Հուլիսի 1-ից մեկնարկել է Դիլիջանում միջազգային դպրոց հիմնելու ծրագիրը: Ինչպես, tert.am-ի մատուցմամբ, լրագրողներին երեկ տեղեկացրեց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, հուլիսի 1-ից ծրագրի հիմնական հեղինակ Ռուբեն Վարդանյանին տրվել է շինթույլտվություն՝ դպրոցի շինարարական աշխատանքները սկսելու համար:
«Ասեմ, որ միջազգային դպրոցի հետ կապված, ամսի 1-ին արդեն տրվել է շինթույլտվություն, եւ ծրագիրը մեկնարկեց հուլիսի 1-ին: Ծրագրի հիմնական հեղինակը Ռուբեն Վարդանյանն է: Հիմա ծրագիրը մեկնարկել է եւ 2013-2014 թվականին կունենա իր ավարտը: Դպրոցը նախատեսվում է 550 աշակերտի համար եւ շատ նման է Թաիլանդի թագավորական դպրոցին: Դիլիջան քաղաքում կառուցվում է միջազգային դպրոց: Կարելի է ասել՝ քաղաքի մեջ փոքրիկ քաղաք է կառուցվում»,– հայտնել է Արմեն Սանթրոսյանը:
Նման դպրոցի բարձր գներ ունենալու եւ հասարակության ոչ բոլոր հատվածների համար մատչելի լինելու հանգամանքին Դիլիջանի քաղաքապետը խորհուրդ տվեց նայել այլ տեսանկյունից:
«Ես չգիտեմ, թե մեր երկրից քանի հոգի է սովորում արտասահմանյան նման դպրոցներում եւ այդ գումարները տանում է այդ երկիր: Իսկ ինչո՞ւ չենք նայում, որ այդ մարդիկ արդեն չեն գնա այլ երկրներում սովորելու, եւ այդ գումարները կմնան Հայաստանում, եւ լրացուցիչ դրսից, եթե երեխա գա այլ երկրներից, նրանք էլ գումարներ կբերեն հանրապետություն: Այսպես թե այնպես, եթե մարդը հնարավորություն ունի, իր երեխային ուղարկում է արտերկիր՝ սովորելու, եւ այդ գումարներն այնտեղ է վճարում: Ավելի լավ չէ՞, որ վճարի Հայաստանի Հանրապետությունում»,– ասաց Դիլիջանի քաղաքապետը: