Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չփոխել ԵԱՀԿ տերմինաբանությունը»

Հուլիս 09,2011 00:00

Ըստ Արամ Սաֆարյանի, ԵԱՀԿ ԽՎ-ում մեր պատգամավորները հաղթել են

ԵԱՀԿ ԽՎ հոբելյանական 20-րդ նստաշրջանում (ընթանում է Բելգրադում) հայ պատգամավորները բավականին ակտիվ են եղել: Այս մասին երեկ հեռախոսազրույցում «Առավոտին» հարկ համարեց տեղեկացնել խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը: Պատվիրակության անդամ, ՕԵԿ-ը ներկայացնող Խաչիկ Հարությունյանը ԵԱՀԿ ԽՎ-ում հանդես էր եկել «Նյութական նշանակության հողերի օգտագործումը որպես պայքարի միջոց, թերսնման, սովի եւ անկառավարելի վիճակների դեմ» թեմայով բանաձեւով, որը ԵԱՀԿ ԽՎ երկրորդ կոմիտեի երեկվա նիստում ընդունվել է միաձայն: Բանաձեւը եվրոպացի պատգամավորների կողմից որակվել է որպես շատ կարեւոր թեմա, եւ որոշում է կայացվել, որ այս թեման ընդգրկվի Խորհրդարանական վեհաժողովի երկրորդ կոմիտեի օրակարգում որպես հիմնական թեմա: Հետաքրքիր է, որ այս բանաձեւի մասին դրական են խոսել նաեւ ադրբեջանցի պատգամավորները:
Պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանի ներկայացմամբ, ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում երեկ հայ պատգամավորներին հաջողվել է չեզոքացնել մի շատ կարեւոր վտանգ. «Վեհաժողովի առաջին կոմիտեում երկու օր շարունակ քննարկվում էր «ԵԱՀԿ նոր զարգացումները Աստանայի գագաթաժողովից հետո եւ գլխավոր անելիքները» թեմայով քաղաքական զեկույցը, որի հեղինակն էր Խորվաթիայի նախկին արտգործնախարար, սոցիալիստ Տոնինո Միրկուլան: Այս զեկույցի կապակցությամբ ներկայացվել էին 43 լրացումներ եւ առաջարկներ, որոնց զգալի մասի հեղինակները մենք էինք, ՌԴ-ի, Բելառուսի եւ Հունաստանի մեր գործընկերները: Այս լրացումներում, թիվ 17-ի տակ ներառված էր երեք ադրբեջանցի, երկու թուրք պատգամավորների եւ Լիխտեյնշտեյնից պատգամավոր պարոն Լամպերի առաջարկը, ըստ որի՝ առաջարկվում էր «ԼՂ հակամարտություն» եզրույթի փոխարեն այսուհետ օգտագործել՝ «Ադրբեջանական Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածքի եւ նրա շուրջ կատարվող հակամարտություն» արտահայտությունը: Այս կապակցությամբ մեր պատվիրակության բոլոր անդամները վերջին երեք օրերի ընթացքում զգալի աշխատանք են տարել բոլոր երկրների պատվիրակությունների հետ՝ բացատրելով այս եզրույթի փոփոխման անհնարինությունը եւ ներկայացնելով մեր փաստարկները: Այսօր (երեկ- Մ. Ե.) տեղի ունեցան բուռն քննարկումներ, որոնց ժամանակ ես, որպես պատվիրակության ղեկավար, հանդես եկա հայտարարությամբ, որում բացատրեցի, որ անհնարին է կատարել նման փոփոխություն, քանի որ «այն հակասում է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի ոգուն, տերմինաբանությանը եւ պայմանավորվածություններին»: Իսկ իմ այս հայտարարությունից հետո զեկուցողն ասաց, որ լսելով բոլոր կողմերի ներկայացրած փաստարկները՝ ինքը եկավ այն եզրակացության, որ չի կարելի փոխել ԵԱՀԿ լեզուն, ուստի առաջարկվող փոփոխությունն անընդունելի է»։ Պատվիրակությունների ճնշող մեծամասնությունը՝ 37 երկիր, կողմ է եղել ԼՂ հակամարտության եզրույթին, եւ միայն չորս երկիր է քվեարկել (այդ թվում եւ Ադրբեջանը) Ադրբեջանի պաշտպանած փոփոխության օգտին:

Հ. Գ. Ավելի ուշ ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը տեղեկացրեց, որ դեսպան Աշոտ Հովակիմյանի բացատրական աշխատանքից հետո Լիխտեյնշտեյնի պատգամավոր պարոն Լամպերը ետ է վերցրել իր ստորագրությունը, եւ արդյունքում ադրբեջանցիները թուրքերի հետ միայնակ են մնացել իրենց տապալված նախաձեռնության հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել