Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Հուլիս 09,2011 00:00

«Առավոտի» հուլիսի 7-ի համարում տեղեկացրել էինք, որ ուկրաինական «Image.ua» միջազգային բիզնես ամսագիրը՝ Ուկրաինայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ, օրերս լույս է ընծայել հատուկ համար, որն ամբողջությամբ նվիրված է Հայաստանին եւ ԼՂՀ-ին: Ամսագրի շապիկին իսկ կա ԼՂՀ քարտեզը՝ ներկված իր դրոշի գույնով: Համարում առանձին անդրադարձ կա նաեւ Հայոց ցեղասպանությանը: Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը երեկ մեզ հայտնեց. «Հուլիսի 8-ին ստացել ենք Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանության նոտան. այն Ուկրաինայի ԱԳՆ միջոցով ուղարկվել է Հայաստանի դեսպանություն: Ադրբեջանցիները խիստ մտահոգություն են հայտնել «Image.ua» ամսագրի այդ թողարկման կապակցությամբ եւ խնդրել, որ դրա ողջ տպաքանակը հավաքվի եւ ոչնչացվի: Սակայն նրանց պատասխանել են, որ դիմեն Հայաստանի դեսպանությանն ու ամսագրի խմբագրությանը: Վերջինիս դիմել են, ու նրանք էլ պատասխանել են, որ ամսագրի տպաքանակի մեծ մասն արդեն բաժանվել է ըստ համապատասխան հասցեների, իսկ մնացածը գտնվում է ՀՀ դեսպանությունում՝ դիմեք դեսպանին: Թուրքիայի դեսպանությունից էլ զանգահարել են «Image.ua»-ի խմբագրություն ու խնդրել տրամադրել ամսագիրը: Ի պատասխան՝ դարձյալ առաջարկել են դիմել Ուկրաինայում ՀՀ դեսպանություն»:
Անդրանիկ Մանուկյանն այս ամենի կապակցությամբ ասաց. «Որպես Հայաստանի դեսպան՝ անհանգստանալու որեւէ խնդիր չունեմ: Սա Ուկրաինայում ադրբեջանցիների մի քանի տարի շարունակ Հայաստանի դեմ իրականացրած քարոզչական հարձակումների պատասխանն է: Այս թողարկման մեջ կարճ ու համառոտ շարադրվել են պատմական այն փաստերը, որոնք հանրահայտ իրողություններ են: Ադրբեջանցիները որքան ցանկանում են՝ թող բողոքեն: Միշտ պատրաստ եմ նրանց պատասխանը տալու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել