինչ կապ ունի հաշմանդամության կարգը:
Այդ գումարները, որոնք նշված են որոշման մեջ, իրականում չեն համապատասխանում իրականությանը, քանի որ կենսաթոշակից հանվում են օրենքով նախատեսված հավելավճարները եւ նոր այդ գումարները գումարվում են կենսաթոշակին: Ստացվում է, որ 6800 ՀՀ դրամը, որը տրվում էր նախկինում, կավելանա մի ողորմելի գումարով, հնարավոր է՝ այն մնա նույնը: Գուցե ճիշտ կլիներ ոչ թե հաշվի առնվեր հաշմանդամության կարգը, այլ, ղեկավարվելով միջպետական համաձայնագրով, գումարի չափը նշանակվեր ըստ ընտանիքի անդամների քանակի եւ այդպիսով նրանց սահմանադրական իրավունքները չէին ոտնահարվի, քանի որ համաձայնագրում ամրագրված է, որ արտոնություններից օգտվում են նրանց հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամները: Հաշվի առնելով այն, որ երկու անձից բաղկացած ընտանիքն ավելի քիչ է ծախսում գազ, ջուր, էլեկտրաէներգիա, քան բազմանդամ ընտանիքը:
Համաձայնագրի թիվ 9 հոդվածի համաձայն, փոխադարձ պայմանավորվածությամբ կողմերը կարող են սույն համաձայնագրում կատարել անհրաժեշտ փոփոխություններ՝ լրացուցիչ արձանագրությունների տեսքով: Սակայն 2-րդ պարբերությունում ասվում է՝ կողմերն իրենց պետությունների տարածքում չեն սահմանի արտոնությունների եւ երաշխիքների նվազ ծավալ, քան նախատեսված է սույն համաձայնագրի կից 2-րդ հավելվածում:
Տեղին է նշել, որ փաստացի ՀՀ կառավարությունը չի ղեկավարվել 1994թ. միջպետական համաձայնագրի թիվ 668 որոշման պահանջներով: Բացակայում են հետագայում օրենքով ավելացված Լենինգրադի բլոկադայի մասնակիցները եւ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները, որոնք, ըստ եզրակացության, համարվում են ՀՄՊ վետերաններ եւ ստանում են պատվովճար: Այս դեպքում, պետք է ուժը կորսված համարվի 1999թ. ապրիլի 19-ի ՀՀ կառավարության թիվ 236 որոշումը:
Անհասկանալի է նաեւ մի երեւույթ, երբ զինծառայողների հուղարկավորման համար նախատեսված է 15-ապատիկ թոշակ, ինչն այսօր տրվում է բոլորին՝ 200.000 ՀՀ դրամ: Նախագծի հեղինակները բացատրեցին, որ Աստծո առաջ բոլորը հավասար են: Իսկ երբ թանկացավ գազի սակագինը, առհասարակ՝ կյանքը, թոշակառուների թոշակն ավելացվեց 2500 ՀՀ դրամով, որը մինչ այժմ էլ պարզ չէ, թե ինչ հաշվարկներով արվեց: Այս ժամանակ մոռացան Աստծո առաջ հավասարության մասին: Գուցե կարծում էին, որ նրանք գազ չեն օգտագործում, այլ՝ հնադարյան նավթավառներ: Ժամանակն է հանգել համապատասխան եզրակացության՝ ՀՀ կառավարության թիվ 668 որոշման վերաբերյալ եւ վերջապես հանդես գալ իրավական դիրքորոշմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել