Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԱՆԿԱԽ ՉԴԱՐՁՐԵՑ

Հուլիս 09,2011 00:00

\"\"Ասում է ՀԿԳ նախկին քննիչ, դատախազ Հակոբ Բաբայանը

Հինգշաբթի օրը Վճռաբեկ դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիայի էին դուրս եկել փաստաբանները, որոնց պահանջը մեկն էր եւ ուղղված էր Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին՝ գործել օրենքի տառին համապատասխան: Իսկ ակցիայի պատճառը 1 շաբաթ առաջ Արդարադատության խորհրդի, որի նախագահը Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն է, կայացրած որոշումն էր, որով նա դիմել է ՀՀ նախագահին՝ դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ: Միջնորդության պատճառն էլ այն էր, որ այս դատավորը կալանավորելու փոխարեն դատարանի դահլիճից գրավի դիմաց ազատ էր արձակել մի քաղաքացու, որը, ինչպես հետագայում էր պարզվել՝ ընդհանրապես կապ չի ունեցել տվյալ հանցագործության հետ: Բայց դատավորի կայացրած ինքնուրույն վճիռը, որի դեմ բողոքում էր նաեւ դատախազությունը, անհետեւանք չէր մնացել. Վճռաբեկ դատարանի ղեկավարությունը Արդարադատության խորհրդի միջոցով պաշտոնանկ է անում դատավոր Մնացականյանին, որպեսզի դա դաս լինի «ինքնուրույնություն խաղացող» այլ դատավորների համար:
Այս եւ դատական համակարգի  այլ հարցերի շուրջ «Առավոտը» զրուցեց նախկինում ՀԿԳ քննիչ, հետո՝ դատախազ, իսկ այսօր՝ «Հատուկ կարեւորագույն գործերով փաստաբաններ» փաստաբանական գրասենյակի ղեկավար Հակոբ Բաբայանի հետ: Մեր զրույցը նա անեկդոտով սկսեց. «Մի դատավոր գնում է դատարանի նախագահի մոտ ու ասում, թե անելանելի վիճակի մեջ է. ամբաստանյալն իրեն իքս գումար է տվել, որ դատավճիռն իր օգտին կայացվի, տուժողն էլ իքս+5 գումար է տվել, որ դատավճիռն ի՛ր օգտին լինի: Դատավորը խորհուրդ է հարցնում՝ հիմա ո՞ւմ օգտին վճիռ կայացնի: Դատարանի նախագահը դատավորին խորհուրդ է տալիս՝ էն տուժողի տված գումարի ավել մասը վերադարձրու իրեն եւ օբյեկտիվ դատավճիռ արձակիր»: Մեր դատական համակարգին շատ բնորոշ այս անեկդոտից հետո Հ. Բաբայանն անցավ քննարկվող հարցին ու արձանագրեց. «Բավականին երկար ժամանակ ամբողջ իրավապահ համակարգում կոռուպցիայի դրսեւորումներն այնքան շատ էին ու բացահայտ, որ դրանց դեմ պայքարելու հասարակական պահանջ առաջացավ, եւ երկրի ղեկավարությունն էլ դրան ընդառաջ գնալով՝ ձեռնարկեց աննախադեպ քայլեր։ Նպատակն, անշուշտ, բարի էր, եւ իրավապահ մի շարք ոլորտներում այն դրական արդյունքների հանգեցրեց, սակայն դա ունեցավ իր օժանդակ վատ հետեւանքները դատական համակարգի վրա։ Դատական համակարգը թեեւ զգալիորեն ազատվեց կոռուպցիոն դրսեւորումներից, սակայն հայտնվեց օտար աչքերի համար անտեսանելի խիստ կախյալ վիճակում, որը հղի է դատական եւ իրավապահ համակարգը կրախի առաջ կանգնեցնելու վտանգով։
Իրավական պետության մեջ, ինչպիսին մերն է հռչակվել, դատարանն անկախ է ոչ միայն մեղադրանքի կողմից, քննչական ապարատից, իշխանության մարմիններից, այլեւ վերադաս դատարաններից։ Մեր երկրում քանի որ ամեն ինչ խիստ բեւեռացված է, եւ իշխանության կողմում հանդես եկողները, տվյալ դեպքում՝ երկրի նախագահի ապարատը, փորձում է ցույց տալ առավել փութաջանություն եւ խիստ է արձագանքում կաշառքի վերաբերյալ ստացված ահազանգերին, դա դատարանի հետ այս կամ այն կերպ առնչվող իրավապահ մարմիններին հնարավորություն է տալիս բառիս բուն իմաստով շանտաժի ենթարկել դատարանին, եւ եթե նախաքննության անչափ ցածր որակի պայմաններում անգամ դատարանը փորձում է պահպանել օրենքի պահանջը եւ կայացնել հօգուտ ամբաստանյալի արդարացի դատավճիռ, դա բոլորովին դուր չի գալիս մինչդատական վարույթը եւ օպերատիվ-հետախուզական աշխատանքներն իրականացրած մարմիններին, քանի որ դատարանը դրանով իսկ բացահայտում է այդ աշխատանքներում տեղ գտած թերություններն ու բացթողումները, վերջիններս էլ իրենց հերթին փորձում են ամեն կերպ կանխել իրենց համար ոչ բարենպաստ դատական ակտի կայացումը՝ մեթոդների ընտրության առաջ կանգ չառնելով: Այստեղ պայքարի ամենաարդյունավետ միջոցը դառնում է վերադաս ատյաններում դատարանին «շահագրգռվածության մեջ» մեղադրելը։ Դա կայծակի ու ամպրոպի էֆեկտ է առաջացնում, քանի որ «վերադասները» գտնում են, որ ստացված օպերատիվ տեղեկատվությունն ավելի արժանահավատ է, քանի որ մարդիկ այդպիսի պայմաններում ավելի են հակված ճշմարտությունն ասել, քան պաշտոնական հարցաքննությունների ժամանակ։ Դատարանը հայտնվում է այնպիսի վիճակում, որ պատրաստ է ցանկացած դատական ակտ կայացնել՝ միայն թե ազատվի գլխին կախված «դամոկլյան սրից»։ Եվ մենք ունենում ենք չարդարացված խիստ պատիժներ եւ ազատազրկման աննախադեպ բարձր տոկոս՝ անգամ առանձնակի հասարակական վտանգավորություններ չներկայացնող հանցագործությունների դեպքում։ Եվ եթե երբեմն, խիստ հազվադեպ հանդիպում են արդարացման դատավճիռներ, դա ոչ թե դատարանի անկախության արդյունքում է կայացվում, այլ դրան նախորդում են բազմաթիվ «համաձայնեցումներ» վերադաս մարմինների հետ, երբ մինչդատական վարույթն իրականացրած մարմնի թերություններն ու բացթողումներն անուղղելի են, ձեռք բերված ապացույցները՝ անթույլատրելի, եւ ստացվել է նման դատավճիռ կայացնելու «թույլտվություն»։
Նա անգամ օրինակ բերեց՝ ասելով, թե հիմա մեր դատավորներն այնքան են սովորել իրենց վիճակին, որ երբ մի փոքր չափաբաժնով հնարավորություն է տրվում ինքնուրույն որոշումներ կայացնելու՝ նրանք խառնվում են իրար, չգիտեն ինչ անել. «Ստեղծված վիճակը դատարաններին ստիպում է ամեն ինչ համաձայնեցնել վերադաս դատական ատյանների հետ։ Այդպես եղավ, օրինակ, ՀՀ քրդատ. օր.-ի 35 հոդվածի 13-րդ կետում վերջերս կայացված օրենսդրական փոփոխության կապակցությամբ։ Թվում է, թե ակնհայտ է, որ ամբաստանյալի վիճակը վատթարացնող օրինադրությունը հետադարձ ուժ չունի, սակայն որոշ դատարաններ խուսափեցին դատական ակտեր կայացնել, հետաձգեցին դրանք, քանի որ վերադասից ցուցումներ չունեին, սպասեցին՝ մինչեւ «վերադաս ատյանները» համապատասխան ցուցում տվեցին։ Մյուս կողմից էլ՝ դատավորներն իրենց այդպես ավելի պաշտպանված են զգում՝ արդարանալով, թե՝ ասել են՝ արել ենք»:
Հ. Բաբայանը կասկած հայտնեց, թե արդյոք դատարանին նման կախյալ վիճակի մեջ գցելն ավելի՞ նախընտրելի է նախկին վիճակից։ Ըստ նրա, իրավական պետության կայացման երաշխիքներից ամենակարեւորներից մեկը անկախ ու անաչառ դատարանն է, որը ներկայումս շատ հեռու է իրականություն լինելուց. «Դժվար թե մասնագետներից որեւէ մեկը հերքի, որ քննչական ապարատը խիստ կաղում է, եւ դատարան ուղարկված գործերի զգալի մասը կարելի է նույնիսկ առանց դատաքննության կարճել։ Դատարանի կախյալ վիճակը բոլորովին չի նպաստում քննչական ապարատի պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը, որովհետեւ այստեղ համոզված են, որ դատարանը «ճնշումների» արդյունքում մեղադրական դատավճիռ կկայացնի»։ Նախկին քննիչի ու դատախազի համոզմամբ՝ «եթե այս վիճակը երկար շարունակվի, ապա կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում ձեռք բերված որոշ հաջողությունը ի չիք կդառնա, եւ դրա վնասները կգերազանցեն արձանագրված դրականին»։ Նա միակ ելքը համարեց դատարանի իրական անկախության ու անաչառության փաստացի ապահովումը, որը դրական ազդեցություն կունենա թե՛ քննության արդյունավետության, թե՛ մեղադրանքի պաշտպանության որակի բարձրացման, թե՛ իրավական պետության կայացման եւ թե՛ իրավապահ մարմինների նկատմամբ ժողովրդի կորցրած վստահության վերականգնման համար։
Կոռուպցիայի դեմ պայքարը, իհարկե, շատ լավ է, բայց գործող պետական համակարգը հենված է որոշակի սյուների վրա, որոնցից մեկն էլ արդարադատության կախյալ համակարգն է: Եթե իշխանությունը դատարաններին, դատախազությանն ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք տա՝ այլեւս կկորցնի մի շատ կարեւոր հենասյուն իր համար: Բայց արդյոք այդ ցանկությունն ու կամքը կա՞, որովհետեւ դրա առկայության դեպքում դատախազներն ու դատավորները, քննչական մարմինները չեն կարողանա դա անել: «Այդ կամքի արտահայտությունը կերեւա դատարանների հետագա գործունեության, դատական ակտերի կայացման համատեքստում»,- հայտարարեց Հակոբ Բաբայանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել