Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԽԱԽՏՎՈՒՄ Է ՀԱՅԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հուլիս 09,2011 00:00

Երեկ հաղորդագրություն է տարածել Վրաստանի հայ համայնքի (ՎՀՀ) մամուլի ծառայությունը, որտեղ ահազանգ կա այն մասին, թե Թբիլիսիի թիվ 103 հանրային դպրոցում խախտվում է ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիների հայերեն կրթություն ստանալու իրավունքը: Կազմակերպությունը համոզվել է դրանում եւ ծրագրել դիմել տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ հայալեզու քաղաքացիների մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը հարգելու եւ պաշտպանելու կոչով: Թբիլիսիի թիվ 103 հանրային դպրոցի 3-րդ դասարանցիների ծնողները նաեւ «բաց նամակով» դիմել են Վրաստանի ԿԳ նախարար Դ. Շաշկինին: «2010 թվականից մեր երեխաները, ովքեր սովորում էին Թբիլիսիի թիվ 110 դպրոցի հայալեզու եւ ռուսալեզու բաժիններում, դրանց փակման պատճառով իրենց ուսումը շարունակեցին թիվ 103 դպրոցում:
Չնայած այս դպրոցում հայալեզու բաժնի առկայությանը, մեր երեխաներին չտրվեց մայրենի լեզվով ուսումը շարունակելու հնարավորությունը, եւ մեր երեխաներին տեղավորեցին մեզ համար օտար՝ ռուսալեզու բաժին, ինչով խախտվեցին մեր սահմանադրական իրավունքներն ու ազատությունները:
2011 թվականի հուլիսի 1-ին թիվ 103 դպրոցի տնօրեն Նանա Շենգելիձեի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ծնողական ժողով, որի ժամանակ 3-րդ դասարանցիների ծնողներիս հայտարարվեց, որ գալիք ուսումնական տարվանից կդադարեցվի ռուսական բաժնի գոյությունը: Այս հանգամանքը մեզ հույս ներշնչեց, որ, ելնելով Վրաստանի սահմանադրությունից եւ միջազգային իրավունքի նորմերից, մեր երեխաներին հնարավորություն կտրվի միջնակարգ կրթությունը ստանալ մայրենի՝ հայոց լեզվով: Բայց, ցավոք, նույն ժողովի ժամանակ դպրոցի տնօրենը, առանց որեւէ բացատրության՝ խախտելով Վրաստանի բարձրագույն օրենքը, ազգային փոքրամասնությունների իրավունքներն ու ազատությունները կարգավորող միջազգային նորմերը, հայտարարեց, որ հայալեզու 3-րդ դասարանը չի բացվի… Հավաքի ընթացքում մենք ենթարկվեցինք հոգեբանական ճնշման՝ այն նպատակով, որ մեր երեխաներին տանենք վրացալեզու բաժին»,- ասված է ծնողների՝ նախարարին ուղղված նամակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել