Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մինչեւ պաշտոնավարելս՝ կայացած գործարար էի»

Հուլիս 09,2011 00:00

 Ասում է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող,  արդարադատության գնդապետ Միհրան Պողոսյանը

– ԴԱՀԿ մասին ՀՀ օրենքի համաձայն՝ հարկադիր կատարողը գործողությունները պետք է իրականացնի կատարողական թերթը ստանալուց հետո երկամսյա ժամկետում, բայց շատ դեպքերում տեսնում ենք, որ այդպես չէ, ի՞նչն է սովորաբար արգելում ժամանակին գործել: Պաշտոնյաների նկատմամբ կատարողական գործողություններ իրականացնելու հարցում ԴԱՀԿ-ն ավելի անզոր է դառնում: Կա՞ն օրենքում բացեր, որոնցից օգտվում են պաշտոնյաները:
– Անշուշտ, կատարողական գործողությունների իրականացման համար օրենքով սահմանվում է երկամսյա ժամկետ, սակայն այդ ժամկետի մեջ չի հաշվարկվում՝ եթե պարտապանի գույքը գտնվում է աճուրդային կամ գույքի ուղղակի վաճառքի գործընթացում, եթե պարտապանը կամ նրա գույքը գտնվում են հետախուզման մեջ, եթե օրենքով սահմանված կարգով կատարողական վարույթը կասեցվել կամ հետաձգվել է: Բացի այդ, օրենքով ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն իրավունք ունի բացառիկ դեպքերում երկարաձգել կատարողական վարույթների ժամկետները: Ինչ վերաբերում է պաշտոնյաների նկատմամբ կատարողական գործողություններ իրականացնելու վերաբերյալ Ձեր հարցին, նշեմ, որ ԴԱՀԿ ծառայությունը ստեղծվել է եւ գործում է ՀՀ օրենքին համապատասխան եւ, բնականաբար, ոչ մի պարագայում չի կարող անզոր գտնվել, քանի որ օրենքի առջեւ բոլորն են հավասար: Ավելին, 22.12.2010թ. ընդունված եւ 05.02.2011թ. ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն, պաշտոնատար անձի կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելը նախատեսում է քրեական պատասխանատվություն, ինչի համար նախկինում սահմանված էր վարչական պատասխանատվություն: Այդ պարագայում ԴԱՀԿ ծառայության գործառույթը նման փաստերը ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկելն է: Օրենսդրության կատարելագործման առումով դեռ անելիքներ կան՝ հատկապես օրենքի երկակի մեկնաբանությունների հետ կապված: Պետք է նշեմ, որ օրենսդրական փոփոխություններ իրականացնելն այսօր անխուսափելի է, այն շարունակական գործընթաց է եւ ժամանակի պահանջ:
– Քաղաքացիների շրջանում կան նաեւ դժգոհություններ, որ ԴԱՀԿ-ն առանց դատարանի վճռի ու կատարողական վարույթի էլ է գործում: («Գնորդին գաղտնի են պահել տանտիրոջից», 15.06.2011 «Առավոտ»):
– Միանշանակ՝ բացառվում է: Հարկադիր կատարողը գործում է զուտ իր իրավասությունների շրջանակում եւ օրենքով սահմանված կարգով: Ինչ վերաբերում է Ձեր կողմից նշված հրապարակմանը, ապա կարող եմ նշել, որ պահանջը բավարարվել է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.1 հոդվածի 8-րդ կետի համաձայն, ըստ որի՝ աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:
– Մարզային լրագրողները բողոքում են, որ մայրաքաղաքում գործող ԴԱՀԿ-ն մարզային գործընկերներին զրկել է ձայնի իրավունքից. տարածքային գրասենյակներն ինֆորմացիա չեն տրամադրում: Կա՞ նման հանձնարարական, որ տեղեկատվությունը մի աղբյուրից պետք է տրամադրվի:
– Քանի որ ԴԱՀԿ ծառայությունն իր մարզային ստորաբաժանումներով մեկ ամբողջական կառույց է, ուստի ԴԱՀԿ մամուլի քարտուղարը լիազորված է պատասխանել կառույցին վերաբերող բոլոր հարցադրումներին եւ տրամադրել պահանջվող տեղեկատվությունը, անկախ նրանից՝ դրանք վերաբերում են կենտրոնական, թե մարզային կառույցներին: Ի դեպ, աշխատանքի այս կարգը հնարավորություն է ընձեռում ծառայությանը, այդ թվում՝ մարզային ստորաբաժանումներին, փորձել աշխատել առավել ճկուն ու համակարգված:
– Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջերս մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի՝ ԴԱՀԿ օրվա առթիվ ՀՀ նախագահը նախապես որոշած գեներալի կոչումը Ձեզ չշնորհեց՝ հաշվի առնելով նախորդ տարեվերջին Ձեր շուրջ առաջացած աղմուկը:
– Կոչում շնորհելու հարցը ՀՀ նախագահի բացառիկ իրավասությունն է, եւ նա է որոշում՝ երբ եւ ինչ կարգով շնորհել այն:
– Ձեր անունը մի շարք բիզնեսների հետ են կապում, Դուք դրանք ձեռք եք բերել պետական պաշտոնը զբաղեցնելո՞ւ ժամանակ:
– Պաշտոնը ստանձնել եմ 2008 թվականին, դրանից շատ առաջ, թող անհամեստ չհնչի, արդեն կայացած գործարար էի: Այնպես որ՝ իմ բիզնեսները որեւէ առնչություն չունեն իմ զբաղեցրած պաշտոնի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել