«Մենք արդեն դրախտում ենք». օդանավից իջնելուց հետո Ուրուգվայի «Անդրանիկ» երիտասարդական միության անդամների առաջին տպավորությունն է: Նրանք դժվարությամբ են խոսում հայերեն, քանի որ 4-րդ սերունդն է, հաղորդակցվելու համար 6-ամսյա դասընթաց են անցել՝ հայրենասիրական ու ազգագրական երգեր սովորելով ու հատուկ հայաստանաբնակ հայ երիտասարդների համար «Ուրախ ավան» վերանագրով ներկայացում բեմադրելով:
Պատմական հայրենիքին ծամոթանալու ձգտումն այնքան մեծ էր, որ 3 տարի պատրաստվել են. «Մերձավոր Արեւելքից հեշտ է, բայց օվկիանոսից այն կողմ դժվար է նաեւ նյութապես, աշխատել են, որ հավաքած գումարով հասնեն Հայաստան»,- ասում է ՀԲԸՄ սկաուտական ճամբարի ընդհանուր պատասխանատու Գեւորգ Սանթուրյանը:
Ավանդույթի համաձայն, համայն աշխարհի ՀԲԸՄ սկաուտները հուլիս-օգոստոս ամիսներին հանգրվանում են Վանաձոր քաղաքին կից Թեժ լեռ հովտում: Սկաուտական բանակումի սկիզբը դրել են 13-18 տարեկան 135 երիտասարդ. Թեհրանից՝ 65 եւ Ուրուգվայից՝ 46 ու Լիբանանի ու Երեւանի ներկայացուցչական խմբերը. «Հայ երիտասարդներն էլ որտեղ պետք է հանդիպեին, եթե ոչ Հայաստանում, 3-ով միասին արդեն կազմել ենք այդ եռասյունը, սա համախմբման յուրօրինակ քայլ է, շատ ոգեւորիչ է, երբ տեսնում ես երեխաների գոհ ժպիտներն ու հիացմունքը՝ բոլոր չարչարանքները մոռանում ես»,- ասում է Գ. Սանթուրյանը:
14 օրվա ընթացքում նրանք կշրջեն Հայաստանի պատմամշակութային վայրերով, կծանոթանան իրենց նախնիների ավանդույթներին. «Մեր մեծ հայրերից շատ ենք լսել Հայաստանի մասին, դրա համար հետքրքրությունը մեծ է, ուզում եմ տեսնել Արարատը, Ծիծեռնակաբերդը, Մատենադարանը, Էջմիածինը»,- ասում է հայերեն չխոսող Վիկտորյան: Թեժ լեռում կհանգրվանեն նաեւ Կալիֆոռնիայի, Բեյրութի եւ Սիրիայի սկաուտները: