Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ

Հուլիս 09,2011 00:00

Վստահ է գործարար Գառնիկ Սահակյանը

\"\"

Հայաստանում գործող մոտ 160 բուժհիմնարկներից շատ քչերն են համագործակցում փոքր կամ միջին դեղագործական ընկերությունների հետ: «Սզնի» դեղագործական ընկերության տնօրեն Գառնիկ Սահակյանը դժգոհում է, որ բոլոր բուժհիմնարկներն էլ նախապատվությունը տալիս են շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններին: Նրա խոսքով, կան դեպքեր, որ հիվանդանոցները 8 անգամ թանկ գնով ձեռք են բերում դեղորայք այլ խոշոր ընկերություններից, բայց «Սզնիի» առաջարկած ցածր գինը չեն ընդունում: Գործարարի խոսքով, այն օրվանից, երբ պետական գնումների գործակալությանը զրկեցին դեղ մատակարարողին ընտրելու ու մրցույթը կազմակերպելու կարգից, ոլորտում շունը տիրոջը սկսեց չճանաչել: Եթե նախկինում պետական գնումների գործակալությունը ընտրում էր դեղ մատակարարողին ու ներկայացնում գնորդին, թեեւ այն ժամանակ էլ ամեն ինչ կատարյալ չէր, հիմա միայն ընկերության որակավորումը տալիս ու քաշվում է մի կողմ: Գնորդը ինքը պետք է ընտրի՝ ումից ինչ վերցնի: «Հենց այստեղ էլ թաքնված է անարդարության ու կոռուպցիայի կծիկը: Ընտրում են միշտ խոշորներին, մենք էլ ստվերում ենք մնում»,- բացատրում է գործարարը: Պարոն Սահակյանին ավելի է զարմացնում կառավարության մեկ այլ որոշում, որի համաձայն՝ դեղագործական ընկերությունները պարտավորվել են դեղերի անհրաժեշտ քանակություն ապահովել բնակչությանը, եւ որ բոլորն անխտիր մասնակցեն մրցույթներին: Իսկ եթե չմասնակցեն կամ շահեն մրցույթն ու համարձակվեն չմատակարարել, ապա կտուգանվեն 1 միլիոն դրամով եւ երեք տարի ժամկետով կզրկվեն հետագա մրցույթներին մասնակցելու իրավունքից: «Պետությունը կոշտ միջոցներ է ձեռնարկել իբրեւ թե՝ հավասար մրցակցություն ու պայմաններ ապահովելու համար, բայց ո՞ւմ է պետք այդ որոշումը, որը չի գործում: Հանրապետությունում գործող 100-ից ավելի բուժհիմնարկներից ընդամենը 5-6 հիմնարկից եմ մրցույթին մասնակցելու հրավեր ստացել: Իսկ մնացածը չեն դիմում՝ ոչ թե այն պատճառով, որ դեղի պահանջարկը կամ որակավորումը չկա, այլ նրանք ումից ուզում՝ ինչ գնով ուզում, առնում են: Պետական գնումների գործընթացը Հայաստանի տնտեսության ամենակոռումպացված ոլորտն է դեղերի շուկայում, որը հովանավորվում է Հայաստանի կառավարության կողմից: Նրանք կամ այդ գումարներից փայատեր են, կամ էլ չեն կարողանում բյուջեի միջոցները ռացիոնալ օգտագործել ու վերահսկել: Այս դեպքում գուցե լքե՞ն կառավարությունը, հեռանա՞ն»,- հարցնում է գործարարը: Չնայած կառավարության՝ դեղերի շուկան կանոնակարգելու ջանքերին, գործարարը լուրջ տեղաշարժեր չի նկատում: Նրա խոսքով, դեղերի գները չկարգավորվեցին նույնիսկ օրենսդրական ճանապարհով: Պարոն Սահակյանն առաջարկում է. «Պետությունը պետք է վերահսկի, թե դեղը արտադրողից մատակարարողին ինչ ճանապարհով է հասնում՝ հաշվի առնելով դեղի գործարանային գինը, ճանապարհածախսն ու հավելագինը»: Մյուս կողմից էլ՝ նա կարծում է՝ քանի դեռ դեղերի շուկան Հայաստանում մոնոպոլիզացված է, ու չկա մրցակցություն, բարձր գների դեմն առնելը շատ դժվար կլինի. «Նաթալի Ֆարմ» դեղագործական ընկերության համար ոչ մի օրենք չի գործում, իրենց ուզած ժամանակ գին են թելադրում ու մեզ նման փոքր ընկերություններին էլ դաշտից աքսորում: «Նաթալի Ֆարմ»-ի դեմ խաղ չկա, այս դեպքում նաեւ մրցակցության մասին խոսելն ավելորդ է»:
Առողջապահության նախարարությունից էլ վստահեցնում են՝ հիմա, երբ պետական գնումների գործակալությունն այլեւս չի զբաղվում մրցույթների անցկացման գործով, դեղ մատակարարողների համար հնարավորությունների դաշտն ընդլայնվել է: «Բոլորի համար հավասար պայմաններ են ստեղծվել: Չկան բուժհիմնարկներ, որոնք նախապատվություն տան միայն մեկ դեղ մատակարարողի կամ էլ այնքան հիմար լինեն, որ 8 անգամ թանկ վճարեն՝ էժանը նախընտրելու փոխարեն»,- ասաց ԱՆ ֆինանսատնտեսական վարչության պետ Արմեն Կարապետյանը: Նրա խոսքով, հիմա պետական գնումների գործակալությունը «ատամները սրած» նստել է, որ ցանկացած բողոքի դեպքում գործի անցնի. «Այն ընկերությունները, որոնք դժգոհում են մրցույթների անցկացման ձեւից կամ գտնում են, որ իրենք ունեն տվյալ չափաքանակով դեղորայք, բայց իրենց հետ բուժհիմնարկները չեն համագործակցում, թող առանց վարանելու բողոքարկեն պետական գնումների գործակալությունում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել