Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԵՂՐԱՋՐԻՑ ԱՆՑԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ

Հուլիս 09,2011 00:00

\"\"Կենդանաբանական այգու կենդանիները նոր-նոր պիտի անձնագիր ունենան

Մեր Կենդանաբանական այգին Ամստերդամից երկու անասնաբույժ էր հրավիրել՝ կենդանիներին բուժօգնություն տրամադրելու համար: Պարզվում է՝ հյուրերը ապշել են, երբ իմացել են, որ մեր այգու որեւէ կենդանի անձնագիր կամ, այսպես ասած՝ անկետա չունի, որտեղ նշված կլինի, թե քանի տարեկան է, ինչ հիվանդություններ է ունեցել, ինչ պատվաստումներ է ստացել, երբ է ճիճվաթափ եղել եւ այլն: Որոշ կենդանիների մասին եղել են անձնագրի նման ինչ-որ թղթեր, որտեղ տեղեկությունները հնացած են եղել: Մեր այգին այդ առումով աշխարհի բացառիկ նմուշներից է, որտեղ ամեն ինչ զուտ անասնաբույժի հիշողության վրա է հիմնված: Եթե, Աստված չանի, անասնաբույժի հետ մի դեպք պատահի, փաստորեն՝ ոչ մեկը չի իմանա, թե որ կենդանին ինչ խնդիր ունի: Դեռ անհայտ է, այս տարիների ընթացքում այգու նախկին տնօրեն Սահակ Աբովյանը ինչ քայլեր է ձեռնարկել, մեղրաջուր, թե ինչ է տվել իր անասնաբույժին, որ հիշի 2000-ից ավելի կենդանիների ողջ պատմությունը, բայց այգու նոր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը որոշել է զուտ հիշողության վրա չհիմնվել ու, այնուամենայնիվ, կենդանիների համար անձնագիր հանել: Դա բավականին լուրջ տեխնիկական խնդիր է, որովհետեւ պետք է ամեն կենդանու նաեւ «չիպավորել», որ եթե անգամ նրան տանեն մեկ այլ կենդանաբանական այգի, մարդիկ իմանան, թե ինչի հետ գործ ունեն, ոչ թե զանգեն անասնաբույժին ու խնդրեն հիշել:
Բացի այդ, սխալներ կան անգամ կենդանիների ազատավանդակներին փակցված տեղեկություններում, մի տեղ սխալ է նշված կենդանատեսակը, մի տեղ սխալ թարգմանություն է արվել: Այդ ամենը հիմա ճշգրտվում է եւ բոլոր ցուցանակները նորացվելու են:
Այգու կենդանիների առողջության եւ բարեկեցության համար եւս մի նորամուծություն է արվել: Բանն այն է, որ նախկինում միշտ էլ կենդանիների վանդակներին փակցված է եղել մի թուղթ՝ «Կենդանիներին արգելվում է կերակրել», սակայն բոլորս էլ գիտենք, որ այցելուներն այդ ցուցանակին չեն նայում, կոնֆետ, բանան, ձողիկ ու արեւածաղիկ են նետում վանդակից ներս: Եթե նույնիսկ այդ այցելուի ձեռքը բռնում էին՝ նրանք արդարանում էին, որ կենդանին հյուծված տեսք ունի, կերակրում են, որ մի քիչ հալի գա: Մինչդեռ այգու մասնագետները զգուշացնում են, որ հատկապես թղթով կոնֆետը կամ փայտիկով պաղպաղակը կարող է իսկական պատուհաս դառնալ կենդանու համար, որն այդ ամենը կարող է կուլ տալ՝ թղթով ու փայտիկով հանդերձ: Նման «բարեգործության» պատճառով կենդանիներ են սատկում, ինչպես եղավ այգու արջերից մեկի հետ: Եվ հետո, եթե նույնիսկ մարդիկ հետեւեն կենդանու սննդակարգին ու որոշեն, ասենք, կապիկին իր շատ սիրելի բանանը հյուրասիրել՝ ոչ մի այցելու չգիտի, թե իրենից առաջ այդ կապիկն արդեն քանի նման հյուրասիրություն է ընդունել: Արդյունքում՝ եթե 30 այցելուի մտքով անցնի կապիկին բանան տալ, օրվա վերջում նա ստամոքսի հետ կապված լուրջ խնդիրներ կունենա: Հիմա որոշել են ոչ թե թղթի վրա արգելել, այլ 10 հազար դրամ պատժել այն այցելուին, ով կհամարձակվի ինքնագլուխ հյուրասիրություններ անել ու խախտել կենդանիների սննդակարգը, այդ ամենը կվերահսկվի տեսախցիկներով: Ի դեպ, մի հետաքրքիր բիզնես- մոտեցում նույնպես արվելու է՝ կենդանիների սննդի հետ կապված: Ասենք, մեր Գրանդ փղիկը ամեն օր ժամը 2-ին խնձոր է ուտում, ծրագրեր կան այդ խնձորը սիմվոլիկ գումարով աճուրդի հանել ու կենդանասերներին թույլ տալ կերակրել կենդանուն: Այգու տնօրինությունը հույս ունի, որ այդ միջոցով մարդիկ կկապվեն կենդանիներին ու կսիրեն նրանց:
Ինչպես հայտնի է, կենդանաբանական այգու ցանկացած այցելու կարող է 1 տարի ժամկետով դառնալ ավելի քան 200 կենդանատեսակների բրոնզե, արծաթե, ոսկե կամ պլատինե խնամակալ՝ վճարելով 20-100 հազար դրամ: Առայժմ պլատինե խնամակալների թիվը փոքր է, օրերս Անգլիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլն է դարձել պլատինե խնամակալ՝ կնոջը նվիրելով երկսապատավոր ուղտի ձագ եւ մողես՝ կանաչ իգուան: Մեր հարցին՝ եթե կենդանու հետ դժբախտ դեպք լինի եւ անկում ապրի՝ որեւէ փոխհատուցում լինելո՞ւ է խնամակալին՝ այգու լրատվականից պատասխանեցին, որ ոչ. «Նյութական վնասի փոխհատուցում նախատեսված չէ, կենդանին այգուն է պատկանում»: Ներկայումս աշխատանքներ են տարվում, որ խնամակալները կարողանան «online» հետեւել իրենց կենդանուն, տեսնել, թե ով մոտեցավ, կենդանուն ինչպես ու ինչ կերակրեցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել