Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» սկսում է հանդիպումներ մարզերում

Հուլիս 09,2011 00:00

Սակայն ըստ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ սա դեռ իրենց նախընտրական արշավի սկիզբը չէ

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ Ազատության հրապարակում հերթական հանդիպումն անցկացրեց քաղաքացիների հետ եւ պատասխանեց նաեւ լրագրողների հարցադրումներին: Ներկայացնում ենք «Առավոտի» հարցերին նրա պատասխանները:
– Վերջին շրջանում որոշ սոցիոլոգներ եւ քաղաքագետներ կանխատեսումներ են անում առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ժառանգության» պարտության մասին, թե այլեւս տեղ չեք գտնելու ԱԺ-ում: Որքանո՞վ եք արժանահավատ համարում այդ վերլուծությունները:
– Ես հարգում եմ բոլոր վերլուծությունները: Հիշում եմ, թե 2007 թվականից առաջ էլ էին ինչ ասում:
Փորձելով բոլոր դեպքերում մնալ քաղաքացիական պարկեշտության սահմաններում՝ կարող եմ ասել, որ եթե «Ժառանգությունը» որոշի մասնակցել խորհրդարանական ընտրություններին՝կհասնի հաղթական արդյունքի, եւ ոչ միայն կապահովի իր ներկայությունը, այլ նաեւ կկրկնապատկի: Բայց այդ կրկնապատկումը, ինչպես ասել եմ նախօրոք, ինքնին կյանքի նպատակ չէ: Մենք պետք է էապես փոխենք մեր քաղաքական համակարգը, եւ դրա համար նոր բովանդակություն ու նաեւ նոր եղանակներ են պետք՝ ժողովրդին վերադարձնելու ոչ միայն իր իշխանությունը, այլեւ քաղաքական հաղթանակը:
– Տարածված հաղորդագրության համաձայն՝ Դուք եւ «Ժառանգություն» խմբակցության մի քանի պատգամավորներ հուլիսի 7-ին Աշտարակում հանդիպել եք Արագածոտնի մարզի բնակիչներին: Այսպիսով արդեն սկսե՞լ եք նախընտրական հանդիպումները:
– Ոչ: Երբ արդեն սկսվի ընտրարշավը, եւ «Ժառանգությունը» որոշի մասնակցության եղանակն ու բովանդակությունը՝ կլինեն արդեն նախընտրական այցելություններ:
Այս այցելություններն իմ հանդիպումներն են քաղաքացիների հետ, որոնք կշարունակվեն ամբողջ ամառվա ընթացքում: Եվ այնտեղ քննարկվում են ոչ անպայման նախընտրական խնդիրներ, այլ այն հարցերը, որոնք հուզում են մեր համաքաղաքացիներին: Ինչպես առիթ ունեցա ասել Աշտարակում՝ յուրաքանչյուր հայ մարդ առանձին-առանձին բարձրաձայնում է միեւնույն խնդիրները՝ սոցիալական, տնտեսական, արդարություն, աշխատանք, դատական անկախ համակարգ եւ ընդհանրապես ժողովրդավարական ու քաղաքացիական հասարակության հաղթանակն առաջիկայում, ինչու չէ՝ նաեւ արժանապատիվ արտաքին քաղաքականություն: Այս հարցերը միավորում են բոլորին, բայց առանձին-առանձին ենք բարձրաձայնում, ճչում դրանց մասին: Եվ անհրաժեշտ է, որ այդ պահը գա՝ ժամանակի եւ տարածքի մեջ, որ այդ տարբեր ճիչերն արդարության ու նաեւ իրավունքի պահանջները գան հրապարակ, ու կարողանանք արդյունավորել այն, ինչ տարիների ընթացքում առանձին-առանձին ասվում է մեր երկրում:
– Շուրջ 2 շաբաթ առաջ Ազատության հրապարակում հայտարարել էիք, թե առաջիկայում կայացվելու է քաղաքացիական առաջին որոշումը: Խնդրեմ մանրամասնեք, թե ինչ որոշման մասին է խոսքը:
– Մենք որոշել ենք, որ այս հանդիպումները տանելու ենք դեպի շրջաններ, եւ այս ամառը նաեւ դրանով ենք զբաղված լինելու: Կարծում եմ, թե մի քանի ամիս անց (չգիտեմ կոնկրետ ժամկետը) կլինեն արդեն բովանդակության ու ձեւաչափի մասին քաղաքացիական նոր մոտեցումների վերաբերյալ հայտարարություններ, որոնք ենթակա կլինեն ժողովրդի հաստատմանը:

Հ. Գ. Հանդիպման ավարտին հավաքվածներին առաջարկվեց որոշել՝ արդյոք շարունակե՞լ ամենշաբաթյա այս հանդիպումները, թե՞ ընդմիջում տալ: Տեսակետները կիսվեցին, եւ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Մենք ձեզ տեղյակ կպահենք հաջորդ հանդիպման մասին: Այս ամառվա ընթացքում անպայման նորից կհանդիպենք, եւ ես հույս ունեմ, որ այդ հանդիպումը կլինի հերթական ու ոչ թե արտահերթ՝ նոր վտանգ քննարկելու հրամայականով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել